Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր» խմբավորման անդամները պնդում են, որ երեկ գնդի հարակից տարածքում տեղի ունեցած 30-ամյա ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության հետ կապ չունեն։ Ոստիկանությունը երեկ տարածած հաղորդագրությամբ պնդում էր, որ կրակոցը ՊՊԾ գնդի տարածքից է արձակվել։

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը իր հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ վայրը, որտեղ սպանվել է ոստիկանը, իրենց համար տեսանելի չէ։

«Ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից: Չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ», - պատգամավորին փոխանցել է Ավետիսյանը։

«Սասնա ծռերի» ներկայացուցչի այս հայտարարությունից հետո Ոստիկանությունը հաղորդագրություն է հրապարակել, պնդելով, որ տվյալ տարածքի, իրավիճակի, գնդակի հետագծի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն արձակվել է ՊՊԾ գնդի տարածքից։

Ոստիկանությունը նաև լուսանկարներ է հրապարակել, որոնք, իրավապահների պնդմամբ, ցույց են տալիս ոստիկանի սպանության վայրը, արձակված գնդակի հետագիծը, դիպուկահարի թաքստոցը, նաև դիպուկահարի նկարը։

Ժամեր առաջ էլ պարզ դարձավ, որ գնդի տարածքում գտնվող շտապօգնության երկու բուժաշխատողները՝ Նորայր Թևանյանը և Մալինա Մարգարյանը գիշերը ժամը 2-ին դուրս են եկել գնդի տարածքից: Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ՊՊԾ գնդի տարածքում այլևս բժիշկ չկա:

Ոստիկանության տարածած տեսանյութում բժիշկ Նորայր Թևանյանը պատմում է, թե ոնց է հաջողվել դուրս գալ ՊՊԾ գնդից։

Մալինա Մարգարյանն էլ հաստատում է, որ եթե իրենց փոխարինող անձնակազմ գար, ապա զինյալները խոստացել էին իրենց բաց թողնել․ - «Իրենք անընդհատ շեշտում էին, որ մինչև աչքներովս չտեսնենք, որ փոխարինողը մտել է ներս, ձեզ դուրս չենք թողնի»:

XS
SM
MD
LG