Մատչելիության հղումներ

Կալանավորվել է «Վանոյի Արտակ» մականունով Արտակ Գալստյանը


Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել անցած շաբաթ ձերբակալված՝ «Վանոյի Արտակ» մականունով հայտնի Արտակ Գալստյանին, և նրա նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն, Գալստյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ «առանձնապես խոշոր չափերով շորթում», և 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «հանցակցություն առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն»:

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, հիշեցնում է ՀՔԾ-ն, որ «analitik.am» լրատվական կայքի աշխատակիցները կայքում պարբերաբար ՀՀ ԱԺ պատգամավորի անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև վերջինիս գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ են ունեցել նրա հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու և հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել են յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազար ՀՀ դրամ»: «Հիշեցնենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին և աշխատակից Վարդիթեր Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Վերադաս դատարանի որոշմամբ՝ Վարդիթեր Գ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով», - ասված է հաղորդագրությունում:

«Հատուկ քննչական ծառայությունում քննվող նույն քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2015թ. աշնանը Ա. Գալստյանը «analitik.am» կայքի տնօրեն Անի Հ.-ի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, մեկ այլ քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում է կատարել: Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ա. Գալստյանը դրդել է Անի Հ.-ի ազգականին, իր միջոցով, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ պաշտոնատար անձին` Անի Հ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու համար», - նշված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG