Մատչելիության հղումներ

Կալանավորվել են «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրենն ու աշխատակիցը


ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին և աշխատակից Վարդիթեր Գ.-ին՝ ՀՀ ԱԺ պատգամավորից շորթում կատարելու համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, նախաքննությամբ պարզվել է, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար ՀՀ ԱԺ պատգամավորի անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև վերջինիս գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել նրա հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու և հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին և Վարդիթեր Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը», - ասված է հաղորդագրությունում:

Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված շորթման» համար սահմանված է երեքից յոթ տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG