Մատչելիության հղումներ

Ձկնաբաններն ահազանգում են․ Սևանի սիգի վերականգնումը վտանգված է


Ձկնաբաններն անհանգստացած են՝ Սևանի սիգի վերականգնումը կրկին վտանգված է։ Վերջին երկու-երեք տարում էնդեմիկ ձկան պաշարները 8 տոննայից հասել էին 400-450 տոննայի, սակայն հիմա որսագողերի թեթև ձեռքով վաճառքի համար արգելված ձուկը հայտնվում է վաճառասեղանին։

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի խոսքով՝ սիգի որսը թույլատրելու համար լճում գոնե 1000 տոննա այդ տեսակի ձուկ է պետք ապահովել, մինչդեռ, շարունակվող որսի պայմաններում դա քիչ հավանական է: Մասնագետը շեշտում է՝ ամեն տարի բնապահպանության նախարարությունն արգելում է սիգի որսը, սակայն այս տարի ևս վաճառքի դեպքեր արձանագրվել են։

«Ինչ որ այսօր տեսնում եք՝ դա ոչ թույլատրելի որս է, այսինքն՝ արգելքի ժամանակ որս են անում, որովհետև գիտեն, որ Բնապահպանության նախարարությունը սիգի որսի թույլատրություն ամբողջ տարվա ընթացքում չի տալիս», - նշում է Գաբրիելյանը, - «Ցավոք սրտի, վերջին այս ձմեռները մենք տեսնում ենք, որ ձվադրման ժամանակ, ինչը անթույլատրելի է, շարունակվում է որսը և սիգի մայրական կազմը իր ձկնկիթով որսվում է, ինչը, եթե այդպես շարունակվի՝ մենք կվերադառնանք նույն՝ մի քանի տարի առաջվա խզված պաշարներին»:

Երևանի տարբեր շուկաներում ձուկ վաճառողները տեսախցիկի առաջ հայտարարում են՝ սիգ չունենք, արգելված է օրենքով, սակայն առանց տեսախցիկի խոստովանում են՝ եթե ոչ իրենք, ապա այլ վաճառողներ կան՝ բերում են, արագ վաճառում ու հեռանում։

Բարդուխ Գաբրիելյանը կարծում է՝ ձկնագողերի դեմ տուգանքներով պայքարելն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար․ - «Համալիր լուծում պիտի գտնի այս հարցը: Ոչ միայն բնապահպանական նախարարության կամ ազգային պարկի ինսպեկտորները պետք է տեղում պատշաճ հսկողություն կազմակերպեն, այլ պետք է նաև մի քանի հարց լուծվի․ լուծվի ջրի աղտոտման հարցը, պետք է լուծվի սոցիալ-տնտեսական հարցերը՝ տեղի բնակիչների, որոնք ապրում են Սևանի ավազանում»:

Մասնագետը կարծում է, որ ձուկը ջրում պահելու լավագույն մեթոդը Սևանի ավազանում ապահովված գյուղացի ունենալն է։ Տարբերակներից մեկը էկոտնտեսության զարգացման համար նրանց արտոնյալ վարկերի տրամադրումն է։ Գյուղացին պետք է իմանա, որ ձուկ չորսալու դեպքում ապրուստի այլ միջոց կունենա։ Այդ դեպքում, Բարդուխ Գաբրիելյանը համոզված է՝ սիգի վերականգնումն ընդամենը ժամանակի հարց կդառնա։

XS
SM
MD
LG