Մատչելիության հղումներ

Իշխանություններին մեղադրում են Սևանի ջրի ոչ նպատակային օգտագործման մեջ


Իշխանություններին մեղադրում են Սևանի ջրի ոչ նպատակային օգտագործման մեջ
please wait

No media source currently available

0:00 0:03:54 0:00

Բնապահպանները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը վստահ են՝ լրացուցիչ ջրառը ոչ միշտ է ծառայել նպատակին:

Մարդու իրավունքների պաշտպանն իր վերջին զեկույցում պնդում է, թե անցած տարի Սևանից բաց թողնված 270 միլիոն խորանարդ մետր ջուրը՝ նախկինում սահմանված 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն, մի շարք դեպքերում ոչ միայն չի օգտագործվել ոռոգման նպատակով, այլև վտանգել է Հայաստանի ամենամեծ ջրային ռեսուրսի գոյությունը:

Մինչդեռ, Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության Ջրային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը հավաստիացնում է, թե Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառապես ոռոգման նպատակով է օգտագործվել:

«Ազատության» հարցին՝ այսինքն զեկույցում սխա՞լ է այդ ամեն ինչը գրված, Մակարյանը պատասխանեց․ - «Ես չէի ուզի նման մեկնաբանություններ տալ՝ ճիշտ, սխալ: Ես ուղղակի ուզում եմ ֆիքսել, որ մեր համակարգը Սևանա լճից ոռոգման ջուրը վերցնում է միայն և միայն ոռոգման նպատակով և այդ ուղղությամբ էլ ծախսում է: Կարող են առաջանալ որոշակի խնդիրներ, այսինքն, երբ այդ իր ուղեգծով գնում է, որոշակի դժվարություններ, դժգոհություններ, պայմանավորված, հիմնականում, այդ սակավաջրության գործոնով»:

Պաշտոնյաները Սևանից լրացուցիչ ջրառը բացատրում են տարվա սակավաջրությամբ, բնապահպանները, մինչդեռ, հիշեցնում են՝ անձրևի պակաս չի եղել: «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանն էլ զգուշացնում է՝ ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման հետևանքով վտանգում ենք Սևանը:

Սևանից լրացուցիչ ջուր չվերցնելու դեպքում Արարատյան դաշտն անջրդի կմնար, շարունակում են հիմնավորել պետական այրերը: Այդուհանդերձ, գյուղացիներն ամբողջ տարվա ընթացքում բողոքում էին, որ ջուրն իրենց չի հասնում:

«Այդ դեպքում ովքե՞ր են օգտվում Սևանից», - հարցին ի պատասխան բնապահպանը պնդեց․ - «Այստեղ գործ ունենք լուրջ կոռուպցիոն ռիսկերի հետ, որից անմասն չեն ջրօգտագործողների ընկերությունները: Դա շատ կոռուպցիոն ռիսկերի ոլորտ է: Դու զենք չունես պայքարելու այդ ռիսկերի դեմ, որովհետև ոչ ոք չի գնա, հենց այնպես չի բողոք ներկայացնի, որովհետև իր գրաֆիկը կարող է այնպես կազմակերպվել, որ ինքը ստանա ջուր, երբ այդ ջուրը արդեն պետք չէ և ամբողջ բերքը չորացավ»:

Բնապահպանները մտավախություն ունեն, որ այս տարի շատ ավելի մեծ քանակությամբ ջուր բաց կթողնվի Սևանից: Ավելի վաղ, «Ազատության» հետ զրույցում, այս հեռանկարը չէր բացառել նաև Սևան – Հրազդան ջրառ ընկերության ղեկավար Սամվել Հովհաննիսյանը: Ջրային տնտեսության պետական կոմիտեից հորդորում են մի փոքր էլ սպասել՝ հասկանալու, արդյո՞ք այս տարի բնությունը բարեհաճ կլինի, անձրևներն էլ առատ:

«Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը, մինչդեռ, պնդում է․ - «Ուզում է ջրառատ տարի լինի, ուզում է՝ ոչ ջրառատ, Սևանի մակարդակը զոռով իջեցնում են: Սա շատ վտանգավոր գործընթաց է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG