Հինգշաբթի երեկոյան բելգիական ոստիկանությունը լայնածավալ խուզարկություններից հետո ձերբակալել է վեց անձի, ովքեր ըստ, դաշնային դատախազության, առնչություն ունեն բրյուսելյան ահաբեկչությունների հետ:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ իրավապահները Բրյուսելի Շերբեք շրջանի բնակարանները մեկ առ մեկ խուզարկել են: Զուգահեռաբար հատուկ գործողություն է իրականացվել նաև Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնական մասում գտնվող Իյեթթե շրջանում:
Հաղորդվում է, որ երեք կասկածյալներ ձերբակալվել են Բրյուսելի կենտրոնում՝ դաշնային դատախազության մուտքի մոտ: Ձերբակալվածների անունները, ինչպես նաև ահաբեկչություններին ունեցած նրանց առնչության շուրջ մանրամասներ ոստիկանությունը առայժմ չի հայտնում:
Ոստիկանությանը մինչ այս պահը հաջողվել է պարզել 31 մարդու կյանք խլած բրյուսելյան ահաբեկչության հեղինակներից երկուսի՝ Խալիդ և Իբրահիմ Ալ Բաքրաուի եղբայրների ինքնությունը: Ահաբեկիչ եղբայրների քրեական անցյալի մասին Բելգիայի ոստիկանությունը տեղյակ էր մինչ մարտի 22-ի արյունալի իրադարձությունները։ Մասնավորապես, Խալիդը ահաբեկչության հետ առնչություն ունենալու կասկածանքով որոնվում էր «Ինտերպոլ»-ի կողմից: Դեռևս պաշտոնապես չհաստատված տեղեկությունների համաձայն, հստակեցվել է նաև Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում երկրորդ պայթուցիկ սարքը գործի դրած անձի ինքնությունը: Ահաբեկիչ եղբայրների մեղսակիցը համարվող Նաջիմ Լաշրաուին 2015 թվականի փարիզյան հարձակումների հեղինակներից մեկն է: Որոշ տեղեկությունների համաձայն՝ հենց Լաշրաուին էր պատրաստել Փարիզում գործի դրված բոլոր պայթուցիկ սարքերը:
Բրյուսելյան օդանավակայանի հարձակումների ևս մեկ մասնակից, ըստ բելգիական ոստիկանության, փախուստի մեջ է գտնվում: Իրավապահների վերջին տվյալների համաձայն, մետրոյի «Մաալբեկ» կայարանի պայթյունը կարող էր իրականացնել ոչ թե մեկ, այլ երկու հոգի: Մետրոյի կայարանի տեսախցիկները արձանագրել են մեծ պայուսակով տղամարդու, ով քայլում էր Խալիդ ալ Բաքրաուիի ետևից:
Այսպիսով, բրյուսելյան ահաբեկչություններից երեք օր անց քննիչներին առայժմ չի հաջողվում հստակեցնել տեղի ունեցածի վերաբերյալ ամենաառանցքային հարցերից մեկը՝ քանի ահաբեկիչ է մասնակցել այդ պայթյուններին և նրանցից քանիսն է ազատության մեջ:
Բելգիայի մայրաքաղաքում երեկ տեղի ունեցած լայնածավալ խուզարկություններին զուգահեռ, ֆրանսիական ոստիկանությունը, շարունակելով հատուկ գործողությունները, փարիզի արվարձաններից մեկում ձերբակալել է մեկ անձի, ով կասկածվում էր նոր ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ:
Երեկ երեկոյան ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյով լրագրողներին ասել է՝ «այդ կարևոր ձերբակալության շնորհիվ կանխվել է Ֆրանսիայում ծրագրով ահաբեկչությունը, որի նախապատրաստական աշխատանքները մոտենում էին ավարտին»:
Ֆրանսիական ոստիկանությունը Փարիզի և Բրյուսելի ահաբեկչությունների և նախապատրաստվող հարձակումների միջև հնարավոր կապը դեռևս չի հաստատել:
Ֆրանսիայում ձերբակալված անձը, ըստ պաշտոնական տվյալների, Ֆրանսիայի քաղաքացի է, ենթադրվում է, որ նա ահաբեկչական ցանցի առանցքային դեմքերից է: Ըստ ֆրանսիացի նախարարի՝ այդ ձերբակալությունը մի քանի շաբաթ տևած հետաքննության արդյունք է:
«Ձերբակալությունը հնարավոր է դարձել եվրոպական երկրների հատուկ ծառայությունների միջև անդադար և սերտ համագործակցության շնորհիվ»,- ընդգծել է Կազնյովը:
Եվրամիության անդամ երկրների արդարադատության և ներքին գործերի նախարարների արտահերթ նիստը երեկ ուշ երեկոյան ավարտվել է հատուկ հայտարարությամբ, որով կողմերը պատրաստակամություն են հայտնում բարելավելու հատուկ ծառայությունների միջև տվյալների փոխանակման գործընթացը: Խոսքը նաև ավիաուղևորների մասին միասնական տվյալների բազայի մասին է: Եվրոպացի պաշտոնյաների համոզմամբ՝ ահաբեկչության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը հատուկ ծառայությունների միջև տվյալների փոխանակման գործընթացը բարելավելն ու Եվրամիության տարածքում ուղևորների տեղաշարժման վերահսկողության խստացումն է: