Բելգիայի իշխանությունները հայտարարել են, որ Բրյուսելի օդանավակայանի ահաբեկիչներից մեկը փարիզյան ահաբեկչության ժամանակ ռումբեր պատրաստելու մեջ կասկածվող անձն է:
Հաղորդվում է, որ փախուստի մեջ գտնվող Նաջիմ Լաաշրաուիի ԴՆԹ-ն հայտնաբերվել է փարիզյան ահաբեկչության ժամանակ օգտագործված պայթուցիկների նմուշների վրա:
Բելգիացի իրավապահները հայտարարել են, որ Լաաշրաուիին դեռ անցած շաբաթվանից էին որոնում, քանի որ նա կասկածվում է փարիզյան ահաբեկչության կասկածյալ Սալեհ Աբդեսլամին օգնելու մեջ: Աբդեսլամը ձերբակալվել էր մարտի 18-ին:
24-ամյա Լաաշրաուին ազգությամբ մարրոկացի-բելգիացի է, ենթադրվում է, որ հենց նա է պատրաստել ինքնասպան գոտիները, որոնք օգտագործվել էին 130 մարդու կյանք խլած փարիզյան ահաբեկչության ժամանակ:
«Լաաշրաուիի մասնակցությունը Փարիզի և Բրյուսելի ահաբեկչություններին թույլ է տալիս ենթադրել, որ դրանք իրականացվել են նույն թիմի կողմից»,- ասել է ջիհադիստական ցանցերի գործունեությունն ուսումնասիրող Ֆրանսիայի խորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչը: