Մատչելիության հղումներ

Բրյուսելյան հարձակումների հետաքննությունը շարունակվում է


Հսկողություն Բրյուսելում
Հսկողություն Բրյուսելում

Բելգիական ոստիկանությունը և հատուկ ծառայությունները շարունակում են մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետաքննությունը: Նախաքննության այս փուլում բելգիացի իրավապահների գլխավոր նպատակը հարձակումներն իրականացրած ընդհատակյա իսլամիստական ցանցի մյուս անդամների ինքնության բացահայտումն է:

Բելգիական և ֆրանսիական իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրները AFP և Associated Press գործակալություններին փոխանցել են, որ արդեն իսկ հստակեցվել է «Զավենտեմ» օդանավակայանում երկրորդ պայթուցիկ սարքը գործի դրած անձի ինքնությունը: Դա 2015 թվականին փարիզյան հարձակումների հեղինակներից մեկն է` Նաջիմ Լաշրաուին: Այս փաստն, ըստ իրավապահների, վկայում է փարիզյան և բրյուսելյան հարձակումների միջև եղած ուղղակի կապի մասին: Որոշ տեղեկությունների համաձայն՝ հենց Լաշրաուին էր պատրաստել Փարիզում գործի դրված բոլոր պայթուցիկ սարքերը:

Սրան զուգահեռ, սակայն, նորանոր տեղեկություններ են ի հայտ գալիս, որոնց համաձայն բելգիացի իրավապահները երեքշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից դեռ ամիսներ առաջ կարող էին հսկողության տակ առնել դրանց հեղինակներից առնվազն մեկին: Պաշտոնական Անկարան այսօր հայտարարեց, որ ահաբեկիչ եղբայրներից մեկին` Իբրահիմ Ալ Բաքրաուիին, թուրքական ոստիկանությունը դեռ անցած տարի էր ձերբակալել և արտաքսել Եվրամիության տարածք:

«Բրյուսելում հարձակում իրականացրած անձանցից մեկը ձերբակալվել էր թուրքական Գազիանթեփ քաղաքում դեռ 2015 թվականի հունիսին: Բելգիական դեսպանատանը այդ մասին մենք տեղեկացրել էինք 2015 թվականի հուլիսի 14-ին: Չնայած մեր զգուշացումներին, որ այդ մարդն ահաբեկիչ զինյալ է, բելգիական իշխանությունները այդպես էլ որևէ կապ չհայտնաբերեցին նրա և ահաբեկչական կառույցների միջև: Մենք այդ անձին, իր իսկ պահանջի համաձայն, արտաքսեցինք Նիդերլանդներ, և այդ երկրի իշխանությունները հստակ տեղեկություն ունեին մեր այդ քայլի մասին»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

NBC հեռուստաընկերության տվյալներով էլ՝ ամերիկյան հատուկ ծառայությունները զգուշացրել էին բելգիացի գործընկերներին հնարավոր հարձակումների մասին, սակայն երկրի ուժային կառույցները այդպես էլ հարկ չհամարեցին ուժեղացնել ահաբեկչական վտանգի մակարդակը: Ամերիկյան հեռուստաընկերության եթերում ահաբեկչության դեմ պայքարի գծով փորձագետ Մայքլ Կլարկը նկատել է, որ տեղի ունեցածի գլխավոր պատճառներից մեկը կարելի է համարել բելգիական իրավապահ համակարգի ցածր մակարդակը:

«Բելգիայի անվտանգության ուժերը Եվրոպայում լավագույնը չեն համարվում: Տեղի ունեցածը նրանց համար ուշքի գալու ևս մեկ ահազանգ պետք է հանդիսանա»,- ասել է փորձագետը:

Բացի այդ, ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ, հետաքննությանը միացել են նաև ԱՄՆ հատուկ ծառայությունները՝ փորձելով պարզել արդյոք Բրյուսելի օդանավակայանում իրականացված հարձակման հիմնական թիրախներից մեկը հենց ամերիկացիները չէին: Այս կասկածները ծագեցին այն պատճառով, որ «Զավենտեմ» օդանավակայանում տեղի ունեցած պայթյուններից մեկը իրականացվեց միջազգային մեկնումների համար նախատեսված սրահի այն հատվածում, որտեղ նախաթռիչքային գրանցումներ էր իրականացնում ամերիկյան առաջատար ավիաընկերություններից մեկը՝ US Airways-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG