Մատչելիության հղումներ

Բելգիայում ՀՀ դեսպանություն․ Բրյուսելի ահաբեկչության զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան


Հայաստանցի դիվանագետները շարունակում են կապի մեջ մնալ պատկան մարմինների հետ՝ ճշտելու, թե արդյոք զոհերի թվում կան հայեր:

Բելգիայում Հայաստանի դեսպանության աշխատակցի փոխանցմամբ՝ երկրում շարունակում է ուժի մեջ մնալ տագնապի ամենաբարձր աստիճանը․ օդանավակայանում ուղևորափոխադրումներ չեն իրականացվում, մետրոյի աշխատանքը մասամբ է վերականգնվել:

Դեսպանության թեժ գծով ընդամենը երկու հեռախոսազանգ են ստացել․ հետաքրքրվել են վերադարձի հարցերով: Զանգողներին խորհուրդ են տվել դիմել ավիաընկերությունների ներկայացուցչություններ:

Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթի հայաստանյան պատվիրակությունը, որը այս օրերին Բրյուսելում է, նույնպես քննարկում է հետդարձի հարցը: Հայտարարվել է, որ օդանավակայանը չի գործելու նաև վաղը:

Հայաստանյան պատվիրակության անդամների վերադարձը նախատեսված էր մարտի 24-ին: Պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե ամենայն հավանականության գնացքով կամ ավտոմեքենայով Բրյուսելից կուղևորվեն այլ քաղաք, ապա՝ Մոսկվա:

Եվրանեսթը երեկ վաղաժամ ավարտել է աշխատանքը: «Եղած դեպքերից հետո կար երկու տարբերակ: Քննարկվում էր այն խնդիրը, որ միգուցե աշխատանքները դադարեցնեն, բայց դրանից հետո որոշում կայացվեց, որ չդադարեցնենք, այլ արագացված տեմպով ավարտենք աշխատանքները: Դրա հետ միասին նաև բացատրենք, որ ահաբեկչությունը չի կարող հաղթանակել և տարբեր եվրոպական ինստիտուտների աշխատանքը կաթվածահար անել կամ վնասել», - փոխանցեց Պողոսյանը՝ շարունակելով․ - «Այն բոլոր զեկուցային ներկայացումները, ինչպիսին էին Եվրոպական միության տարբեր ինստիտուտների ղեկավարների զեկույցները, ուղղակի տեղի չունեցան: Ամբողջ Եվրանեսթով արագ քննարկեցինք չորս զեկույցները, որոնք պատրաստվել էին․․․ հաստատեցինք: Հայկական պատվիրակությանը հաջողվել էր բոլոր այն ձևակերպումները, որոնք հնարավորություն էին տալիս երկակի մեկնաբանություն և հատկապես մեր թշնամիները կօգտագործեին մեր դեմ, այդ բոլոր ձևակերպումները հեռացնել և մաքրել: Եվ ստացել ենք չորս զեկույցներ, որոնք նաև ինչ-որ չափով պրոհայկական են»:

Բրյուսելում են ութ պատգամավորներ՝ Արտակ Զաքարյանը, Հրանտ Բագրատյանը, Թևան Պողոսյանը, Կարինե Աճեմյանը, Մհեր Շահգելդյանը, Շուշան Պետրոսյանը, Վահե Էնֆիաջյանը և Միքայել Մելքումյանը, ինչպես նաև երկու Ազգային ժողովի աշխատակիցներ:

Թևան Պողոսյանի փոխանցմամբ՝ Բրյուսելում բնականոն կյանքը վերականգնվում է․ - «Ե՛վ քաղաքային տրանսպորտն ենք տեսել, որի աշխատանքը դադարեցվել էր, աշխատում են խանութները, որոնք բոլորը փակվել էին, ռեստորանները, որոնք բոլորը փակվել էին: Մարդիկ փողոցներում քայլում են: Բայց պետք է հասկանանք, որ անվտանգության աշխատանքները շարունակվում են»:

XS
SM
MD
LG