Եվրամիության առաջնորդները Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ այսօր Կիևում անցկացնելու են գագաթնաժողով, որի առանցքում է լինելու փետրվարին Մինսկում ստորագրված հրադադարի համաձայնագրի կետերի պահպանման հարցը։
Ուկրաինայի զինուժը երեկ հաղորդել է, որ երկրի արևելքում ռուսամետ անջատականների հարձակման հետևանքով մեկ զինծառայող զոհվել է, 7-ը՝ վիրավորվել։
Ուկրաինական զինվորական ներկայացուցիչ Ալեքսանդր Մոտուզյանյուկն ասել է, որ անջատականները ավելացրել են կառավարական ուժերի վրա հարձակումները՝ այդպիսով խախտելով հրադադարի ռեժիմը և խոչընդոտելով խաղաղության հասնելու քայլերին։ Ըստ Մոտուզյանյուկի, չնայած կողմերի միջև պայմանավորվածությանը՝ անջատականներն օգտագործում են խոշոր տրամաչափի հրետանի։
Անջատականներն էլ, իրենց հերթին, Կիևին են մեղադրում հրադադարը խախտելու համար։