Մատչելիության հղումներ

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը տուգանվել է խախտումների համար


Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը տուգանվել է խախտումների համար
please wait

No media source currently available

0:00 0:03:05 0:00

Բնապահպանական պետական տեսչությունը թույլ տված խախտումների համար տուգանել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին։

Տուգանքի հստակ չափը հայտնի կդառնա մի քանի օրից, սակայն «Ազատությանը» տված հարցազրույցում կոմբինատի գլխավոր տնօրեն Մարտին Հակոբյանն ասաց, որ այն կարող է հասնել տասնյակ միլիոնների։ Տնօրենն ընդունում է, որ կոմբինատը խախտումներ է թույլ տվել։

«Վերացնելու ենք, բայց հիմա էդքան ուժ չունենք, էդքան հնարավորություն չունենք, որ ռեկուլտիվացիա անենք և այլն»,- ասաց տնօրենը։

Փաստորեն կոմբինատը կվճարի այդ տուգանքն ու կշարունակի պղնձի հանքաքար ստանալ խախտումներով, քանի դեռ բավարար միջոցներ չունի դրանք վերացնելու համար։ Այժմ պարզապես շահագործում են կոմբինատը՝ 700 մարդկանց աշխատատեղով ապահովելու համար, ասում է Մարտին Հակոբյանը։

Իսկ բնապահպանները մտադիր չեն հանդուրժելու այդ խախտումները։ Պոչամբարների տարածքներ այցելելուց հետո Ախթալայի և շրջակա համայնքների խնդիրներով մտահոգված մի խումբ բնապահպաններ այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անում՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել ինչպես Ախթալայում, այնպես էլ հարևան գյուղերում հնարավոր բնապահպանական աղետը կանխելու համար։

Բնապահպան Սիլվա Ադամյանը Լոռու մարզում իր արձանագրած բնապահպանական խախտումներն անթույլատրելի է համարում.- «Որ Լոռու մարզը ահավոր վիճակում է և պետք է SOS կանչել, դա միանշանակ է»,- ասաց նա։

Բնապահպան Բաբկեն Հարությունյանն էլ մատնանշում է, որ 2008 թվականից ի վեր Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում գրեթե 4 անգամ ավելացել են արտադրության ծավալները, մինչդեռ շրջակա միջավայրի պահպանության համար միջոցներ չեն հատկացվել.- «Խոպանի քաղաքականությունը չի կարելի կիրառել սեփական երկրում։ Մենք հասկանում ենք, որ երկիրը պետք է բյուջե ունենա, հասկանում ենք, որ կոմբինատի գործունեությունը ապահովում է որոշակի աշխատատեղեր, բայց երբ տնտեսական գործունեություն են իրականացնում, պարտավոր են պահել որոշակի խիստ կարևոր նորմեր, որի մասին ուղղակի կոմբինատի տնօրինությունը չի մտածում։ Սեփական երկրում ապագա կառուցելու փոխարեն մարդիկ տեսնում են դանդաղ մահ»։

Այսօր բնապահպանները բաց նամակ հանձնեցին նախարարությանը և երթով շարժվեցին դեպի Ախթալայի կոմբինատի երևանյան գրասենյակ։ Այստեղ ևս կոչ արեցին վերանայել հանքաարդյունաբերական քաղաքականությունն ու հոգալ շրջակա միջավայրի մասին։

Նշենք, որ չնայած բնակիչների դժգոհություններին, Մեծ Այրում համայնքի ավագանին որոշում է կայացրել գյուղի 40 հեկտար հողերի նշանակությունը գյուղատնտեսականից դարձնել արդյունաբերական՝ Ախթալայի կոմբինատի համար նոր, արդեն երրորդ պոչամբարը կառուցելու նպատակով։

XS
SM
MD
LG