Մատչելիության հղումներ

Նոր պոչամբարի կառուցումը մտահոգել է գյուղերի բնակիչներին


Նոր պոչամբարի կառուցումը մտահոգել է գյուղերի բնակիչներին
please wait

No media source currently available

0:00 0:02:55 0:00

Նոր պոչամբարի կառուցումը մտահոգել է գյուղերի բնակիչներին

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի թափոնների արդեն երրորդ պոչամբարի կառուցման ծրագիրն անհանգստացրել է շրջակա գյուղերի բնակիչներին ու բնապահպաններին։

Մեծ Այրում գյուղի ավագանու անդամ Օլեգ Դուլգարյանն ասում է՝ ամեն ինչ անելու են, որ ծրագիրը չիրագործվի, չնայած կառավարությունում այս հարցին հավանություն են տվել և ինչպես Մեծ Այրումի, այնպես էլ հարևան Ճոճկանի գյուղի ավագանիներին առաջարկել են 40 հեկտար հողերի գյուղատնտեսական նշանակությունը փոխել ու դարձնել արդյունաբերական նշանակության։

«Ասում են, որ եթե պոչամբարն այստեղ կառուցվի, ապա համայնքին որոշակի օգուտներ կգան, աջակցման ծրագրեր կարվեն, բայց նախկինում այդպիսի որևէ դեպք չի եղել, որ Մեծ Այրում համայնքին ինչ-որ հարցում աջակցեն։ Սա ուղղակի հերթական խաբկանքն է, որ մատուցվում է ժողովրդին»,- կարծում է Դուլգարյանը։

Ընկերության տնօրինության հիմնավորմամբ, գործող պոչամբարը լցվել է և արդյունաբերական թափոններ պահելու նոր տեղանքի կարիք ունեն։ Գյուղապետը դեմ չէ 40 հեկտարը հանքարդյունաբերող ընկերությանը հատկացնել՝ նշելով, որ դրանք հիմնականում քարքարոտ, անմշակ հողեր են։ Սակայն ավագանու անդամ Օլեգ Դուլգարյանը մտավախություն ունի, որ նոր պոչամբարի վնասներն ավելի շատ կլինեն։

Պոչամբարի համար նախատեսված տարածքի շրջակայքում 12 գյուղ կա, որոնք բնապահպան Հակոբ Սանասարյանի հաշվարկներով, թափոններից մինչև 8 կիլոմետր հեռավորության վրա են գտնվում։ Մինչդեռ բնապահպանության տեսանկյունից անգամ 20-30 կիլոմետրը շատ մոտ տարածք է համարվում։

«Այսինքն մենք այդ ամբողջ գյուղերի արոտավայրերն ու հողերը դնում ենք ծանր մետաղներով աղտոտելու վտանգի տակ։ Պոչամբարի տակ մնացած հողը համարեք, որ հավերժորեն մեռած է», - ասաց Սանասարյանը։

Այսօր Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկմանը չէր եկել, բայց ուղարկել էին նախարարության պարզաբանումը, թե հանձնարարել են թափոնների տարածքում ուսումնասիրություններ կատարել՝ հաշվարկելու դրա բնապահպանական ռիսկերը։

Հայաստանում կա 21 գործող կամ արդեն կոնսերվացված պոչամբար։ Դրանց վտանգների ու ռիսկերի մասին հրապարակված պաշտոնական որևէ ուսումնասիրություն չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG