Մատչելիության հղումներ

Ալավերդիում և Ախթալայում երեխաների արյան մեջ ծանր մետաղներ են հայտնաբերվել


Ալավերդիում և Ախթալայում երեխաների արյան մեջ ծանր մետաղներ են հայտնաբերվել
please wait

No media source currently available

0:00 0:03:31 0:00

Ալավերդիում և Ախթալայում երեխաների արյան մեջ ծանր մետաղներ են հայտնաբերվել

Հատկապես մկնդեղի և կապարի բարձր պարունակությունը մասնագետներին ստիպել է եզրակացնել, որ այդ քաղաքներում երեխաների հիվանդացության ռիսկերն ավելի մեծ են։

Պղնձարտադրությամբ հայտնի Ալավերդի և Ախթալա քաղաքներում ծանր մետաղները մինչև 13 անգամ գերազանցում են թույլատրելի սահմանը երեխաների արյան և հողի մեջ, փաստում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի հետազոտությունը։

Միացյալ Նահանգներում, օրինակ, երեխաների 2,5 տոկոսի մոտ է կապարը գերազանցել ընդունելի սահմանը, մինչդեռ Ալավերդիում այդ ցուցանիշը հասել է 75-ի, Ախթալայում՝ 85 տոկոսի։ Հետազոտության հեղինակները նշում են, որ կապարի անգամ աննշան քանակությունը վտանգավոր է առողջության համար։ Երևանում երեխաների արյան մեջ կապարը նորմայի սահմաններում է եղել։

Հետազոտության համաձայն, Ալավերդու և Ախթալայի թաղամասերում, այդ թվում՝ մանկապարտեզների և դպրոցների բակերում մկնդեղը ևս 13 անգամ գերազանցել է թույլատրելի սահմանը։

Թե որքանով է սա ազդում տեղացիների առողջության վրա՝ հստակ փաստեր դեռևս չկան։ Ալավերդու բժիշկները, սակայն, առաջին անգամ անվճար հետազոտություն են իրականացրել կանանց ու տղամարդկանց ռիսկային խմբերի շրջանում ու արձանագրել կրծքագեղձի ու շագանակագեղձի հիվանդությունների բարձր տոկոս։

Ալավերդու հիվանդանոցի փոխտնօրեն Սերոբ Նազարեթյանն ասում է, որ հետազոտված կանանց միայն 15 տոկոսն է լիարժեք առողջ եղել, տղամարդկանց՝ 25 տոկոսը։ Կանանց 6 տոկոսի մոտ նորագոյացություններ են հայտնաբերվել, այդ թվում՝ չարորակ։

«500 տղամարդուց, 250-ի մոտ եղել է ադենոմա, 77-ի մոտ խրոնիկական պրոստատիտ՝ շագանակագեղձի խրոնիկական բորբոքում և 45-ի մոտ եղել է հիպերպլազիա: Էդ փոփոխությունները հիմնականում տարիքային ֆոնի հետ կապված փոփոխություններ են, որոնք անխուսափելի են, ոչ թե կապված են ինչ-որ գործոնի ազդեցությամբ: Դա տարիքային փոփոխություններ են, ոչ թե կապված են ինչ-որ գործոնի հետ, օրինակ մթնոլորտ, կամ ջրամբար: Էսօր ամեն երրորդ տղամարդ էդ պրոբլեմը ունի», - ասաց Նազարեթյանը:

Թեև բժիշկները հերքում են հիվանդությունների և մթնոլորտի աղտոտվածության կապը, սակայն բնապահպանները մշտապես ահազանգում են, որ այս քաղաքներում միջավայրի աղտոտվածությունը բարձր է։

Ալավերդու գործարանը շահագործող «Վալեքս» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը չի ժխտում, որ «վիճակը հեռու է բարվոք լինելուց»։ Ասում է, որ իրենց դիտակետերում իրականացնում են չափումներ, սակայն, միայն՝ ծծմբի և փոշու։ Սակայն անգամ դրանք, ըստ իրենց ուսումնասիրությունների, նորման գերազանցում են 1-2 անգամ։

«Մենք շարունակում ենք փնտրել երկարաժամկետ լուծումներ: Ցավոք սրտի, այս պահի դրությամբ իրավիճակը մոտավորապես նույնն է, ինչ որ ունեինք 2-3 տարի առաջ, այսինքն՝ մեզ համար տեսանելի չեն այն լուծումները, որոնք կարող են հանգեցնել բնապահպանական խնդրի վերջնական լուծման», - ասաց Արզումանյանը։

10 տարի շարունակ ընկերության ղեկավարությունը նշում է, որ քանի դեռ չունեն ծծմբաթթվի իրացման շուկա, ծախսեր չեն անի պղնձաձուլարանի արդիականացման համար։ Ընկերության գործադիր տնօրենը միաժամանակ առաջ է քաշում 500 ալավերդցիների աշխատանք ունենալու հարցն ու պնդում, թե գործարանն իրենց համար ոչ թե շահույթ ապահովելու միջոց է, այլ սոցիալական ծրագիր։

«Ցանկացած պահի, երբ որ խնդիրը խիստ դրվի, որ կամ պետք է գործարանը փակվի, կամ շարունակի աշխատել ավելի արդիական տեխնոլոգիաներով, առնվազն այս սահմանափակումների պայմաններում, որոնց մասին նշեցի, ընտրությունը մեր տեսակետից պարզ է և տնտեսական առումով դա մեզ համար մեծ ցավ չի լինի», - ասաց Գագիկ Արզումանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG