Մատչելիության հղումներ

Սահակյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպեց Մատվիենկոյին, Նարիշկինին


Գալուստ Սահակյանի հանդիպումը Վալենտինա Մատվիենկոյի հետ, լուսանկարը՝ Ազգային ժողովի լրատվականի
Գալուստ Սահակյանի հանդիպումը Վալենտինա Մատվիենկոյի հետ, լուսանկարը՝ Ազգային ժողովի լրատվականի

Աշխատանքային մեկօրյա այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնային ժողովի (ԴԺ) Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սահակյանն ասել է, որ ռուսական կողմի հետ համագործակցության բոլոր ոլորտներում արձանագրված հաջողությունները հիմք են հետագա համագործակցության համար: Մատվիենկոն փոխանցել է, որ ռուս գործարարների մոտ աճում է Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկությունը։

Մատվիենկոն իր խորին ցավակցությունն է հայտնել Գյումրիում իրականացված սպանդի առնչությամբ և նշել, որ հանցագործներն ազգություն չունեն, իսկ ռուս զինվորը կպատժվի օրենքի ողջ խստությամբ:

Գալուստ Սահակյանը ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահին հրավիրել է Հայաստան. հրավերն ընդունվել է:

Այսօր Ազգային ժողովի նախագահը հանդիպել է նաև Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանն առնչվող հարցեր:

Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին:

Ազգային ժողովի նախագահը, խոսելով Եվրասիական տնտեսական միության մասին, մասնավորապես ասել է, որ այն մեծ հնարավորություններ է ընձեռում առևտրատնտեսական ոլորտում միջպետական համագործակցության խորացման համար: Նրա խոսքով՝ Հայաստանը, միանալով Եվրասիական տնտեսական միությանը, դարձավ մոտ 170-միլիոնանոց շուկայի մի մասը: «Այս փաստը ներդրումների համար մեր երկրները դարձնում է գրավիչ», - ասել է Սահակյանը՝ նշելով, որ պատմական հեռանկարում անհրաժեշտ է շարժվել դեպի ազատ տնտեսական տարածքի ստեղծում՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG