«Կա Պուտինը, կա Ռուսաստան, չկա Պուտինը, չկա Ռուսաստան». այս թևավոր խոսքի հեղինակը ոչ թե իշխանամետ քաղաքական գործիչ է կամ լրագրող, այլ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Վոլոդինը, ով անցյալ տարվա հոկտեմբերին է հեղինակել սույն եզրույթը։
Հաղորդելով այդ մասին, Sueddeutsche Zeitung օրաթերթի մեկնաբան Յուլիան Հանսը գրում է, թե Ռուսաստանը պետականության տեսակետից հայտնվել է միջնադարում։ Երբ կանցլեր Անգելա Մերկելը դահուկներով սահելիս ընկել և կոտրել էր կոնքոսկրը,Գերմանիայում ոչ ոք չէր մտահոգվել ազգի ապագայով, սակայն Պուտինի պարագայում ամեն բան այլ է։
Ռուսաստանի նախագահը դարձել է իր իսկ կերտած գերմարդու կերպարի գերին, ով վագրեր է հնազանդեցնում, կռունկների հետ է թռչում, գետին է տապալում ձյուդոյիստ մրցակցին, բայց եթե հանկարծ մրսի, ապա դա ոչ ոք չպետք է իմանա, քանի որ անմիջապես կդառնա իրական և երկրային։
Հենց այդ նպատակով էլ Ռուսաստանի պետական հեռուստատեսությունը նրա բացակայության օրերին, արխիվային կադրեր ցուցադրելով, փորձել է բոլորին մոլորեցնել և համոզել, թե ամեն ինչ նորմալ է։
Ի վերջո պարզվեց, որ Պուտինը ոչ մի ինսուլտ չի տարել, ոչ մի հեղաշրջում չի եղել, գուցե նա մաշկաբանի մոտ երիտասարդացման կուրս է անցել Ղրիմի բռնակցման առաջին տարեդարձի տոներից առաջ։
Դա կարևոր չէ, կարևորն այն է, որ Ռուսաստանի իշխանությունը, չնայած արտաքին կայունությանը, չափազանց խոցելի է։ Հիմա Պուտինի վարկանիշը հասնում է 86 տոկոսի, սակայն այդ աջակցությունը կարող է մեկ գիշերում հօդս ցնդել, եթե ազգային լիդերը հիվանդանա կամ անհետանա հեռուստաէկրաններից։
«Փաստորեն, եթե առաջնորդվել Վոլոդինի բանաձևով, ապա այս ինն օրում չկար ոչ միայն Պուտինը, չկար նաև Ռուսաստանը»,- հեգնում է Sueddeutsche Zeitung-ի մեկնաբանը։
«Դե, ձանձրալի է առանց ասեկոսեների»
The Washington Post պարբերականի մեկնաբան Ադամ Թեյլորն էլ գրել է, թե խոսքն ընդամենը մեկ շաբաթվա մասին էր, բայց ի՜նչ շաբաթ։ Պուտինը մի քանի հանդիպում է բաց թողել, և միանգամից ասեկոսեներ են տարածվել, թե նա գամված է մահվան մահճին, գահընկեց է արված, կամ մեկնել է Շվեյցարիա` սիրուհու-մարմնամարզուհու կողքին ծննդաբերության օրերին լինելու համար։
Իսկ հետո` ողջ և առողջ, դեմքի գոհ արտահայտությամբ, վերադարձել է, նույնքան անսպասելի, որքան անսպասելի էր անհետացումը։ «Դե, ձանձրալի է առանց ասեկոսեների»,- ասել է Պուտինը լրագրողներին։
Այս սցենարը, ըստ ամերիկացի լրագրողի, վախենալու աստիճանի ծանոթ է թվում։ Անցյալ տարի ավելի քան մեկ ամսով անհետացել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը։ Այն ժամանակ էլ ի հայտ եկան տարատեսակ վարկածներ` հիվանդության կամ հեղաշրջման մասին։
Երբ Կին Չեն Ինը վերադարձավ` պաշտոնական Փհենյանը ոչ մի բացատրություն չներկայացրեց։ Որոշ ժամանակ անց Հարավային Կորեայի հետախուզությունը հաղորդեց, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ենթարկվել է կոճի վիրահատության։
Նույն սցենարն է, երբ տեսադաշտից անհետանում են բոլոր ավտորիտար ղեկավարները` Չինաստանում Շի Ձինփինը, Կուբայում՝ Ֆիդել Կաստրոն, Իրանում այաթոլա Ալի Խամանեին, Զիմբաբվերում՝ Ռոբերթ Մուգաբեն։ Ասեկոսեների տարածումը կարելի է հասկանալ։
Այդ բոլոր պետություններն ունեն մեկ ընդհանրություն` մամուլի ազատությունն էապես սահմանափակված է, բացը ասեկոսեներն են լրացնում։
Երևի թե շատ հեշտ է պատկերացնել, թե ինչ կպատահի Բրիտանիայի հետ, եթե վաղը մահանա վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, շատ ավելի դժվար է կանխատեսումներ անել, երբ խոսքը Հյուսիսային Կորեայի կամ Ռուսաստանի մասին է։
Երբ քաղաքական առաջնորդը ստեղծում է այնպիսի վիճակ, որ իրեն իշխանությունից կզրկի միայն հիվանդությունը կամ հեղաշրջումը, ապա վաղ թե ուշ տեղի է ունենում կամ մեկը, կամ մյուսը։
«Ինքը բոլորին ձեռք է առնում»
The Christian Science Monitor-ի մեկնաբան Ֆրեդ Ուեյրի կարծիքով, Ռուսաստանի ոչ թափանցիկ, նախևառաջ լիդերի վրա հիմնված քաղաքական համակարգում ստեղծել են տպավորություն, որ մեկ անձ է կարգուկանոնը տարանջատում քաոսից, և Պուտինի ամենաակարճատև բացակայությունը անմիջապես առաջացնում է զանգվածային անհանգստություն ու ասեկոսեների տարափ։
Որոշ փորձագետներ նույնիսկ ենթադրում են, որ նա կարող էր միտումնավոր հեռանալ հանրության աչքերից` մարդկանց ուշադրությունը Բորիս Նեմցովի սպանությունից շեղելու համար։
«Ինքը բոլորին ձեռք է առնում, ինքը շեֆն է, ինքը դա կարող է անել, նրա օգնականները հմուտ ձեռնածուներ են, տեսեք` ինչպես բոլորին ստիպեցին խոսել Պուտինի մասին»,- ասել է ռուսաստանցի փորձագետ Սերգեյ Կարագանովը։
«Մեր երկրում չկա իշխանության հաջորդականության վստահելի համակարգ, ինչպե՞ս դատապարտել մարդկանց, եթե նրանց անհանգստացրել է Պուտինի հանկարծակի անհետացումը»,- ասել է անվանի լրագրող Նիկոլայ Սվանիձեն։
Միայն կատարյալ առողջություն, այլ բան ընդունելի չէ
The Christian Science Monitor-ի մեկնաբան Ֆրեդ Ուեյրը նշում է, որ Խորհրդային Միությունում 1980-ականներին երեք տարում արագ մահացան երեք ղեկավարներ, իսկ Բորիս Ելցինի նախագահության օրոք գրեթե ամեն ամիս լույս էին տեսնում հրապարակումներ նրա առողջական վիճակի վատթարացման և ինֆարկտների մասին։
Ուեյրը վկայակոչում է քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինին, ով ասել է, թե այս մի քանի օրերի քաղաքական էությունը շատ պարզ է` Ռուսաստանի նախագահը պարտավոր է դրսևորել կատարյալ առողջություն, որևէ այլ բան ընդունելի չէ։
«Հենց այդ պատճառով նույնիսկ ամենաաննշան հիվանդությունը պետք է թաքցնել, քանի որ այն կարող է արատավորել անփոխարինելի լիդերի կերպարը»,- ասել է Մակարկինը։