Մատչելիության հղումներ

Պուտինը հայտնվեց. նա հանդիպել է Ղրղըզստանի նախագահին


Պուտինը հայտնվեց. նա հանդիպել է Ղրղըզստանի նախագահին
please wait

No media source currently available

0:00 0:02:22 0:00

Ալմազբեկ Աթամբաևի խոսքով, Պուտինն առողջ էր. «նա ոչ միայն քայլում էր, այլև անձամբ էր ավտոմեքենան վարում»։

Շուրջ տասը օրվա բացակայությունից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտնվել է հանրության առջև. նախատեսվածից մոտ երկու ժամ ուշացումով՝ Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու գտնվող Կոնստանտինյան դղյակում այսօր հանդիպել են Ռուսաստանի և Ղրղըզստանի նախագահները՝ Վլադիմիր Պուտինն ու Ալմազբեկ Աթամբաևը։

Հիշեցնենք՝ վերջին անգամ Վլադիմիր Պուտինը ռուսաստանյան հեռուստաալիքների եթերում հայտնվեց մարտի 5-ին՝ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ Մոսկվայում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։ Դրանից հետո Կրեմլը մեկը մյուսի հետևից չեղյալ էր հայտարարում Պուտինի մասնակցությամբ դեռ շաբաթներ առաջ ծրագրված բոլոր հանդիպումներն ու այցերը:

Նրա անհետացումը դարձել էր միջազգային լրատվամիջոցների հիմնական թեմաներից մեկը։ Այսօր, օրինակ, ավստրիական թերթերը գրել էին, որ Պուտինը վատառողջ է՝ խնդիրներ ունի մեջքի հետ, և որ ավստրիացի մասնագետներից մեկը մեկնել է Ռուսաստան Պուտինին օգնելու համար։

Մամուլը նաև գրում էր, որ Կրեմլում, իրականում, կամ հեղաշրջում է տեղի ունեցել, կամ, գոնե, հեղաշրջման փորձ։

Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել էր տեղեկությունը, թե իր ղեկավարն առողջական խնդիրներ ունի։

Ալմազբեկ Աթամբաևն այսօր հանդիպումից հետո ասաց, որ Պուտինը ոչ միայն քայլում էր, այլև անձամբ էր ավտոմեքենան վարում։ «Որպեսզի բամբասանքներին վերջ դնենք, ասեմ, որ մենք միասին մեքենայով շրջել ենք տարածքում, իսկ մեքենան վարել է Պուտինը», - ասել է Ղրղըզստանի նախագահը։

Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հետաձգված հանդիպումը տեղի կունենա առաջիկա ուրբաթ՝ մարտի 20-ին։ Ռուսական և Բելառուսական կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը, ասել է Նազարբաևի մամլո խոսնակը։

Հիշեցնենք՝ մարտի 12 և13-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրավերով՝ Աստանայում պետք է կայանար երեք երկրների ղեկավարների հանդիպումը, սակայն հանդիպումից ընդամենը մեկ օր առաջ հայտարարվեց դրա հետաձգման մասին։ Աբաևն այսօր ասել է, որ հանդիպումը հետաձգվել է երեք պետությունների ղեկավարների խիստ աշխատանքային օրակարգի պատճառով։

Ղազախստանը, Ռուսաստանը և Բելառուսը ԵՏՄ անդամ են։ ԵՏՄ անդամ է նաև Հայաստանը, սակայն Հայաստանի նախագահը մարտի 20-ին նախատեսված հանդիպմանը հրավիրված չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG