Մատչելիության հղումներ

Կառավարության նոր շենքերի կառուցումը՝ «շահավետ գործարք»


Հաջորդ տարի աշնանը շահագործման կհանձնվի Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցվող Կառավարության շենքերի նոր համալիրը, որտեղ կտեղակայվեն Արտգործնախարարության, Էներգետիկայի, Արդարադատության, Տարածքային կառավարման և Սփյուռքի նախարարությունները, ինչպես նաև Դիվանագիտական ակադեմիան:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, մոտ 35 հազար քառակուսի մետր տարածք ընդգրկող այս համալիրի վրա կծախսվի ավելի քան 30 միլիոն դոլար: Կառավարական համալիրի ֆինանսավորումը իրականացնում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Սալսա Դիվելոփմենթ» ընկերությունը:

Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ, երբ նախարարությունների շենքերի կառուցումը ավարտվի, տեղի կունենա փոխանակում: Նորակառույց համալիրի կառուցման դիմաց Էդուարդո Էռնեկյանին կհանձնվի Հանրապետության հրապարակում գտնվող Արտգործնախարարության շենքը, որն ավելի վաղ գործարարին էր վաճառվել մոտ 51 միլիոն դոլարով:

Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը, ով այսօր զբաղեցնում է Կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, այս գործարքը շահավետ է համարում բոլոր առումներով:

«Ես ասեմ թվերը, դուք որոշեք՝ շահեկան է, թե՝ ոչ: Արտաքին գործերի նախարարության գործող շենքը 14 հազար քառակուսի մետր է: Միայն այստեղ մենք կառուցում ենք շուրջ 35 հազար քառակուսի մետր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը, - «Եվ եթե այդ 14 հազար քառակուսի մետրի արժեքը կազմում է մոտավորապես 51 միլիոն դոլար, մենք այստեղ ծախսելու ենք մոտ 32 միլիոն դոլար: Մնացած գումարով ևս կառուցումներ ենք անելու»:

Ուշագրավ է, որ ըստ Նարեկ Սարգսյանի, նախարարությունների շենքերի կառուցումը ավելի էժան է ստացվում՝ հաշվի առնելով մի կարևոր հանգամանք․ - «Գները ավելի պակաս են, քան միջին այս տեսակ շինարարությանը, որովհետև սա գտնվում է Հանրապետության նախագահի ուղղակի հսկողության ներքո, առաջին օրից մինչև հիմա բոլոր որոշումները և բոլոր խնդիրները զեկուցվում են, խիստ հսկողություն կա որակի նկատմամբ»:

Երևան նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ով նոր համալիրի նախագծի հեղինակն է, ասում է, թե անկախ Հայաստանում առաջին անգամ է կառավարության շենքերի համալիր կառուցվում: Դրանով իսկ ձևավորվում է նաև Երևանի գլխավոր մուտքը:

Ի դեպ նոր համալիրի առջև՝ Շահումյան հրապարակի տակ, առաջիկայում նախատեսվում է ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել շուրջ 200 մեքենայի համար:

Ինչ վերաբերում է Հանրապետության հրապարակում գտնվող Արտգործնախարարության շենքին, որը վաճառվել է արգենտինահայ գործարարին, ապա Նարեկ Սարգսյանը վստահեցնում է՝ Երևանի սրտում գտնվող այդ շենքի արտաքին տեսքը չի փոխվի․ - «Ըստ պայմանագրի, ժամանակին [լինելու է] հյուրանոց, բայց հիմա բանակցություններ կան, որ որոշ մասով լինի նաև մշակութային տարածք՝ թանգարան և այլն: Բացառվում է արտաքին տեսքի վրա որևէ միջամտություն»:

Հիշեցնենք՝ անցած տարի Երևանի քաղաքապետարանը բաց մրցույթ էր հայտարարել Հանրապետության հրապարակի վերակառուցման համար: Այն ժամանակ դեռ Երևանի ճարտարապետ Նարեկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե պետք է լուծում տրվի հրապարակի տակ ստորգետնյա կայանատեղիներ կառուցելու, հրապարակի կենտրոնում կառուցված գորգային հատվածը շահագործելու, ինչպես նաև Լենինի արձանի տեղում որևէ բան կառուցելու խնդրին: Սակայն հրապարակի վերակառուցման համար մեծ թվով զավեշտալի նախագծեր էին ներկայացվել, որից հետո քաղաքային իշխանությունները, կարծես թե, ետ կանգնեցին հրապարակը փոփոխությունների ենթարկելու գաղափարից:

Այսօր արդեն Կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Նարեկ Սարգսյանին հարցրեցինք, թե արդյոք կարող ենք ասել, որ Հանրապետության հրապարակի վերակառուցման հետ կապված նոր գործընթաց այլևս չի լինի:

«Ես չեմ բացառում, որ կլինեն գործընթացներ: Բոլորը սիրում են ասել ականջահաճո արտահայտություններ, որ այո՛, պետք չէ կպնել, ձեռք տալ պետք չէ: Դա հասարակությանը ապակողմնորոշելու քաղաքականություն է: Հրապարակները աշխարհում կարող են փոխվել, եթե դա հիմնավորված է, և մեր հրապարակը խնդիրներ ունի: Եթե հիմա չի ներկայացված այնպիսի գաղափար, որը որ դրվի քննարկման, ես չեմ բացառում, որ ապագայում կլինի», - նշեց նա:
XS
SM
MD
LG