Մատչելիության հղումներ

Բնակիչներին չեն տեղեկացրել, որ իրենց տարածքն օտարվել է


Անցած ամիս կառավարության որոշմամբ մայրաքաղաքի Պռոշյան, Դեմիրճյան փողոցների և Սիրահարների այգուն հարող մոտ չորս հեկտար տարածք ճանաչվել է հանրային գերակա շահ ու օտարվել գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դեվելոփերզ» ընկերությանը` բազմաբնակարան շենք կառուցելու համար:

Տարածքի բնակիչները, սակայն, ինչպես իրենք պնդեցին «Ազատության» հետ զրույցում, պաշտոնապես չեն տեղեկացվել: Լիազոր մարմինը` Երևանի քաղաքապետարանը, պարտավոր էր որոշումն ուժի մեջ մտնելուց (դեկտեմբերի 9-ից) հետո 7 օրվա ընթացքում տեղեկացնել օտարվող տարածքում սեփականություն ունեցող քաղաքացիներին: Վերջիններս, մինչդեռ, իրենց սեփականության օտարման մասին տեղեկացել են համացանցից:

Նշենք, որ «Ազատության» հարցումը քաղաքապետարանն այսօր անպատասխան թողեց:

«Եթե օրենքը դուրս է եկել, հիմա իրենք արդեն մեզ պետք է ուղարկած լինեին: Մենք ինտերնետից ենք իմացել», - ասաց բնակիչներից մեկը:

Բնակիչները դեմ չեն, որ տարածքը կառուցապատվի` կառուցապատողից շուկայական գներով փոխհատուցում ստանալու պայմանով:

«Մայրապետյանը կարող է ասել` քո ապրանքդ այսքան արժե, գնահատողս այսքան է գնահատել: Ես էլ իրավունք ունեմ ըստ օրենքի իմ ապրանքը ես գնահատեմ», - պնդեց մեկ այլ բնակիչ:

Ուշագրավ է, որ կառավարության նշված որոշմամբ պետությունը որևէ պատասխանատվություն չի կրում օտարման դեպքում քաղաքացիների իրավունքների խախտման պարագայում: Պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է կառուցապատողի վրա:

«Մինչև պետությունը երրորդ կողմ` գարանտ չկանգնի, ես որևիցե որոշման հետ համաձայն չեմ լինելու: Որովհետև իրենք ամեն կերպ փորձում են մարդկանց խաբել: Օրինակներ մի միլիոն հատ կա», - ասաց բնակիչներից մեկը` հավելելով. - «Այնքան խաբվածներ կան, մենք այդ խաբվածների ցուցակում չենք ուզում հայտնվել»:

Սամվել Մայրապետյանի ընկերությունը, հիշեցնենք, հատկապես Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, մայրաքաղաքի կենտրոնի հանրային գերակա շահ ճանաչված տարածքներում բազմաթիվ էլիտար շենքեր է կառուցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG