Մատչելիության հղումներ

Ճարտարապետները թերահավատ են՝ կույտերի վերածված հնությունները չեն վերականգնվի


Ճարտարապետները թերահավատ են. կույտերի վերածված հնությունները չեն վերականգնվի
please wait

No media source currently available

0:00 0:04:52 0:00
Անհայտ ժամկետում անհայտ վայրում հին շենքը վերականգնելու խոստումով 2000-ականներից մինչև այսօր Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ քանդված մոտ 30 շենքերը այսօր քարերի կույտեր են, որոնք այնքան վնասված են, որ արդեն անհնար է պատկերացնել, թե հնարավոր են վերականգնել։

Նախախորհրդային շրջանի Երևանի պատմական շերտի ոչնչացմանը հետևած ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը վստահ է՝ եթե պետությունը վերահսկեր, այդպես չէր լինի։

«Մեծ մասը վերականգնել հնարավոր չէ»,- ասում է նա։

Ամսաթիվ, թե երբ է վերջնական հաստատվելու ու սկսվելու «Հին Երևան» նախագծի շինարարությունը, ոչ ոք այսօր էլ հայտնել չի կարող։ 2005-ից թղթի վրա ֆիքսված նախագիծ-առաջարկը կրկին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում 2013-ին, ոչ պատահական պահի՝ քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի շրջանում։ Մաշտոցի պուրակում հանրությանն ու լրագրողներին ներկայացվեց մանրակերտը՝ խոստումով, որ այն կառուցվելու է։ Նախագիծն այդ ժամանակ անգամ վերջնական տեսք չուներ։

Գլխավոր պողոտայում՝ Աբովյան փողոցից մինչև Կողբացի ընկած հատվածում հին երևանյան հատված կառուցելու գաղափարը ծնվեց 2005-ին, ինչից հետո գերակա շահի մասին հայտարարելն ու ու տարածքն աճուրդի հանելը Հայաստանի կառավարությունը կարողացավ անել ամենաարագը։ Մարդիկ հեռացան տներից, ինչի հետևանքով այդ հատվածում պահպանված հին շենքերը աստիճանաբար սկսեցին փլուզվել, իսկ ինը տարի առաջ սկսված նախագիծը դեռ թղթի վրա է։ Նախագծի հեղինակ ճարտարապետ Լևոն Վարդանյանը հույսը չի կորցնում։

«Հույս ունեմ, որ եթե մոտ ժամանակներս նոր պայմանագիր կնքվեց, նոր ներդրող հայտնվեց, որը կա, ուղղակի բանակցությունների ընթացքում են, այս տարի հողային աշխատանքները սկսվեն։ Եթե ֆինանսավորումն էլ լինի կարելի է 3-5 տարում իրականացնել ամբողջ ծրագիրը»,- ասում է Վարդանյանը։

Ճարտարապետն ասում է, որ ճիշտ կլիներ եթե պետությունը իրականացներ նախագիծը, որից հետո վաճառեր այն մասնավոր հատվածին, բայց քաղաքի կորուսյալ հատվածով վրդովված մարդկանց սփոփանքի փողոց կառուցելու համար անհրաժեշտ է մոտ 120-150 միլիոն դոլար, որի միջոցով ոչ թե կվերականգնվեին հին շենքերը, այլ երևի թե հին շենքերի լուսանկարներով կկառուցվեին նորերը։ Թեև շենքերի դիմային հատվածները կավիճով համարակալվում էին, բայց ժամանակին պետք էր ընկալել, որ դրանք քանդվում էին, մեկնաբանում է ճարտարապետը։

«Լավագույն դեպքում օգտագործվելու է այդ շենքերի քարերի 30 տոկոսը»,- ասում է Վարդանյանը։

Լուսանկարիչ Հայկ Բիանջյանն էլ չի մոռացել ոչ վաղ անցյալը, երբ սրբատաշ քարերը անփութորեն լցվում էին մեքենաների բեռնախցիկներ ու տարվում անհայտ ուղղությամբ։

Եթե վերջապես մի օր «Հին Երևան» նախագիծը աշխատասենյակից տեղափոխվի շինհրապարակ, նախագծի հեղինակը կփորձի պարզել, թե ինչ է մնացել այդ շենքերից։

«Քանդողները և պատասխանատուները, այսինքն մշակույթի նախարարությունը և քաղաքապետարանը, պետք է ինձ հերթով քարերի տեղը, որ գնանք, ուսումնասիրենք, տեսնենք՝ քանի տոկոսն են պիտանի վերակառուցման մեջ օգտագործվելու համար»,- ասաց Վարդանյանը։

320 մետր երկարությամբ փողոցն, ըստ նախագծի, արևային էներգիայի սալիկներից հավաքված ծածկ է ունենալու, առաջին հերթին այն նպատակով, որ այդտեղից չերևան Արամի փողոցի նորակառույց բարձրահարկերը, որոնք չեն խոսելու միջավայրի հետ։

Այս նախագիծը քաղաքի որևէ այլ հատվածում տեղավորելու տարբերակը բացառում է նախագծի հեղինակը, որովհետև այս պահին գլխավոր պողոտայում դեռևս կանգուն են 10 շենքեր, որոնք պետք է դառնան փողոցի մասը։ Լևոն Վարդանյանը պլանավորել է գլխավոր պողոտայում վերակառուցել Պուշկինի 11-ը, «Օրիենտ» հյուրանոցի շենքը, Լիմոնադի գործարանի նախկին շենքը, Աֆրիկյանների շենքը, որը դեռևս կանգուն է, բայց պետք է տեղափոխվի, Բուզանդ 17-ը և այլ շենքեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG