Մատչելիության հղումներ

Երևանի կենտրոնում հերթական տարածքն է օտարվել


Երևանի կենտրոնում հերթական տարածքն է օտարվել
please wait

No media source currently available

0:00 0:04:14 0:00

Կառավարության այսօրվա որոշմամբ մայրաքաղաքում ևս 4 հեկտար տարածք հանրային գերակա շահ ճանաչվելով՝ օտարվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից մեկին՝ Սամվել Մայրապետյանին։

Կառավարության այսօրվա որոշմամբ մայրաքաղաքում ևս 4 հեկտար տարածք հանրային գերակա շահ ճանաչվելով՝ օտարվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից մեկին՝ Սամվել Մայրապետյանին։ Նա Քոչարյանի ղեկավարման տարիներին ևս, օգտվելով հանրային գերակա շահ ճանաչված տարածքներից, էլիտար շենքեր էր կառուցել մայրաքաղաքի կենտրոնում։

Այսօրվա որոշմամբ Երևանի կենտրոնի՝ Պռոշյան, Դերենիկ Դեմիրճյան փողոցների, ինչպես նաև Սիրահարների այգու հարակից տարածքները օտարվում են Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը՝ բազմաբնակարան շենք, ստորգետնյա ավտոկայանատեղ կառուցելու նպատակով։

Կառավարության որոշման մեջ նշվում է, որ իշխանությունների նպատակն է մայրաքաղաքը մաքրել խարխուլ, քաղաքի տեսքը աղճատող տներից։ Ընդ որում, ըստ փաստաթղթի, հենց բնակիչներն են դիմել Երևանի քաղաքապետարան։

Մինչդեռ մեզ հանդիպած ընտանիքներն անգամ տեղյակ չէին իրենց սպասվող ճակատագրին։ Կարինե Մանուկյանը լրագրողներից է տեղեկացել։ Նրա 6 հոգանոց ընտանիքը բնակվում է երկհարկանի, նորոգված տանը, որը գնել են շուրջ 40 տարի առաջ։

«Մարդկանց գցում են փողոց, ստացվում է՝ ով ինչ ուզենա, կանի մեր սեփականության վրա։ Պետության դեմ ի՞նչ կարանք անենք, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»,- ասաց Մանուկյանը։

Կառավարության որոշման համաձայն, տները քանդելու մասին սեփականատերերին կծանուցվի առաջիկա յոթ օրվա ընթացքում։ Սակայն բնակիչներն ասում են, որ տեղյակ լինելով օտարման պատմություններին, հույս չունեն, որ իրենց իրավունքները չեն խախտվի։

Իշխանություններից դեռևս դժգոհ, Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչ Վաչագան Հակոբյանն, ում բնակարանը ևս անցած տարիներին քանդվեց հանուն հանրային գերակա շահի, բնակիչներին խորհուրդ էր տալիս չընկրկել ու պայքարել իրենք իրավունքների համար։

«Էս մարդիկ պետք է օրենքները իմանան, որ կարողանան պայքարել և դիմեն ամեն տեղ, նույնիսկ դուրս գան և ասեն՝ «մենք համաձայն ենք էս բնակարանը քանդելուն, բայց մեզ տվեք այնպիսի գումար, որ կարողանանք բնակարան գնել մեր քմ-ին համապատասխան»,- ասում է Հակոբյանը։

Տուժողից իրավապաշտպան դարձած Հակոբյանն ասում է, թե օտարման նախորդ տարիների փորձը լավատեսություն չի ներշնչում. անցած տարիներին շատ դեպքերում մարդկանց պարզապես վտարեցին տներից՝ դրանց դիմաց տալով չնչին գումարներ։ Հակոբյանի տվյալներով, տներից վտարված 82 ընտանիքներ լքել են Հայաստանը։

«Իրենք ոչ շուկայական գներով տվեցին, օրինակ, ամենաշատը տվել են 300 դոլար մեկ քմ-ի համար։ Մարդիկ գնում էին մի քիչ ավելի հեռու, որ բնակարան գնեին, վաճառողը 1500 դոլար էր ուզում [1 քմ-ի համար]»,- ասում է Հակոբյանը։

Համաձայն կառավարության որոշման, սեփականության օտարման գործընթացը պետք է ավարտվի 2015 թվականի հունվարի 1-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG