Մատչելիության հղումներ

Նախարարները նոր կենսաթոշակային համակարգի հարցում նահանջի տեղ չեն տեսնում


Նախարարները պնդում են, որ պարտադիր կուտակայինի անցնելու հարցում «նահանջի տեղ չկա»
please wait

No media source currently available

0:00 0:04:10 0:00
Չնայած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ բարձրացած բողոքի ալիքին, կառավարության երեք նախարարները Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի հետ այսօր պնդեցին, որ նահանջի տեղ չկա, և հունվարից 1974-ից հետո ծնվածները պարտադիր կերպով իրենց աշխատավարձի 5տոկոսը պետք է փոխանցեն մասնավոր ֆոնդերին՝ ապահով ծերության ակնկալիքով:

Նախարարները հարցի շուրջ նոր բանավեճի իմաստ չեն տեսնում, քանզի բարեփոխումները մշակվել 10 տարվա ընթացքում և, նրանց կարծիքով, բովանդակային քննարկումների ժամանակներն անցել են:

«Բոլոր ինստիտուցիոնալ առումներով անցած քննարկում է, հիմա կրկին դրան անդրադառնալը մարդկանց մոտ ընդամենը ստեղծելու է ապատեղեկատվության նոր շարան»,- հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը:

Այնուամենայնիվ, հարցեր հիմա էլ կան. ընդդիմախոսները այստեղ լուրջ իրավական խնդիրներ են տեսնում կապված տարիքային խտրականության, անձնական սեփականության, սահմանված 5 տոկոս պահումների և նոր համակարգի պարտադիր բաղադրիչի հետ: Ակտիվիստները և ընդդիմադիր քաղաքական ուժերը անգամ պատրաստվում են խնդիրը հասցնել Սահմանադրական դատարան։

«Հակասահմանադրականության վերաբերյալ այդ պնդումը ավելի քան ծիծաղելի է, քանի որ հարցը մանրամասնորեն քննարկվել է»,- ասաց Վաչե Գաբրիելյանը։

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը բացատրեց, որ տարիքային խումբն ավելի ցածր չի ընտրվել զուտ այն պատճառով, որ 40-անց մարդկանց համար ժամանակը քիչ է անհրաժեշտ գումար կուտակելու համար: Աշխատավարձի 5 տոկոսն էլ ընտրվել է մի շարք չափորոշիչներ ուսումնասիրելով: Ինչ վերաբերում է պարտադրանքին, նախարարը համեմատականներ անցկացրեց ԱՊՊԱ վճարների հետ՝ ասելով, թե ժամանակին այս պարտադրանք էլ բողոքի ալիք բարձրացրեց, մինչդեռ ժամանակը ցույց տվեմ, որ ԱՊՊԱ-ն լավագույն լուծումներից մեկն էր: Նախարարը անհիմն որակեց պնդումները, թե օրենքը խախտում է նաև սեփականության իրավունքը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, սահմանադրական նորմերի մասին խոսելիս, հարկ համարեց հիշեցնել, որ պետությունը պետք է տարբեր գործիքներով ապահովի իր քաղաքացիների բարեկեցիկ ծերությունը։

«Եթե մենք այսօր այդ ձևաչափով շարունակում ենք, ամեն հաջորդ տարի ավելի մեծանալու է մեծանալու է ֆինանսական բեռը պետական բյուջեի վրա, աշխատունակ անձանց վրա։ Այսինքն պիտի անցում կատարվի մի քանի աղբյուրներից ֆինանսավորվող կենսաթոշակային համակարգի, որպեսզի հնարավոր լինել ապահովել ոչ միայն հիմա, այլև հետագայում քաղաքացիներին նորմալ կենսաթոշակով»,- ասաց Ասատրյանը։

Կառավարությունը նաև զգուշացնում է՝ եթե հին համակարգը մնա ուժի մեջ, ապագա թոշակառուները չեն կարողանա ապահով ծերության մասին անգամ երազել: Ուստի հորդորում են՝ ինչքան շատ պահեք աշխատավարձից այսօր, այդքան շատ փող կունենաք թոշակի անցնելիս: Վաղվա օրվա հանդեպ թերահավատ ընդդիմախոսներին էլ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հանգստացնում է՝ մի հիշեք խորհրդային անցյալի փոշիացած ավանդները, քանի որ այդ գումարները ընդամենը մեկ՝ պետության գրպանն են գնացել, պետությունը փլվեց, գումարներն անհետացան: Երիցյանն այս պարագայում նման վտանգներ չի տեսնում։

«Ի՞նչ կլինի, եթե կառավարիչը սնանկանա։ Ոչինչ։ Այդ կառավարիչը դուրս կգա, մեկ այլ կառավարիչ կգա, այդ արժեթղթերը դեպոզիտարիաներից կփոխանցվեն մյուս կառավարչին, և քաղաքացին իր այդ ներդրումը կունենա»,- ասաց Երիցյանը։

Եթե իրոք համակարգն այդքան լավն է, ապա ինչո՞ւ կառավարության, ԿԲ-ի աշխատակիցները կամավոր սկզբունքով չեն ձգտում հետևել այս օրինակին ու ապահովել իրենց բարեկեցիկ ծերությունը։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը դեռ ուսումնասիրում է իր իսկ առաջարկած համակարգը։

«Երբ որ գտնեմ ինձ համապատասխան ագրեսիվ պորտֆելը, որ իմ տարիքից ելնելով կտա մասնակցել և ունենալ երաշխավորված եկամուտ 63 տարեկանում, ես անպայման մասնակցելու եմ այդ պորտֆելին»,- ասաց Գաբրիելյանը։
XS
SM
MD
LG