Մատչելիության հղումներ

Խորհրդարանական չորս ուժերը դատապարտում են մեծամասնության քայլը


Խորհրդարանական ընդդիմությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, ՀՅ Դաշնակցություն և «Ժառանգություն» խմբակցությունները, ինչպես նաև անկախ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարությամբ են հանդես եկել, որում դատապարտում են խորհրդարանի արտահերթ նիստը բոյկոտելու՝ քաղաքական մեծամասնության քայլը:

«Քաղաքական մեծամասնության կեցվածքը գնահատում ենք որպես բացահայտ արհամարհանք Սահմանադրության նկատմամբ, քաղաքական փոքրամասնության սահմանադրական իրավունքներն իրացնելու հնարավորությունը ի չիք դարձնող և բաց քննարկումներից խուսափելու քայլ, անհանդուրժողականության դրսևորում, Ազգային ժողովի դերը նսեմացնելու հերթական փորձ», - ասված է հայտարարությունում:

Փաստաթղթի հեղինակները անընդունելի են համարում կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը 2014 թվականի հունվարի 1-ից գործողության մեջ դնելու Հայաստանի իշխանությունների կարծր և, իրենց համոզմամբ, քաղաքացիների շահերից չբխող մոտեցումը, պահանջում կասեցնել պարտադիր բաղադրիչի կիրառումը, իրականացնել հանրային և մասնագիտական լայն քննարկումներ, ստեղծել բացահայտված ռիսկերի լիարժեք չեզոքացման մեխանիզմներ, կատարել համապատասխան փոփոխություններ և վերջնական տարբերակը դնել հանրաքվեի:

Խորհրդարանական չորս ուժերը և անկախ պատգամավորը հայտնում են, որ շարունակելու են պայքարել այս համակարգի դեմ Սահմանադրությամբ նախատեսված ցանկացած միջոցով, և կոչ են անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ ակտիվորեն մասնակցել այդ պայքարին: «Այն ուղղված է արժանապատիվ ծերություն ունենալու ՀՀ քաղաքացու իրավունքի ապահովմանը», - ասված է փաստաթղթում, որը տրամադրել են Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG