Մատչելիության հղումներ

Երեւանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները


Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: 24-ը մայիսի, 2013թ.
Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: 24-ը մայիսի, 2013թ.
Այսօր Երեւան են ժամանել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագաները:

Իեն Քելլին (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) Երեւան են ժամանել Բաքվից: Այս անգամ համանախագահները Լեռնային Ղարաբաղ չեն այցելելու:

Համանախագահներին արդեն ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ աշխատանք է տարվում առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու համար:

«Երկու երկրների արտաքին գործերի նախարարները աշխատում են նախագահների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Գիտեք, որ Փարիզում բանակցություններ տեղի ունեցան, հանդիպեցինք Կրակովում. այս ողջ աշխատանքն ուղղված է նրան, որպեսզի հինք ստեղծվի նախագահների հանդիպման համար: Դեռեւս, սակայն, հանդիպման մասին պայմանավորվածություն չկա», - ասաց ռուսաստանցի համանախագահը:

Մեկնաբանելով այս շաբաթ ավելի վաղ Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը ստատուս քվոյի անընդունելիության եւ գրավյալ տարածքները վերադարձնելու մասին` Պոպովն ասաց. - «Լավրովն այդպիսի բան չի ասել: Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ ստատուս քվոն ձեռնտեւ չէ ոչ մեկին` ո'չ Ադրբեջանին, ո'չ համանախագահող երկրներին, ո'չ Հայաստանին` հաշվի առնելով տնտեսական շրջափակումը: Ձեռնտու չէ նաեւ Լեռնային Ղարաբաղին: Մենք ելնում ենք նրանից, որ բանակցային գործընթացում պետք է տեղաշարժ լինի, եւ այդ տեղաշարժի արդյունքում ի վերջո պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիր: Սրա մասին է խոսքը»:

Լավրովը, հիշեցնենք, ասել էր. - «Ստատուս քվոն, անշուշտ, անընդունելի է, ընդ որում` բոլորի համար: Առաջին հերթին` Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղում ապրողների համար, ես դրանում խորապես համոզված եմ: Ստատուս քվոն նշանակում է ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի լուծված չլինելը, այլեւ` Հայաստանի տնտեսական շրջափակումը, այդ պատճառով այստեղ պետք չէ որեւէ մեկին համոզել այդ ստասուսի անընդունելիության հարցում»:

Ռուսաստանցի համանախագահը հավելեց, որ հակամարտության կարգավորման` այսօր քննարկվող վեց կետերը ներառում են ե'ւ տարածքների վերադարձի, ե'ւ Լեռնային Ղարաբաղի վերջանական կարգավիճակի հարցերը:
XS
SM
MD
LG