Մատչելիության հղումներ

Օբամա. «ԱՄՆ-ը հավատարիմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը»


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ, արխիվ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ, արխիվ

ԱՄՆ-ի նախագահը ուղերձով դիմել է Ադրբեջանի նախագահին եւ շնորհավորել Հանրապետության օրվա կապակցությամբ։

Հանրապետության տոնն Ադրբեջանում նշում են մայիսի 28-ին։

«Շնորհավորում եմ Ձեզ եւ Ադրբեջանի ժողովրդին Հանրապետության օրվա առիթով։ 1918 թվականին ստեղծված անկախ Ադրբեջանը միջազգային հանրության համար դարձել էր մահմեդական աշխարհում առաջին ժողովրդավարական եւ աշխարհիկ պետության օրինակ։ Մենք միանում ենք այդ տոնին, որն Ադրբեջանի համար նշանակալից տարեթիվ էր», - ասվում է Սպիտակ տան ղեկավարի ուղերձում։

Բարաք Օբաման նշել է, որ Ադրբեջանը եւ Միացյալ Նահանգները հաստատել են ամուր գործընկերություն, մասնավորապես, էներգետիկ եւ տարածաշրջանային անվտանգության բնագավառներում։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները ամբողջությամբ սատարելու է Ադրբեջանում կայուն, ժողովրդավարական եւ բարգավաճող հասարակություն ստեղծելու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ եղանակով կարգավորելու ջանքերին։ Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի ներդրումը Աֆղանստանում մեր համատեղ իրականացրած գործողություններին։ Ազգային տոնի առիթով Ձեզ եւ Ադրբեջանի ժողովրդին Ամերիկայի ժողովրդի անունից փոխանցում եմ մեր լավագույն մաղթանքները», - ասվում է Իլհամ Ալիեւին Բարաք Օբամայի հասցեագրած ուղերձում։

Երեկ Ալիեւն ընդունել է հերթական անգամ տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Պոպովին, ամերիկացի Իեն Քելլիին, ֆրանսիացի Ժակ Ֆորին եւ նրանց ուղեկցող ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։

Այցի մասին երեքշաբթի օրը հայտնել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսում հայտարարել է, որ առկա ստատուս քվոն անընդունելի է հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերի, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի համար։

Այցի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել մայիսի 17-ին Կրակովում` Էլմար Մամեդյարովի եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ընթացքում։

Այսօր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները կժամանեն Երեւան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG