Մատչելիության հղումներ

Հայաստանցի փորձագետը «նորմալ» է համարում Լավրովի հայտարարությունը


Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարար Մամեդյարովն ու Լավրովը հանդիպումից հետո: Մոսկվա, 21-ը մայիսի, 2013թ.
Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարար Մամեդյարովն ու Լավրովը հանդիպումից հետո: Մոսկվա, 21-ը մայիսի, 2013թ.
«Ստատուս քվոն նշանակում է ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի լուծված չլինելը, այլեւ Հայաստանի տնտեսական շրջափակումը, այդ պատճառով այստեղ պետք չէ որեւէ մեկին համոզել այդ ստասուսի անընդունելիության հարցում». սրանք Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերն են ադրբեջանցի իր գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ:

Լավրովի հայտարարությունը մեկնաբանելու` «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին ի պատասխան, արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը խորհուրդ տվեց վերընթերցել Ակվիլայում Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, ինչպես նաեւ Աստանայում արված հնգակողմ հայտարարությունը:

Ակվիլայի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, - «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի, Ռուսաստանյան Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներս, հաստատում ենք մեր նվիրվածությունը` աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կարգավորման Հիմնարար սկզբունքները վերջնական տեսքի բերելու գործում: Հանձնարարում ենք մեր միջնորդներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացնել 2007 թվականի նոյեմբերի Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակը` Հիմնարար սկզբունքների նոր շարադրանքը համանախագահների կողմից: Հորդորում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին լուծել իրենց միջեւ մնացած սակավաթիվ տարաձայնությունները եւ ավարտական տեսքի բերել այդ Հիմնարար սկզբունքների վերաբերյալ իրենց համաձայնությունը, ինչը կուրվագծի համապարփակ կարգավորում»:

Հիշեցնենք, որ հենց Հիմնարար սկզբունքներում է ներառված «Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը», ձեւակերպումը:

Ինչ վերաբերում է Աստանայի հայտարարությանը, ապա համանախագահ երկրների ղեկավարները բանակցությունների համար ավելի լավ մթնոլորտ ստեղծելու նպատակով կոչ են արել «լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հրադադարի ռեժիմը պահպանելու եւ բոլոր ոլորտներում վստահությունը ամրապնդելու համար»:

«Ռուսաստանի համար Լավրովի հայտարարությունը նորմալ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը` փաստարկելով. - «Որովհետեւ մենք չենք ճանաչում այդ դիրքորոշումները. ո'չ Ադրբեջանի, ո'չ Մինսկի խմբի, ո'չ մեկի: Մենք ընդամենը պատրաստ ենք բանակցել: Ուրիշ որեւէ բան ո'չ հայտարարված է, ո'չ էլ կա»:

«Լավրովը, արհամարհելով խնդրի էությունը, խոսեց կոնֆլիկտի հետեւանքների մասին: Նպատակները, իհարկե, միանշանակ չեն: Ես կարծում եմ, դա ավելի շատ կապված էր ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետ», - նշեց Սարգսյանը` շարունակելով. - «Ռուսատանի համար Ադրբեջանը ավելի ու ավելի գլխացավանք է դառնում: Սովորաբար, թեկուզ ձեւական, բայց ամեն կերպ փորձ է արվում սիրաշահել հենց ղարաբաղյան խնդրում: Սիրաշահումը որն է…հենց այն, որ խոսվեց տարածքների մասին` այն, ինչ որ Ադրբեջանին է հետաքրքրում, եւ չխոսվեց, ասենք, խնդրի բուն էության վերաբերյալ` Ղարաբաղի ստատուսի մասին»:

Ռուսաստան - Հայաստան ռազմավարական գործընկերության վերաբերյալ Մանվել Սարգսյանն ասաց. - «Մենք պիտի հասկանանք, որ հարաբերությունները մի բան են, շահերը ուրիշ բան են: Ասենք, եթե Ռուսաստանին ձեռնտու է ռազմական հարաբերություններ ստեղծել Հայաստանի հետ եւ ռազմական ներկայություն ունենալ այստեղ, նա այդ գործը անում է` առանց որեւէ կոմպրոմիսի: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանին հետաքրքրող ուրիշ խնդիրներում Ռուսաստանը պիտի անպայման պաշտպանի Հայաստանին: Ինչի մասին պայմանավորվում ենք, այդ շրջանակում էլ շարունակվում են հարաբերությունները: Դրանից դուրս բոլորը ազատ են: Ռուսաստանը հո չի՞ պայմանավորվել Հայաստանի հետ, որ պաշտպանելու է Հայաստանին ղարաբաղյան խնդրում»:

Մանվել Սարգսյանը չի կիսում տարածված կարծիքը, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների այցերն անպտուղ են. - «Ամեն անգամ ինչ-ինչ շեշտադրումներ են արվում եւ ինչ-որ հարցեր են լուծվում: Եթե չի լինում բուն կարգավորման հետ կապված հայտարարություն, դա դեռ չի նշանակում, որ այս ամեն ինչը իմաստ չունի: Իմաստ ունի, որովհետեւ Մինսկի խումբը հզոր գեոպոլիտիկ մեխանիզմ է, եւ նրանք անընդհատ փորձում են իրենց վերահսկողության տակ պահել պրոցեսները»:

Ի դեպ, առաջիկա օրերին սպասվում է համանախագահների այցը տարածաշրջան:
XS
SM
MD
LG