Մատչելիության հղումներ

Փետրվարի 18-ի ընտրությունները «ոչ այլ ինչ են, քան «տուն-տունիկ»


«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի կարծիքով` նախագահական ընտրություններում Հրանտ Բագրատյանին չսատարելու որոշումը ՀԱԿ-ում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի հետեւանք է:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հարցին, թե արդյոք ճիշտ էր ՀԱԿ-ին անդամակցող կուսակցության նախագահի առաջադրումը` հակառակ դաշինքի որոշման, Արամ Սարգսյանն արձագանքեց, թե Հրանտ Բագրատյանը կայացած գործիչ է եւ «ի զորու է հաշվարկել» իր գործունեությունը:

«Դա ճիշտ որոշում էր նաեւ ՀԱԿ-ում եղած շատ ու շատ մարդկանց համար», - նշեց անցած գարնանը ՀԱԿ-ից դուրս եկած «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը:

Արամ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը, հիշեցնենք, նույնպես որոշել է չմասնակցել փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին եւ չսատարել որեւէ թեկնածուի: Անձամբ Արամ Սարգսյանը, այդուհանդերձ, արդեն որոշել է, թե ում օգտին է քվեարկելու: Նա, սակայն, չցանկացավ բարձրաձայնել իր նախընտրած թեկնածուի անունը` պատճառաբանելով, թե դա քարոզչություն կլինի: Ընտրությունը, ամեն դեպքում, կատարելու է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի միջեւ: Արամ Սարգսյանի կարծիքով, թեկնածուներից միայն Բագրատյանն է առաջարկում կոնկրետ ծրագիր:

Հարցին, թե հավատում է արդյոք, որ ընդդիմադիր այդ թեկնածուներից որեւէ մեկը կարող է լրջորեն մրցակցել Սերժ Սարգսյանի հետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահն արձագանքեց. - «Ես կոռեկտ չեմ համարում այդ հարցին պատասխանել, որովհետեւ ես ինքս չեմ մասնակցում: Իսկ այդ մարդիկ հավատում են իրենց հաղթանակին, քարոզարշավ են անում: Չվնասելու տեսակետից ելնելով` ես տեսակետներ չեմ ասի»:

Ի պատասխան հարցին, թե չի զղջում ընտրություններին չմասնակցելու որոշման համար, Արամ Սարգսյանն ասաց, թե փետրվարի 18-ին Հայաստանում ընտրություններ տեղի չեն ունենալու, իսկ հասարակությունը, ինչպես ինքը համոզվել է վերջերս կատարած մարզային այցելություններից հետո, այսօր սեփական իրավունքների համար պայքարելու ցանկություն չունի:

Նա հայտարարեց, թե ՀԱԿ-ը, ցավոք, հիասթափեցրեց ժողովրդին. մարդիկ տեսան, որ ընդդիմությունը չի տարբերվում իշխանությունից:

«Ժողովուրդը, դժբախտաբար չէր հավատում որեւէ մեկին` ո'չ ընդդիմությանը, ո'չ իշխանությանը: Եվ այստեղ խնդիրն այն էր, որ ընդդիմությունը իր քայլերի մեջ արել էր այնպիսի բաներ, ինչը բնորոշ է իշխանությանը: Այսինքն` ընդդիմությունն էլ ցույց էր տվել, որ ինքը իշխանության հասնելու ճանապարհին տաբուներ չունի, կարող է համագործակցել Մարտի 1-ից հետո մեղադրանքներ ներկայացված «Բարգավաճ Հայաստան»-ի հետ: ժողովուրդը չէր ընդունում դա ու տեսավ, որ ՀԱԿ – ԲՀԿ – Դաշնակություն ռոբերտքոչարյանախառը այդ կոնգլոմերատը փոփոխություն չի Սերժ Սարգսյան - «Օրինաց երկիր» կամ մնացած օլիգարխներ: Ոչ մի տարբերություն: Եվ այս կոնտեքստում հասարակությունը հույսը կորցրեց նաեւ ընդդիմությունից», - նշեց նա:

Մրցապայքարում հաջողություն մաղթելով Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Հրանտ Բագրատյանին` Արամ Սարգսյանը, միաժամանակ, ընդգծեց, թե փետրվարի 18-ի ընտրությունները ոչ այլ ինչ են, քան «տուն-տունիկ»:

Նրա համոզմամբ, իշխանությունը կրկին գործի է դնելու բոլոր ընտրակեղծիքները, քանի որ Սերժ Սարգսյանը ազատ ընտրությունների պարագայում վերընտրվելու շանս «ընդհանրապես չունի». - «Ժողովուրդը, իմ համոզմամբ, 90 տոկոսով փոփոխություններ է ուզում, ժողովրդի մեծամասնությունն այդ փոփոխությունները Սերժ Սարգսյանից չի սպասում, չի հավատում, որ Սերժ Սարգսյանը կարող է փոփոխություններ բերել: Սերժ Սարգսյանը գուցե փոփոխություններ բերի իր թիմի համար, իր կողքին կանգնածների համար, որոնք ոչ միայն չեն օգնում, այլեւ խանգարում են: Դրա համար էլ երեւի մենակ է գնում քարոզարշավների: Ո՞վ է խանգարել մինչեւ հիմա փոխելու: Վերջ ի վերջո, Սերժ Սարգսյանը, եթե չեմ սխալվում, 1992 թվականից կառավարության անդամ է եւ` բավականին լուրջ անդամ, ազդեցություն ունեցող անդամ: Այստեղ հասարակությանը համոզել, որ` ես փոփոխություններ բերող եմ, շատ բարդ է»:

«Ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ գործող իշխանություններից յուրաքանչյուրը ազատ ընտրությունների պարագայում շանս չունի վերընտրվելու», - եզրափակեց «Հանրապետություն» կուսակցության նախագահը:
XS
SM
MD
LG