Մատչելիության հղումներ

ՀԱԿ առաջնորդի փոփոխության մասին խոսելն «անիմաստ է»


ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյան
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի փոփոխության մասին խոսելն անիմաստ է, քանի դեռ ինքը` Լեւոն Տեր-Պետրոսյանը չի հայտարարել, որ հրաժարվում է այդ կարգավիճակից: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով Կոնգրեսից հնչող այն տեսակետներին, որ առաջնորդի փոփոխություն պետք է տեղի ունենա:

Արձագանքելով ՀԱԿ-ին անդամակցող որոշ կուսակցությունների այն պնդումներին, որ ընդդիմադիր դաշինքում քաղաքական ճգնաժամ է առաջացել եւ դաշինքը փրկելու համար անհրաժեշտ են բարեփոխումներ, Փաշինյանը ասաց, որ ճգնաժամն այսօր ամբողջ Հայաստանում է, եւ ՀԱԿ-ը չի կարող չազդվել այդ ճգնաժամից:

Փաշինյանը վերջերս անդրադարձել էր ՀԱԿ-ի թույլ տված սխալներին` իշխանությունների հետ ծավալած երկխոսությանը եւ «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցությանը: Այս երկու սխալների մասին խոսել էին նաեւ ՀԱԿ-ի մաս կազմող երկու ուժերը` ընդգծելով որ դրանց պատճառով ՀԱԿ-ը կանգնեց կոտրած տաշտակի առաջ եւ կորցրեց իր ընտրազանգվածը:

«Ասել եմ արդեն, եւ կրկնում եմ, որ դրանք ՀԱԿ-ի գործունեության երկու առանցքային կարեւորագույն սխալներն էին: Այնուամենայնիվ, մենք պետք է արձանագրենք, որ կոտրած տաշտակի առաջ ոչ միայն, կամ ոչ այնքան ՀԱԿ-ն է հայտնվել, որքան Հայաստանի Հանրապետությունը: Այս իրողությունը, որ մենք ունենք այսօր Հայաստանում, այսօրվա քաղաքական իրավիճակը, նախագահական ընտրությունների ֆոնը, այն իշխանությունը, որ այսօր հաստատված է Հայաստանում այլ կերպ, քան կոտրած տաշտակ իսկապես դժվար է անվանել: Բոլոր ընդդիմադիր գործիչների խնդիրն է հաղթահարել այդ քաղաքական իրավիճակը եւ Հայաստանում հաստատել օրենքի իշխանություն», - ասաց Փաշինյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս պետք է հաստատվի այդ օրենքի իշխանությունը, եթե ՀԱԿ-ը չի մասնակցում երկրի գլխավոր քաղաքական իրադարձությանը` նախագահական ընտրություններին, Փաշինյանը ասաց. - «Օրինակ, Եգիպտոսում Հոսնի Մուբարաքի ռեժիմը շատ հանգիստ անցկացրեց խորհրդարանական, նախագահական ընտրություններ, որից հետո տեղի ունեցան հայտնի իրադարձությունները: Ես չեմ կարծում, թե բռնապետության, կոռումպացված ապօրինի իշխանությունների դեմ պայքարը սկսվում կամ ավարտվում է ընտրություններով: Ընդհակառակը, մենք պետք է շատ լուրջ հետեւություններ անենք այս փուլից, հավաքենք մեր ուժերը, որպեսզի կարողանանք կատարել հանրության առաջ ստանձնած մեր պարտավորությունները»:

«Ես չեմ ասի, որ մարտին տեղի է ունենալու իշխանափոխություն, բայց ես չեմ բացառի այդ սցենարը, ջանքեր կգործադրեմ դրա համար, որպեսզի օր առաջ, հնարավորինս շուտ երկիրը ազատվի հանցագործ իշխանությունից: Ես անձամբ ինձ պարտավորված եմ զգում, պատկերավոր ասած` Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների առաջ, ովքեր 2008 թվականին հայտնի իրադարձություններից հետո սառնամանիքի տակ գիշերներ են անցկացրել Ազատության հրապարակում», - շարունակեց ընդդիմադիր գործիչը:

«Սասուն Միքայելյանի տեսակետները պետք է շատ լուրջ ուսումնասիրենք»

ՀԱԿ-ի վերջին շրջանի գործունեությունն այսօր խստորեն քննադատել է նաեւ 2008- իրադարձություններից հետո անազատության մեջ հայտնված, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը: «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված իր հոդվածում նա ընդգծում է, որ Կոնգրեսը անհեռատես քաղաքական սիրախաղերով ամայացրեց քաղաքական դաշտը:

«Այն ինչ հալածանքներով, բանտարկություններով եւ այլ բիրտ մեթոդներով վերջին չորս տարիների ընթացքում չկարողացան անել իշխանությունները, ՀԱԿ-ի ղեկավարությունը ընդամենը մեկ տարվա ընթացքում իրականություն դարձրեց», - գրել է Միքայելյանը:

Անդրադառնալով Միքայելյանի այս պնդմանը` Փաշինյանը ասաց. - «Սասուն Միքայելյանը շատ լուրջ եւ մեծ ներդրում է ունեցել համաժողովրդական գործում, նա կրել է լուրջ զրկանքներ հանուն Հայաստանում ազատության, եւ ես կարծում եմ, որ մենք բոլորս Սասուն Միքայելյանի արտահայտած տեսակետները շատ լուրջ պետք է ուսումնասիրենք եւ դրանից անենք համապատասխան հետեւություններ»:

«Քոչարյանը եւ Սարգսյանը միտումնավոր սեպ են խրել ազգի մեջ»

Եթե Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում չառաջադրվելու իր որոշումը պայմանավորեց 68 տարեկան լինելու հանգամանքով, ապա Հայաստանի երկրորդ նախագահը դա բացատրեց երկու ղարաբաղցիների եւ գործընկերների միջեւ պայքարի անընդունելիությամբ:

Այսօր արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությանը` Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ եթե նախկինում որեւէ մեկը փորձում էր հիշատակել Քոչարյանի եւ Սարգսյանի ղարաբաղցի լինելը, նրանք դա որակում էին ազգի երկու հատվածների միջեւ սեպ խրելու փորձ:

«Ի վերջո այս հարցազրույցը մեզ հնարավորություն է տալիս անել հետեւյալ հետեւությունը, որ ազգի երկու հատվածների միջեւ սեպ են խրել միտումնավոր հենց Քոչարյանն ու Սարգսյանը` «բաժանիր, որ տիրես» հանրահայտ սկզբունքը Հայաստանում կիրառելու համար: Երկրորդը` այս հարցազրույցը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հակասություններ չկան եւ չեն կարող լինել: Քոչարյանը եւ Սարգսյանը, Հայաստանում բռնազավթելով իշխանությունը, իրականացրել, իրականացնում եւ շարունակելու են իրականացնել ծրագիր Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը իրար հետ հաջորդաբար կամ որեւէ ֆորմատով կիսելու համար: Հիմա այս նախագահական ընտրությունները, անցած պրոցեսները ցույց են տալիս, որ դա իսկապես ամենակարեւոր սպառնալիքն է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն ու նրա ապագային», - ասաց նա:
XS
SM
MD
LG