Մատչելիության հղումներ

Հրանտ Բագրատյանը վստահ է, որ հաղթելու է


Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը նախընտրական քարոզարշավը սկսեց Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում:

Ընտրողների հետ հանդիպման ժամանակ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե նախագահական ընտրությունների հիմնական ինտրիգը լինելու է իր եւ նախագահի թեկնածու, Հանրապետության գործող նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի միջեւ:

«Այստեղ կասկած չկա: Ես ինձ լավ հաշիվ եմ տալիս, թե ինչ եմ անում: Եվ դուք վերջը կտեսնեք, սա ձնագնդիի նման ծավելելու եմ հանրապետությունով մեկ: Ես պիտի ամեն ինչ անեմ այս երկիրը ոտքի կանգնեցնելու համար», - ասաց թեկնածուն:

Ես ձեզանից ձայն չեմ խնդրում, Վերին Արտաշատցիներին դիմելով հայտարարեց Բագրատյանը. - «Ես նման խնդիր չունեմ, մեկա հանրապետությունով մեկ ինձ ասելու են մի բան արա: Հիմա ես ձեզ ասում եմ, շանս կա գնալ ընտրության, անկախ նրանից ենթադրենք թե նախորդ անգամ ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Մի օր ստացվելու է: Անպայման: Ես կանգնել եմ ոտքի, ես որեւէ խնդիր չունեմ բարեկամանալու շատերի հետ: Չեմ ակնկալում որեւէ պաշտոն, չի լինելու այդպիսի բան: Ես ուզում եմ ինքս իմ ուզածը վերցնել եւ ես մինչեւ վերջ իմ ասածի տերն եմ կանգնելու»:

Բագրատյանի հիմնական նախընտրական կարգախոսները երկուսն են` «Ընդամենը հարյուր քայլ», «Մինչեւ սոցիալական համերաշխություն» եւ մարզերի համար հատուկ ընտրվել է «Հայաստանը միայն Երեւանը չէ» կարգախոսը:

Նախագահի թեկնածուն հայտարարեց, թե գյուղ եմ բերելու կոոպերացիաները. - «Ամեն գյուղում բոլոր նրանք, ովքեր ունեն հող, կստանան նաեւ պետությունից փայ, պետությունը փողը կդնի, կստանա փայ երկու ձեռնարկությունում` մեկը ագրոսերվիսի մեջ, մեկը` վերամշակող ձեռնարկությունում: Սա նախկին կոլխոզը չէ, սա փայատիրական հիմնարկ է, հողի մասնավոր սեփականությունը չի վերանա»:

Բագրատյանը գտնում է, որ էժան պարարտանյութի փոխարեն գյուղացուն պետք է տրվի այդ պարարտանյութի գումարը, քանի որ, ըստ նրա, էժան պարարտանյութի դեպքում պետությունը սուբսիդավորում է մատակարարին: Ես ձեզ աշխատատեղեր չեմ խոստանում, ընտրողներին ասում է նա:

«Այնտեղ, որտեղ պետությունը մեծ պրոյեկտներ կանի, աշխատատեղերը ավտոմատ կստեղծվեն: Դուք եք ստեղծելու ձեր աշխատատեղերը, ամեն մեկդ ձեր փոքր բիզնեսով: Սա է իմ ճանապարհը», - հայտարարեց նա:

Նախագահի թեկնածուն գյուղացիներին խոստանում է որոշակի առավելություններ:

«Մենք այստեղ կիջեցնենք գույքահարկը, կթանկացնենք Երեւանի կենտրոնում եւ ապրելը, եւ բիզնեսի զարգացումը, որպեսզի քաղաքը տարածվի, որպեսզի բիզնեսը, տնտեսական կյանքը դուրս գա քաղաքից: Եթե դու ծնվել ես Վերին Արտաշատում, եւ եթե մենք այսօր այս փոփոխությունը չանենք, որեւէ իմաստ չունի, առնվազն պետք է գնալ Երեւան, իսկ նրանք, ովքեր գնում են Երեւան, աչքերը բացվում են, անպայման Երեւանից հետո ուզում են դուրս գնալ: Մենք կդարձնենք ամեն մի գյուղ, ամեն մի բնակավայր այնպիսի մի տնտեսական համակարգ եւ միջավայր, այնպիսի աշխատանքային, հասարակական գործունեության վայր, որտեղ մարդիկ կաշխատեն ինչպես մեղվի փեթակում», - հայտարարեց Բագրատյանը` հավելելով, թե օրենսդրական փոփոխությամբ մարզերում գրանցում չունեցողներին թույլ չի տրվի գյուղում հող մշակել:

Ընտրողները հետաքրքրվեցին Հրանտ Բագրատյանի եւ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հարաբերություններից: Եթե չլիներ ՀԱԿ-ը, հանրապետության վիճակն ավելի ծանր կլիներ, կարծում է նախագահի թեկնածու Բագրատյանը:

«Հիմա էլ հաշվեք, որ Կոնգրեսի մի տարատեսակ էլ մենք, էլի, ես չեմ առանձնացել, ոչ ոք թեկնածությունը չի դրել, ես դրել: Կոնգրեսում կան մարդիկ, որոնք գտնում եմ, որ պետք չէ մասնակցել: Ես էդ խաղին չեմ մասնակցում», - ասաց Բագրատյանը` հավելելով, թե չի կարծում, որ ընտրությունները արդար են լինելու. - «Մի Բագրատյան է մնացել, մենք էլ գնանք պայմանավորվենք, ասենք մի հատ գործ տվեք, պրծնենք, հա՞: Ի՞նչ եք ուզում: Ես վստահ եմ, որ կրելու եմ, հաղթելու եմ, կասկած չունեմ»:

Բագրատյանի խոսքով` հակառակ դեպքում ինքը լինելու է միտինգի առաջին շարքերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG