Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահի ընտրություններ․ LIVE BLOG

Ամերիկայի Միացյալ Նահանգներում այսօր անցկացվում են նախագահական ընտրություններ։ Շուրջ 10 ամիս տեւած նախընտրական քարոզարշավն այսօր կավարտվի, եւ «Ազատություն» ռադիոկայանը օնլայն ռեժիմով թարմ տեղեկատվություն կհրապարակի ընտրությունների ընթացքի եւ արդյունքների մասին։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահ են ընտրում ոչ թե ուղիղ համաժողովրդական քվեարկությամբ, այլ Ընտրիչների կոլեգիայի միջոցով, որտեղ յուրաքանչյուր նահանգ, իր բնակչության թվի հարաբերակցությամբ ընտրալիազորներ ունի։ Ընտրիչների կոլեգիայում 538 անդամ է։ Նախագահական ընտրություններից հետո կոլեգիան հավաքվում է նիստի, եւ յուրաքանչյուր ընտրիչ մեկ ձայն տալիս է նախագահին, մեկ ձայն` փոխնախագահին։ Ընտրիչի առաքելությունն է` արտահայտել ժողովրդի կամքը։ Հաղթող է հռչակվում այն թեկնածուն, ով կստանա առնվազն 270 ընտրիչի աջակցությունը։ Ընտրիչը, փաստորեն, «ընտրալիազոր» է, որին շարքային ընտրողը լիազորում է քվեարկել կոլեգիայում։ ԱՄՆ-ի պատմության ընթացքում կոլեգիան երեք անգամ նախագահ է ընտրել թեկնածուին, ով ժողովրդից ստացած քվեներով զիջել է մրցակցին։ Հետաքրքիր է նաեւ մեխանիզմը, որով թեկնածուն ապահովում է ընտրիչների աջակցությունը. ամեն նահանգ ունի օրենսդիրների թվով ընտրիչներ, ուստի մեծ նահանգը, օրինակ` Կալիֆորնիան, կոլեգիայում ունի 55 ընտրիչ, քանի որ Վաշինգտոն է գործուղել 53 կոնգրեսական եւ 2 սենատոր։ 50 նահանգներից 48-ում ժողովրդական քվեարկությամբ մեծամասնություն ստացած թեկնածուն մեխանիկորեն շահում է բոլոր ընտրիչների ձայները։ Բացառությունը միայն Մեյն եւ Նեբրասքա նահանգներն են, որտեղ քվեները բաշխվում են ըստ կոնգրեսական ընտրատարածքների։ Ո՞վ կընտրվի մոլորակի գերտերության նախագահ։ ԱՄՆ-ում կան «կարմիր-հանրապետական» եւ «կապույտ-դեմոկրատական» նահանգներ, բայց կան նաեւ այսպես կոչված «չկողմնորոշված» նահանգներ (swing state), որտեղ թեկնածուներից եւ ոչ մեկը հստակ աջակցություն չունի. քաղաքական վերլուծաբանների համոզմամբ` հենց դրանք էլ կլուծեն ամերիկյան ընտրությունների հանելուկը։ Նոյեմբերի 7-ին, Երեւանի ժամանակով առավոտյան ժամը 8-ին կփակվեն ընտրատեղամասերը վերջին «չկողմնորոշված» նահանգներում, եւ այդ պահին արդեն գրեթե հստակ հայտնի կդառնա ԱՄՆ-ի 45-րդ նախագահի անունը։

10:00 7.11.2012
Ռոմնին ընդունեց պարտությունը

Քիչ առաջ Միթ Ռոմնին Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում ելույթ ունեցավ իր աջակիցների առջեւ եւ հայտարարեց, որ ինքը զանգահարել է Բարաք Օբամային եւ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին քիչ առաջ Պրահայից հաղորդում է Հրայր Թամրազյանը։
09:56 7.11.2012
Մեր գործընկերները՝ Հեղինե Բունիաթյանը եւ Կարլեն Ասլանյանը, Պրահայից, ներկայացնում են ամերիկյան ընտրություններում նախագահի երկու թեկնածուների՝ գործող նախագահ, դեմոկրատ Բարաք Օբամայի եւ նրա հանրապետական մրցակից Միթ Ռոմնիի անցած քաղաքական ուղին։
09:49 7.11.2012
Արմեն Քոլոյանը հաղորդում է, որ Օբաման արդեն ապահովել է հաղթանակի համար անհրաժեշտ քվեների քանակը։
09:49 7.11.2012
Մեր թղթակից Արմեն Քոլոյանը պարզաբանում է ամերիկյան ընտրական համակարգի, մասնավորապես Ընտրիչների կոլեգիայի աշխատանքի սկզբունքը, որը, փաստորեն, միջնորդավորված կերպով ընտրում է ԱՄՆ նախագահին։ Այս մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ http://www.azatutyun.am/content/article/24761569.html
09:40 7.11.2012
Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնում, որ առաջիկա տարիներին հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն զարգանալ, եւ ընդգծում, որ ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որի դիրքորոշումները վերջին տարիներին համահունչ են Հայաստանի դիրքորոշումների հետ։
09:39 7.11.2012
Թողարկման ավարտին Ստեփան Սաֆարյանը շնորհավորում է ամերիկյան ժողովրդին ընտրության հետ կապված։
09:37 7.11.2012
Արմեն Քոլոյանը հաղորդում է, որ ամերկյան ընտրությունները փաստորեն կավարտվեն մոտ կես ժամից, երբ կփակվեն հեռավոր Ալյասկա նահանգի ընտրատեղամասերը։ Նշենք, սակայն, որ Ալյասկայում քվեարկության արդյունքները գործնականում չեն ազդելու ընտրությունների արդյունքների վրա։
09:36 7.11.2012
Հիշեցնենք՝ մեր կայքում զետեղված է ամերիկյան ընտրությունների ինտերակտիվ քարտեզը, որտեղ կարող եք տեսնել յուրաքանչյուր նահանգում ընտրիչների կոլեգիայի տված ձայները եւ պատկերացում կազմել ընտրությունների ընթացքի մասին։ Հիշեցնենք՝ Բարաք Օբաման արդեն իսկ հաղթանակ է տարել եւ վերընտրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։
09:30 7.11.2012
Սաֆարյան․ - Նախընտրական լռության օրը, ինչ-որ չափով կրճատում է լարվածությունը։ Այդ իմաստով ես կողմ չեմ այն վերացնելու։
09:28 7.11.2012
Շարմազանով․ - Ամերիկյան ընտրությունների գործընթացը պայմանավորված է ամերիյան յուրահատկություններով։ Մենք չպետք է ձեւական փոփոխություններ կատարենք, մեխանիկորեն վերցնենք եւ բերենք մեզ մոտ։ Մենք պետք է բովանդակային փոփոխություններ կատարենք։ Ամերիկյան ընդդիմությունը, ի տարբերություն մեր ընտրությունների, գաղափարական է։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG