Մատչելիության հղումներ

Ամերիկան ընտրում է




Ընտրիչների կոլեգիա

Միացյալ Նահանգների նախագահը ընտրվում է ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ Ընտրիչների կոլեգիայի 538 քվեներից առնվազն 270-ը ստանալով։ Ավելի քան երկու դար առաջ այս համակարգը մշակել են ամերիկյան սահմանադրության հեղինակները՝ որպես փոխզիջում պետության ղեկավարի ուղղակի ընտրության եւ Կոնգրեսի կողմից ընտրության կողմնակիցների միջեւ։ Ընտրիչների կոլեգիայում քվեների քանակը յուրաքանչյուր նահանգում համապատասխանում է Կոնգրեսում տվյալ նահանգի պատվիրակների թվին, որը մեծամասամբ հիմնված է բնակչության թվի վրա։ Խիտ բնակեցված Կալիֆորնիան Կոնգրեսում ունի 55 անդամ, հետեւաբար` ստանում է Ընտրիչների կոլեգիայի 55 քվե։ Նոսր բնակեցված Ալյասկան ունի Կոնգրեսի 3 անդամ, հետեւաբար` ստանում է Ընտրիչների կոլեգիայի 3 քվե։ Գրեթե բոլոր նահանգներում, համաժողովրդական քվեարկության արդյունքում ձայների մեծամասնություն ստացած թեկնածուին են անցնում Ընտրիչների կոլեգիայում նահանգի բոլոր քվեները։ Սակայն, Ընտրիչների կոլեգիան վիճահարույց է, քանի որ այն կարող է նախագահի պաշտոնը շնորհել համաժողովրդական քվեարկության արդյունքում երկրորդ տեղը գրաված թեկնածուին։ Նման բան տեղի է ունեցել 2000 թվականին, երբ Ալ Գորը ստացավ ձայների մեծամասնությունը, սակայն նախագահ չընտրվեց, քանի որ Ընտրիչների կոլեգիայի քվեների մեծամասնությունը՝ 271-ը, տրվել էր Ջորջ Ու. Բուշին, իսկ Գորին բաժին էր հասել 266 քվե։

Թեկնածուները

Բարաք Օբաման Միացյալ Նահանգների 44-րդ նախագահն է։ Նա ծնվել է 1961 թվականին Հավայի նահանգում, հայրը Քենիայից է, մայրը` Քանզասից։ Մանկության մի մասը Օբաման անցկացրել է Ինդոնեզիայում, որտեղ նրա մայրը աշխատում էր որպես մարդաբան։ Կալիֆորնիայում եւ Նյու Յորքում քոլեջում սովորելուց հետո Օբաման տեղափոխվել է Չիկագո եր աշխատել որպես համայնքային կազմակերպիչ աղքատ արվարձաններում։ Ավելի ուշ Օբաման սովորել է Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որտեղ դարձել է հեղինակավոր Harvard Law Review ամսագրի առաջին աֆրոամերիկացի նախագահը։ Օբաման սկսել է քաղաքականությամբ զբաղվել 1997 թվականից` տեղ նվաճելով Իլինոյսի նահանգային Սենատում։ Այստեղ նա պաշտոնավարել է երեք ժամկետ` միաժամանակ իրավաբանություն ուսանելով Չիկագոյի համալսարանում եւ աշխատելով որպես փաստաբան քաղաքացիական գործերով։ 2004 թվականին նա սենատոր է ընտրվել, իսկ 2008 թվականի նոյեմբերին, ընտրվելով Միացյալ Նահանգների նախագահ, հրաժարվել է Սենատում իր տեղից։ 2009 թվականին Օբամային շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ` «միջազգային դիվանագիտության ամրապնդմանը եւ ժողովուրդների միջեւ համագործակցությանը ուղղված արտակարգ ջանքերի համար»։ Նա ամուսնացած է Միշել Օբամայի հետ, ով նույնպես փաստաբան է։ Օբամա ամուսիններն ունեն երկու դուստր` 13-ամյա Մալիան եւ 10-ամյա Սաշան։

Ջոզեֆ Բայդեն կրտսերը Միացյալ Նահանգների փոխնախագահն է։ Ծնվել է 1942 թվականին Փենսիլվանիայում` գործարարի եւ տնային տնտեսուհու ընտանիքում։ Ավարտել է Դելավերի համալսարանի քոլեջը եւ Սիրակուզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Դելավեր նահանգից սենատոր ընտրվելով 29 տարեկանում՝ Բայդենը դարձել է Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաերիտասարդ սենատորներից մեկը։ Նա վերընտրվել է հինգ անգամ` ծառայելով ընդհանուր առմամբ 36 տարի, եւ գլխավորել է Սենատի արտաքին քաղաքականության եւ իրավական հարցերով հանձնաժողովները։ Բայդենը ամուսնացած է քոլեջի դասախոս դոկտոր Ջիլ Բայդենի հետ եւ ունի երեք չափահաս զավակ, որոնցից մեկը` Բո Բայդենը, իրաքյան պատերազմի վետերան է։

Միթ Ռոմնին` Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուն, ծնվել է Դեթրոյթում, Միչիգան, 1947 թվականին։ Նրա հայրը` Ջորջ Ու. Ռոմնին, եղել է Միչիգանի նահանգապետը եւ ժամանակին պայքարել է նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուն դառնալու համար։ Ռոմնիները Հիսուս Քրիստոսի Վերջին օրերի սրբերի եկեղեցու հետեւորդներ են։ Այս եկեղեցին հայտնի է նաեւ որպես մորմոնների եկեղեցի։ 1966 թվականին Բրիգհամ Յանգ համալսարանը ավարտելուց հետո Ռոմնին ավելի քան երկու տարի անցկացրել է Ֆրանսիայում` որպես մորմոն միսիոներ։ 1975 թվականին Ռոմնին միաժամանակ իրավունքի եւ բիզնեսի դիպլոմ է ստացել Հարվարդի համալսարանում, իսկ երկու տարի անց սկսել է աշխատել մենեջմենթի ոլորտում խորհրդատվական ծառայություններ մատուցող Bain & Company միջազգային ընկերությունում։ Այստեղ Ռոմնին հասել է մինչեւ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը, ապա համահիմնադրել է սեփական մասնավոր ներդրումային ընկերությունը` Bain Capital-ը։ 1994 թվականին Միացյալ Նահանգների Սենատում Թեդ Քենեդիի տեղը նվաճելու անհաջող փորձ է արել։ 2003 թվականին դարձել է Մասաչուսեթսի նահանգապետ։ 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ անհաջող փորձ է կատարել դառնալ Հանրապետական կուսակցության թեկնածուն։ Նրա կարողությունը գնահատվում է 200 միլիոն դոլար։ Միթ եւ Էննի Ռոմնի ամուսինները հինգ չափահաս որդի ունեն։

Փոլ Ռայանը` Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածուն, ծնվել է 1970 թվականին Ուիսքոնսինում եւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացնում է նահանգի 1-ին կոնգրեսական շրջանը։ Ռայանի նախապապը` Փաթրիք Ուլիյամ Ռայանը, 1884 թվականին հիմնել է մի շինարարական ընկերություն, որը շարունակում է գործել մինչ օրս։ Ռայանը այս ընկերությունում աշխատել է մինչեւ 1998 թվականին Կոնգրեսում ընտրվելը։ Նա ավարտել է Մայամիի համալսարանը եւ մինչ օրենսդիր դառնալը աշխատել է որպես Միացյալ Նահանգների մի քանի սենատորների օգնական։ Ռայանը վերընտրվել է վեց անգամ եւ ներկայումս Ներկայացուցիչների պալատի բյուջետային հանձնաժողովի նախագահն է։ Ամուսնացած է փաստաբան Ջաննա Լիթլի հետ, ունեն երեք դեռահաս երեխա։
XS
SM
MD
LG