Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահի ընտրություններ․ LIVE BLOG

Ամերիկայի Միացյալ Նահանգներում այսօր անցկացվում են նախագահական ընտրություններ։ Շուրջ 10 ամիս տեւած նախընտրական քարոզարշավն այսօր կավարտվի, եւ «Ազատություն» ռադիոկայանը օնլայն ռեժիմով թարմ տեղեկատվություն կհրապարակի ընտրությունների ընթացքի եւ արդյունքների մասին։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահ են ընտրում ոչ թե ուղիղ համաժողովրդական քվեարկությամբ, այլ Ընտրիչների կոլեգիայի միջոցով, որտեղ յուրաքանչյուր նահանգ, իր բնակչության թվի հարաբերակցությամբ ընտրալիազորներ ունի։ Ընտրիչների կոլեգիայում 538 անդամ է։ Նախագահական ընտրություններից հետո կոլեգիան հավաքվում է նիստի, եւ յուրաքանչյուր ընտրիչ մեկ ձայն տալիս է նախագահին, մեկ ձայն` փոխնախագահին։ Ընտրիչի առաքելությունն է` արտահայտել ժողովրդի կամքը։ Հաղթող է հռչակվում այն թեկնածուն, ով կստանա առնվազն 270 ընտրիչի աջակցությունը։ Ընտրիչը, փաստորեն, «ընտրալիազոր» է, որին շարքային ընտրողը լիազորում է քվեարկել կոլեգիայում։ ԱՄՆ-ի պատմության ընթացքում կոլեգիան երեք անգամ նախագահ է ընտրել թեկնածուին, ով ժողովրդից ստացած քվեներով զիջել է մրցակցին։ Հետաքրքիր է նաեւ մեխանիզմը, որով թեկնածուն ապահովում է ընտրիչների աջակցությունը. ամեն նահանգ ունի օրենսդիրների թվով ընտրիչներ, ուստի մեծ նահանգը, օրինակ` Կալիֆորնիան, կոլեգիայում ունի 55 ընտրիչ, քանի որ Վաշինգտոն է գործուղել 53 կոնգրեսական եւ 2 սենատոր։ 50 նահանգներից 48-ում ժողովրդական քվեարկությամբ մեծամասնություն ստացած թեկնածուն մեխանիկորեն շահում է բոլոր ընտրիչների ձայները։ Բացառությունը միայն Մեյն եւ Նեբրասքա նահանգներն են, որտեղ քվեները բաշխվում են ըստ կոնգրեսական ընտրատարածքների։ Ո՞վ կընտրվի մոլորակի գերտերության նախագահ։ ԱՄՆ-ում կան «կարմիր-հանրապետական» եւ «կապույտ-դեմոկրատական» նահանգներ, բայց կան նաեւ այսպես կոչված «չկողմնորոշված» նահանգներ (swing state), որտեղ թեկնածուներից եւ ոչ մեկը հստակ աջակցություն չունի. քաղաքական վերլուծաբանների համոզմամբ` հենց դրանք էլ կլուծեն ամերիկյան ընտրությունների հանելուկը։ Նոյեմբերի 7-ին, Երեւանի ժամանակով առավոտյան ժամը 8-ին կփակվեն ընտրատեղամասերը վերջին «չկողմնորոշված» նահանգներում, եւ այդ պահին արդեն գրեթե հստակ հայտնի կդառնա ԱՄՆ-ի 45-րդ նախագահի անունը։

XS
SM
MD
LG