Մատչելիության հղումներ

Զորավարժություններ Հայաստանում ռուսական ռազմաբազայում


МиГ-29 կործանիչը, արխիվային լուսանկար
МиГ-29 կործանիչը, արխիվային լուսանկար

Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի ներկայացուցիչը դա չի կապում տարածաշրջանային զարգացումների հետ։

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան ավելացրել է իր զորավարժությունների, վարժանքների քանակը, որի նպատակը ռազմաբազայի պատրաստվածության որակի բարձրացումն է: Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին հայտնեց Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայության սպա, կապիտան Կիրիլ Կիսելեւը:

Նշենք, որ Գյումրիի ռուսական ռազմական բազան Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի մաս է կազմում:

Ռազմաբազայի պատրաստվածության մակարդակի բարձրացումը Կիսելեւը, սակայն, չկապեց տարածաշրջանային զարգացումների հետ, այլ նշեց, որ զորավարժությունների քանակի ավելացումը նախեւառաջ պայմանավորված է ռուսական ողջ զինված ուժերում պատրաստվածության մակարդակի բարձրացմամբ, ինչը հետեւողականորեն իրականացվում է վերջին շրջանում:

«Կա համապատասխան ծրագիր, որը հաստատվել է [Ռուսաստանի] պաշտպանության նախարարության եւ Հարավային զինվորական օկրուգի շտաբի կողմից, որի համաձայն էլ գործում է [Գյումրիում տեղակայված ռուսական] ռազմաբազան», - ասաց Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայության սպան։

Կիրիլ Կիսելեւը նաեւ տեղեկացրեց, որ Գյումրիի ռուսական ռազմաբազան վերջերս եւս մեկ զորավարժություն է իրականացրել, որի ժամանակ մոտ 100 հետախույզներ եւ 20 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա լեռնային եւ քաղաքային պայմաններում փորձարկել են հատուկ նշանակության գործողություններ:

Վարժանքների ժամանակ զորախումբը դեսանտ է իջեցրել, հայտնաբերել ու գրավել է պայմանական հակառակորդի հրամանատարական կետը:

Հիշեցնենք, 2010 թվականի օգոստոսի 20-ին երկու երկրների պաշտպանության նախարարների ստորագրած փաստաթղթով փոխություններ կատարվեցին Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրում, եւ ռազմակայանի ներկայության ժամկետը երկարաձգվեց 24 տարով` մինչեւ 2044 թվականը:

Հայաստանում գործող ռուսական ռազմաբազայի հետ կապված վերջին շրջանում եւս երեւան եկան ուշագրավ նորություններ:

Այս տարվա հունիսին հայտնի դարձավ, որ մինչեւ 2012 թվականի վերջ Ռուսաստանը կրկնապատկելու է Հայաստանում գտնվող իր ռազմակայանի պայմանագրային զինծառայողների թիվը, եւ, բացի այդ, ռազմական բազայի ռազմական ինքնաթիռների թռիչքների հաճախականությունն էլ աճել է մոտ 20 տոկոսով:

Իսկ մոտ մեկ ամիս առաջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արագ արձագանքման ուժերի հայաստանյան զորավարժությունների ավարտի կապակցությամբ Երեւան ժամանած Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտարարեց, թե Հայաստանի տարածքում գտնվող ռուսական 102-րդ ռազմական բազան ներկայումս վերակազմավորվում է:

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ` Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան ունի МиГ-29 կործանիչներ, հակաօդային պաշտպանության С-300 համալիրներ, ռազմաբազայում ծառայություն են անցնում մոտ 5 հազար զինվորականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG