Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի զորավարժությունները ավարտվեցին


Սեպտեմբերի 15-ին Հայաստանի տարածքում մեկնարկած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունները այսօր ավարտվեցին։

Ըստ «Փոխգործակցություն - 2012» զորավարժությունների սցենարի, ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը ենթարկվել էր հարձակման պայմանական հակառակորդի կողմից, եւ կազմակերպության արագ արձագանքման ուժերը նախ կասեցրեցին հարձակումը, ապա պայմանական հակառակորդին դուրս մղեցին տվյալ երկրի սահմաններից։

Զորավարժություններին մասնակցում էին մոտ 2 հազար զինծառայողներ` հետեւակ, ռազմաօդային ուժեր, հրետանի, ներգրավված էր շուրջ 500 միավոր տեխնիկա։ Հակառակորդի ոչնչացման գործողություններին մասնակցեցին «Սու-25» տիպի ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, տանկեր, զրահապատ մեքենաներ, հրթիռային տարբեր համակարգեր, հրետանի: Կիրառվեցին նաեւ հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերը` «Կռունկ» անվամբ:

Այսօր` զորավարժությունների ավարտական փուլին, ներկա էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ներկա էին նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի պաշտպանության նախարարները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, Ղազախստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը, բարձրաստիճան զինվորականներ Ղրղըզստանից ու Տաջիկստանից, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների` այդ թվում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպանները, բարձրաստիճան դիվանագետներ ու միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մասնակցում էին նաեւ միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչները` ՀԱՊԿ-ի զորավարժությունների պատմության մեջ առաջին անգամ։

Զորավարժությունների ընդհանուր հրամանատարն էր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Զորավարժությունների ավարտից հետո Հայաստանի նախագահի, պաշտպանության նախարարների ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից պարգեւներ հանձնվեցին առավել աչքի ընկած զինվորականներին, զորավարժության այլ մասնակիցներին:

Զորավարժություններից հետո լրագրողների հետ հանդիպեցին եւ կարճ հայտարարությամբ հանդես եկան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որոնք երկուսն էլ շատ բարձր գնահատեցին զորավարժությունները:

102-րդ ռազմաբազան վերակազմավորվում է


Օրվա երկրորդ երկրորդ կեսին Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին ընդունեցին Հայաստանի նախագահը, իսկ հետո նաեւ պաշտպանության նախարարը:

Պաշտպանության նախարարությունում մոտ մեկ ժամ տեւած բանակցություններից հետո Օհանյանն ու Սերդյուկովը հանդես եկան հայտարարությամբ: Մասնավորապես, հայտարարվեց, թե Հայաստանի տարածքում գտնվող ռուսական 102-րդ ռազմական բազան ներկայումս վերակազմավորվում է:

Հիշեցնենք, որ հունիսին հայտնի դարձավ, որ մինչեւ տարվա վերջ Ռուսաստանը կրկնապատկելու է Հայաստանում գտնվող իր ռազմակայանի պայմանագրային զինծառայողների թիվը եւ բացի այդ՝ բազայի ռազմական ինքնաթիռների թռիչքների հաճախականությունն աճել է մոտ 20 տոկոսով:

Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, թե քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցության ընթացքը եւ հեռանկարները․ - «Մենք քննարկեցինք տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը, ինչպես նաեւ պաշտպանական ոլորտի երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Քննարկեցինք որոշ հարցեր` կապված [Հայաստանի տարածքում գտնվող ռուսական] 102-րդ ռազմական բազայի, համախմբված ուժերի շուրջ մեր ծրագրերի հետ»:

Իր հերթին Սերդյուկովը, ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում եւ ունեն ռազմավարական նշանակություն, շարունակեց․ - «Ցանկանում եմ հաստատել, որ այսօր մենք ունեցանք հանդիպումներ, որոնց ժամանակ քննարկեցինք հարցերի լայն շրջանակ` կապված Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ ռազմակայանի հետ, ռազմակայանի վերակազմավորման հետ, որը տեղի է ունենում ռուսական զինված ուժերի բարեփոխման շրջանակում: Մոտ 10 օբյեկտներ մենք տրամադրում ենք հայկական կողմին: Մենք նաեւ քննարկեցինք ռազմակայանի նյութատեխնիկական ապահովման հարցերը եւ այդ առումով մեր փոխհարաբերությունները: Քննարկեցինք ռազմատեխնիկական, ռազմական համագործակցությունները: Քննարկեցինք նաեւ, թե ինչպես է ընթանում համագործակցությունը 2012 թվականին: Արդեն որոշ ծրագրեր ենք կազմել գալիք տարվա համար եւ մեր փորձագետներին հաձնարարել ենք այն լրամշակել ու առաջիկայում այն մենք կստորագրենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG