Մատչելիության հղումներ

Ռուսական ռազմակայանի մասին փաստաթուղթը ստորագրվեց


Ռուսական ռազմակայանի փաստաթուղթը ստորագրվեց
please wait

No media source currently available

0:00 0:01:12 0:00
Ուղիղ հղում

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի բանակցություններից հետո ուրբաթ օրը Երեւանում ստորագրվեց Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին Արձանագրությունը:

Երկու երկրների պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի եւ Անատոլի Սերդյուկովի ստորագրած փաստաթղթով փոփոխություններ են կատարվում Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրում:

Ըստ այդ փոփոխությունների, մասնավորապես, պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվում 49 տարին` նախկին 25-ի փոխարեն:

Ամրագրվում է նաեւ, որ «ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»:

Ռուսական ռազմակայանի մասին արձանագրությունից բացի, երկու նախագահների ներկայությամբ ստորագրվեց եւս 4 փաստաթուղթ, այդ թվում՝ Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու համար հայ-ռուսական համագործակցության մասին համաձայնագիրը։

Առանձնահատուկ հանդիպում


2008 թվականից ի վեր երկու նախագահները հանդիպել են մոտ 30 անգամ, սակայն այսօրվա հանդիպումը նախագահ Հայաստանի Սերժ Սարգսյանը «առանձնահատուկ» որակեց, քանի որ այն առաջին անգամ է անցկացվում Ռուսաստանի Դաշնության նախագահի պետական այցի շրջանակներում։

«Հանդիպումն անցել է փոխվստահության մթնոլորտում, տեղի է ունեցել բովանդակալից, անկեղծ երկխոսություն»,- ուրբաթ օրը հրավիրված ասուլիսում, Դմիտրի Մեդվեդեւի հետ իր հանդիպման մասին խոսելիս, ասաց Սերժ Սարգսյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը, տարածաշրջանի եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։

«Երկու նախագահների հանդիպումների դինամիկան վկայում է Հայաստանը եւ Ռուսաստանը կապող առանձնահատուկ գործընկերային հարաբերությունների, ինչպես նաեւ երկու երկրների առաջնորդների միջեւ գոյություն ունեցող ընկերական հարաբերությունների մասին», - ընդգծեց Դմիտրի Մեդվեդեւը:

Անդրադառնալով ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրի ժամկետի երկարաձգմանը` նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ընդլայնվել է «ռազմակայանի աշխարհագրական եւ ռազմավարական գործունեության շրջանակը», համաձայնագրի տեքստից հանվել է ռազմակայանի` նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմաններով սահմանափակվելու մասին դրույթը:

«Ռուսական կողմը պարտավորություն է ստանձնել համատեղ ապահովելու Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգությունը եւ աջակցելու մեր զինված ուժերը ժամանակակից զինատեսակներով հագեցնելու գործում», - ընդգծեց Հայաստանի նախագահը:

Մեդվեդեւ.
Ռուսաստանի համար կարեւոր է, որ 2008 թվականի իրադարձությունները տարածաշրջանում չկրկնվեն...
Իր հերթին կարեւորելով ստորագրված արձանագրությունը` Դմիտրի Մեդվեդեւը ասաց, որ այն ուղղված է Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության պահպանմանը:

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Ասուլիսում Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը առանցքային այդ հարցի շուրջ անփոփոխ է. - «Մենք ելնում ենք այն բանից, որ ճգնաժամերն ու հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես, խաղաղ միջոցներով, առանց ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի, միջազգային նորմերի խստիվ պահպանմամբ, այնպիսի ձեւաչափերի շրջանակում, որոնք վերջին ժամանակներս կիրառվում են»:

«Ես եւս մեկ անգամ ցանկանում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք խնդրի լուծման կառուցողական որոնմանը` Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպմանը Ձեր ներկայացրած առաջարկների հիման վրա», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Դմիտրի Մեդվեդեւը արձագանքեց, թե Ռուսաստանը պատրաստ է շարունակել իր միջնորդական առաքելությունը թե' Հայաստանի, թե' Ադրբեջանի հետ տարվող աշխատանքներում, օգնել այս գործընթացին, նպաստել քաղաքական այնպիսի լուծում գտնելուն, որը հիմնված կլինի «երկուստեք ընդունելի պայմանավորվածությունների վրա, ինչպես Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների ուղղությամբ»:

Պատասխանելով հայ լրագրողի հարցին, թե ինչպիսին կլինեն Ռուսաստանի գործողություները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում` հաշվի առնելով Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունները, Ռուսաստանի նախագահը հայտարարեց, թե Ռուսաստանի համար շատ կարեւոր է, որ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն լինի եւ որ 2008 թվականի իրադարձությունները տարածաշրջանում չկրկնվեն:

Ասուլիսի ընթացքում հնչած մի քանի հարցերն ուղղված էին բացառապես Ռուսաստանի նախագահին: Նա դիմեց նախագահ Սերժ Սարգսյանին`հորդորելով իր կարծիքը հայտնել վերջին հարցի առնչությամբ:

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները մասնակցում են «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման արարողությանը, Գյումրի, 20-ը օգոստոսի, 2010թ.«Տարիներ ի վեր հայկական կողմը հայտարարել է, որ ԼՂ խնդրի լուծման համար ընդունելի է Մինսկի խմբի ձեւաչափը», - ասաց Սերժ Սարգսյանը` հավելելով. - «Միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում է հնարավոր հասնել կոնկրետ արդյունքների»:

Ասուլիսից հետո Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները ուղղաթիռով մեկնեցին Գյումրի` որտեղ մասնակցեցին «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: «Պատվո բլուր» զինվորական գերեզմանոցը հիմնվել է 1856 թվականին։ Գերեզմանոցում թաղված է եղել 1853-56 թթ. եւ 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի 156 սպա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG