Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կկրկնապատկի Հայաստանում իր պայմանագրային զինծառայողների թիվը


Երկիր - օդ հրթիռները Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանում, արխիվային լուսանկար
Երկիր - օդ հրթիռները Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանում, արխիվային լուսանկար
Մինչեւ այս տարվա վերջ Ռուսաստանը կրկնապատկելու է Հայաստանում գտնվող իր ռազմակայանի պայմանագրային զինծառայողների թիվը: Այդ մասին չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի մամուլի քարտուղար, գնդապետ Իգոր Գորբուլը:

«Գյումրիում գտնվող ռուսական [102-րդ] ռազմակայանի պայմանագրային զինծառայողների թիվը մինչեւ 2012 թվականի վերջը կկրկնապատկվի», - ասաց Գորբուլը` նշելով, թե առաջիկայում ռազմակայան կժամանի պայմանագրային զինծառայողների առաջին խումբը` 160 հոգի:

Նա, սակայն, հրաժարվեց հայտնել, թե մինչեւ տարվա վերջ 102-րդ ռազմակայանում որքան կկազմի պայմանագրային զինծառայողների ընդհանուր թիվը` պատճառաբանելով, թե դա ռազմական գաղտնիք է:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողների թվի կրկնապատկումը եւ նույն ռազմակայանի ռազմական ինքնաթիռների թռիչքների հաճախականության աճը մոտ 20 տոկոսով, որի մասին տեղեկությունը Իգոր Գորբուլը հրապարակեց մոտ տասն օր առաջ, վերջինս պատասխանեց, թե նպատակը Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի զորամասերի, այդ թվում` Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի մարտունակության բարձրացումն է:

«Ռուսաստանի զինված ուժերը աստիճանաբար անցնում են պայմանագրային հիմունքների, ինչը կապված է մեր զինված ուժերի արդիականացման հետ», - հավելեց Իգոր Գորբուլը:

«Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայանում տեղի ունեցող փոփոխությունները կարո՞ղ ենք կապել հայ - ադրբեջանական սահմանին վերջին շրջանում նկատվող լարվածության աճի հետ», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Գորբուլը արձագանքեց. - «Մենք ոչնչի հետ չենք կապում: Ուղղակի զբաղվում ենք մարտական պատրաստվածության ծրագրի իրականացմամբ»:

Հատկանշական է, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի մասին նորությունները սկսեցին ի հայտ գալ այս ամսվա սկզբին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում տեղի ունեցած միջադեպերից հետո: Ինչպես հայտնի է, արյունալի այդ միջադեպերի հետեւանքով ադրբեջանական կողմը տվեց 7 զոհ, իսկ հայկական կողմից զոհվեցին չորս զինծառայողներ:

Այդ միջադեպերից հետո էր, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե հունիսի վերջին երկրում անցկացվելու են հատուկ զորավարժություններ, որոնց ժամանակ փորձարկվելու է, թե ինչպես է գործելու Հայաստանի պետական համակարգը պատերազմի ժամանակ: Բացի այդ, հայտնի դարձավ, որ այս տարվա սեպտեմբերին Հայաստանում կայանալու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունները:

Այստեղ ավելորդ չէ նշել նաեւ, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լարվածության աճին զուգահեռ հունիսի 18-ին Փարիզում, փաստորեն, մեկնարկեց ղարաբաղյան բանակացություններր հերթական փուլը` Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ: Իսկ երեկ էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հատուկ հայտարարությամբ հանդես եկան Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները:

Հարավային զինվորական օկրուգի մամուլի քարտուղար Իգոր Գորբուլը չբացառեց, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հետ կապված առաջիկայում կարող են լինել այլ նորություններ: «Հետեւեք Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջին: Մենք տեղեկատվությունը փոխանցում ենք և այն տեղադրվում է պաշտպանության նախարարության կայքէջում», - ասաց նա:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չբացառեց, որ Հայաստանում գտնվող իր ռազմակայանում իրականացվող փոփոխություններով Մոսկվան ձգտում է յուրատեսակ մեսիջ ուղարկել Ադրբեջանին եւ Թուրքիային, որպեսզի վերջիններս խուսափեն Հայաստանի նկատմամբ ռազմական ճնշման քաղաքականությունից:

Սակայն, փորձագետի կարծիքով, տեղի ունեցողն առաջին հերթին պետք է դիտարկել կովկասյան տարածաշրջանում տեղաբաշխված ռուսական ռազմուժի` վերջին երկու տարիներին իրականացվող արդիականացման կոնտեքստում:

Հիշեցնենք, որ 2010 թվականի օգոստոսին Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի եւ Անատոլի Սերդյուկովը ստորագրեցին մի փաստաթուղթ, որով Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի ներկայությունը երկարացվեց մինչեւ 2044 թվականը:

please wait

No media source currently available

0:00 0:04:59 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG