Մատչելիության հղումներ

ՊՆ-ն հերքում է սպայի կողմից զինծառայողի նկատմամբ բռնության մասին տեղեկությունը


Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը այսօր հերքել է Զինված ուժերի զորամասերից մեկում սպայի կողմից զինծառայողի նկատմամբ բռնության մասին տեղեկությունը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդագրության կապակցությամբ, ըստ որի` սպայի կողմից բռնության է ենթարկվել ժամկետային զինծառայող Ռաֆիկ Հովհաննիսյանը, Դավիթ Կարապետյանը փոխանցում է, թե «համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվել են օպերատիվ աշխատանքներ, որոնց արդյունքում պարզվել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»:

Իրականում, պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի հավաստմամբ, տեղի է ունեցել հետեւյալը. - «Շարքային Ռաֆիկ Հովհաննիսյանին արգելվել է օգտագործել իր բջջային հեռախոսը, քանի որ նա իրավունք չուներ կրել անձնական հեռախոս եւ կարող էր օգտագործել միայն իր դասակում առկա բջջային հեռախոսը: Իսկ նրա նկատմամբ սպայի կողմից բռնություն գործադրելու մասին լուրերի տարածումը պարզապես ապատեղեկատվություն է եւ արժանի է համապատասխան հանրային գնահատականի»:

Հունիսի 29-ին զորակոչված վանաձորցի Ռաֆիկ Հովհաննիսյանին ծեծելու դեպքի մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հաղորդել էր` վկայակոչելով զինծառայողի հոր պատմածը: 23-ամյա զինվորի հայրը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում նույնպես հաստատել էր իր պնդումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG