Մատչելիության հղումներ

Համածառայողի մահվան մեջ մեղադրվող զինծառայողը ձերբակալվել է


23-ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Խաչատուր Թադեւոսյանը, ով, ըստ Պաշտպանության նախարարության հաղորդագրության, հուլիսի 15-ին մարտական հենակետում, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները` ինքնաձիգով կրակել եւ անզգուշությամբ մահ էր պատճառել համածառայող 19-ամյա Կոլյա Մեսրոպյանին, ձերբակալված է:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից:

Խաչատուր Թադեւոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով` զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ (նախատեսվում է ազատազրկում 4-8 տարի ժամկետով):

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին հայկական զինված ուժերում եւս մեկ զինծառայողի մահվան դեպք էր գրանցվել: Համաձայն պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության` չպարզված հանգամանքներում զոհվել է N զորամասի զինծառայող Անդրեյ Հարությունյանը: 34-ամյա կապիտան Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի բնակիչ էր: Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ այս դեպքի շրջանակներում մեկ կասկածյալ է ձերբակալվել: Նա կասկածվում է Քրեական օրենսգրքի 104 հոդվածով` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու համար (նախատեսում է 6-12 տարվա ազատազրկում): Պաշտպանության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ կասկածյալի անձի, ինչպես նաեւ կատարված սպանության հանգամանքների վերաբերյալ մանրամասներ կհաղորդեն մեղադրանքը հաստատվելուց հետո:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, իր մտահոգությունն արտահայտելով բանակում հերթական մահացության ու սպանության վերաբերյալ, ասում է, թե քանի դեռ զինված ուժերում իրական բարեփոխումներ չեն կատարվել, սպանությունների դեպքերն ավարտ չեն ունենա:

«Համակարգը հնարավորություններ չունի խնդիրները լուծելու, որովհետեւ զինված ուժերի բարեփոխում ասածը, որը պետք է մեծացնի պատասխանատվությունը, ձեւական բնույթ է կրում: Սպաների պատասխանատվությունը զինվորների առջեւ, զինվորների իրավունքների պաշտպանության երաշխիքները մնում են լիարժեքորեն չձեւավորված», - ասաց Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանի տվյալներով` ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում սպանվել է 11 զինծառայող:

Բանակում տիրող ապօրինություններին անդրադառնալիս` Սաքունցն օրինակ է բերում վերջին դեպքերից մեկը: Հունիսի 29-ին զորակոչված վանաձորցի Ռաֆիկ Հովհաննիսյանի հայրը իրավապաշտպանին պատմել է Վայքի Խաչիկ գյուղի 4-րդ գումարտակում ծառայող որդուն ծեծելու դեպքի մասին: Հոր խոսքով` գումարտակի սպաներից մեկը, որդու մոտ բջջային հեռախոս տեսնելով` վերցրել է այն ու հրամայել որպես պատիժ վարժություններ կատարել: Տղան հրաժարվել է, ինչից հետո ենթարկվել է բռնությունների:

23-ամյա զինվորի հայրը` Ռոբերտ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե որդին այժմ գտնվում է զորամասի բուժկետում: Հովհաննիսյանը, վկայակոչելով որդու բժշկական փաստաթղթերն, ասում է, որ նա տառապում է մի քանի հիվանդությամբ` մանկամիտ է, հարթաթաթություն ունի, մի ոտքը մյուսից 1.5 սանտիմետրով կարճ է: Այս հիվանդությունների պատճառով որդուն երեք տարի առաջ ազատել էին ծառայությունից, եւ ընտանիքի համար պարզ չէ, թե ինչու են հետո բանակ զորակոչել իրենց որդուն:

Այս խնդրի վերաբերյալ Արթուր Սաքունցը անցած շաբաթ օրը դիմում է հղել Պաշտպանության նախարարությանը: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ գրությունը դեռ չեն ստացել, եւ ստանալուն պես կարձագանքեն դրան:
please wait

No media source currently available

0:00 0:04:02 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG