Մատչելիության հղումներ

Վարչապետը այցելել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոց


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր այցելել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոց` տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին:

Մի քանի ամիս առաջ տարածքում էկոլոգիական արտակարգ իրավիճակ էր ստեղծվել, քանի որ անհայտ անձինք ծանր տեխնիկայով քանդել էին գերեզմանոցը, եւ վտանգավոր թունաքիմիկատները հայտնվել էին բաց երկնքի տակ: Վարչապետին այցի ընթացքում զեկուցվել է, որ հարցի առնչությամբ Ոստիկանությունը արդեն հարուցել է քրեական գործ։

Թունաքիմիկատների գերեզմանոցում վտանգները ժամանակավորապես չեզոքացվել են։ Այդ աշխատանքների համար կառավարությունը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացրել է շուրջ 32 միլիոն դրամ (շուրջ 85 հազար դոլար)։ Այժմ թունաքիմիկատները հավաքվել եւ թաղվել են, տարածքը մաքրվել է, պատվել է անջրթափանց շերտով, գոտեւորվել է փշալարերով, տեղադրվել են զգուշացնող նշաններ եւ պահակակետ:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հավաստմամբ, կատարվել է շուրջ 31 միլիոն դրամի շինարարական աշխատանք, 700 հազար դրամ հատկացվել է նախագծային եւ մնացած այլ աշխատանքների իրականացմանը։

Տիգրան Սարգսյանի խոսքով` տարածքում դեռ պետք է շարունակվեն ուսումնասիրությունները, եւ վերջնական որոշումը կկայացվի միջազգային փորձագետների եզրակացությունից հետո։

«Կառավարությունն արդեն բավական միջոցներ է ծախսել, որպեսզի վտանգավոր հետեւանքները գերեզմանատան մակերեսի բացման այս պահին վերացնենք, չեզոքացնենք», - կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ասել է վարչապետը: - «Համոզված եմ, որ այնպիսի լուծումներ ենք տալու, որ այս խնդիրը վերջնականապես լուծվի եւ բոլորս վստահ լինենք, որ այլեւս շրջակա միջավայրին որեւէ վտանգ չի սպառնում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG