Մատչելիության հղումներ

Կառավարությունը կարճաժամկետ լուծում է տալիս թունաքիմիկատների գերեզմանոցում առաջացած արտակարգ իրավիճակին


Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում թաղված վտանգավոր նյութերը հայտնվել են բաց երկնքի տակ
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում թաղված վտանգավոր նյութերը հայտնվել են բաց երկնքի տակ

Երեւանի Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցում արտակարգ իրավիճակ է առաջացել. բաց երկնքի տակ են հայտնվել լուրջ բնապահպանական վտանգ ներկայացնող թունավոր նյութեր։ Հինգշաբթի օրը Կառավարության նիստում որոշում է ընդունվել պահուստային ֆոնդից հատկացնել 31,6 միլիոն դրամ՝ գերեզմանոցի ծածկի, ջրահեռացման համակարգի եւ ցանկապատի վերականգնման համար։

Այնուհետեւ, առաջիկա 6 ամսվա ընթացքում Արտակարգ իրավիճակների, Բնապահպանության եւ Գյուղատնտեսության նախարարությունները պատրաստելու են համատեղ որոշում, որով վերջնական լուծում է տրվելու թունաքիմիկատների ոչնչացման գործընթացին։

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում խորհրդային տարիներին թաղվել է ավելի քան 500 տոննա թունաքիմիկատ։ Բացի այն, որ թունաքիմիկատները թաղված են սողանքի գոտում եւ տարիների ընթացքում հողաթումբը բավական իջել է՝ շրջակա միջավայրը հայտնվել է լուրջ էկոլոգիական աղետի շեմին, քանի որ տարածք են ներխուժել անհայտ անձինք եւ ծանր տեխնիկայով քանդել տարածքը: Խիստ վտանգավոր թունաքիմիկատները հայտնվել են հողածածկույթի արտաքին բաց մակերեսին։

«Այդ ամբողջ թույնը կաթի, մսի հետ գալիս է հենց մեր սեղանին»

«Սա բնապահպանական լուրջ աղետ է»,- «Ազատություն» ռադոկայանի հետ զրույցում Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի ներկայիս վիճակը գնահատեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը՝ հավելելով. - «Հիմա թույնը անարգելք դուրս է եկել մակերես։ Շրջակա միջավայրի բնակչությունը չի տեղեկացվել, թե ինչքան վտանգավոր է այդ տարածքը, մարդիկ այդտեղ անասուններ են արածացրել, եւ այդ ամբողջը կաթի, մսի հետ գալիս է հենց մեր սեղանին»։

«Վերջին տարիներին նման բնապահպանական աղետ չի եղել Հայաստանում»,- ասում է օրերս թունաքիմիկատների գերեզմանոց այցելած եւ վիճակի մասին ահազանգած Հետաքննող լրագրողներ կազմակերպության նախագահ, «Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Նրա խոսքով խորհրդային տարիներին այդ տարածքը բացի ցանկապատված լինելուց նաեւ հսկվել է, հատուկ պահակակետ է եղել: Չվերահսկվող տարածքում, որտեղ տարածքի վտանգավոր լինելու մասին մի ցուցանակ անգամ չկա, անհայտ անձանց ներխուժումը փաստորեն անակնկալի է բերել Բնապահպանության նախարարությանը:

«Ում մտքով կանցներ, որ նման բան կլիներ»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի եւ թափոնների կառավարման վարչության պետ Անահիտ Ալեքսանդրյանը: - «Միգուցե հիմա, այս ամենից ելնելով, կլինի հսկողություն։ Հիմա պետք է միանշանակ այնտեղ վերահսկողություն լինի, որովհետեւ փաստորեն տեսանք, որ վտանգավոր է», - հավելեց պաշտոնյան։

Համաձայն Ստոկհոլմի կոնվենցիայի, որին Հայաստանը միացել է դեռեւս 2001 թվականին, թունաքիմիկատները պետք է ոչ թե վերամշակվեն կամ վնասազերծվեն, այլ ոչնչացվեն, ինչը կլինի խնդրի վերջնական լուծում:

«Դրա համար անհրաժեշտ են բավական խոշոր գումարներ», - ասում է Անահիտ Ալեքսանդրյանը: Նա չի ընդունում նախարարությանն ուղղված անգործության մեղադրանքները, վստահեցնում, թե նախարարության բնապահպանական տեսչության աշխատակիցները փետրվարին ահազանգ են ստացել եւ եղել են տեղում:

«Աբսուրդն այն է, որ պատասխանատու գերատեսչությունները սպասում էին կառավարության գումար հատկացնելուն, թեեւ կարող էին գոնե ցուցանակներ տեղադրել կամ բնակիչներին տեղեկացնել, որ իրենց բնակավայրի հարեւանությամբ թունաքիմիկատների գերեզմանոց է, եւ այդ տարածքը պետք չէ օգտագործել որպես արոտավայր», - տարակուսում է Էդիկ Բաղդասարյանը, - «զարմանում եմ, որ երկու ամիս գիտեին՝ եւ ոչինչ չեն արել։ Մտածում էի, որ եթե չեն արել, ուրեմն չեն գիտակցում ուղղակի։ Ծիծաղելին այն է, որ բոլորը սպասում են կառավարությունը փող տա, որ իրենք իրենց գործողությունը անեն։ Այսինքն աղետին պետք է սպասենք մինչեւ կառավարությունը փող հատկացնի...»։

Բնապահպանական այս աղետի մասին լուրը տարածվեց դեպքի վայր այցելած բնապահպանների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ահազանգից հետո միայն։

Թաղված թունաքիմիկատները «կենդանացել են»
please wait

No media source currently available

0:00 0:05:19 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG