Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր գործիչների գերակշիռ մեծամասնությունը «միշտ գործող ռեժիմի հետ առևտրի մեջ է մտել»


Հիմնադիր խորհրդարանի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, արխիվ:
Հիմնադիր խորհրդարանի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, արխիվ:

Հիմնադիր խորհրդարանի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը մեկ առ մեկ հիշատակեց Ավետիսյանների սպանության ծածկադմփոցը, Բերձորում իրենց նկատմամբ բռնությունները, գյուղացիների, բանվորների ցույցերը, «Էլեկտրիկ Երևանը»:

«Երբեք պետք չէ սպասել այս համակարգից՝ Սերժի [Սարգսյանի] գլխավորությամբ, որևէ լավ բան հայ ժողովրդի համար: 2015 թիվը՝ սկզբից մինչև այսօր, ապացուցեց, որ այս ռեժիմը հակահայ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:

Նա մեկ առ մեկ հիշեցրեց Ավետիսյանների սպանության ծածկադմփոցը, Բերձորում իրենց նկատմամբ բռնությունները, երբ, իր համոզմամբ՝ նաև սփյուռքը համոզվեց, որ Ղարաբաղում էլ նույն ռեժիմն է, գյուղացիների, բանվորների ցույցերը, «Էլեկտրիկ Երևանը»․ - «Սակայն խնդիր կա ժողովրդի մոտ, թե որ ուժի խոսքին պետք է հավատա, և այդ ընդվզումը պիտի տեղի ունենա: Այս իմաստով մենք խնդիր ունենք: Տակավին մեզ՝ «Նոր Հայաստան» շարժմանը, չի հաջողվել գրավել ժողովրդի սիրտը: Չնայած վստահ ենք, որ այսօր համակրելիության առումով առաջին տեղում ենք գտնվում, սակայն որ մենք կարող ենք այս արմատական փոփոխությունը կատարել՝ այս իմաստով թերահավատություն կա»:

Նրա խոսքով, մարտավարական որոշակի ուղղումներից հետո նորից կփորձեն ժողովրդին ոտքի հանել՝ մինչ այդ գտնելով «բանալին, որ մարդիկ հավատան իրենց»․ - «Ընդդիմադիր գործիչների գերակշիռ մեծամասնությունը միշտ գործող ռեժիմի հետ վերջում առևտրի մեջ է մտել: Եվ այսպես՝ տարիներ շարունակ: Այդ ամբողջը մեր ժողովրդի մեջ մեծ թերահավատություն է առաջացրել առհասարակ քաղաքական գործիչների նկատմամբ: Այո, մենք, դասական իմաստով չլինելով քաղաքական գործիչ, փորձել ենք, սակայն, այս դժվարին օրերին մեր ժողովրդի սիրտը գրավել»:

Ապրիլի 24-ին ու դեկտեմբերի 1-ին չհաջողած հեղափոխություններից հետո էլ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Սեֆիլյանը պնդում է, որ միակ լուծումն ընդզվումն է՝ առնվազն մի քանի տասնյակ հազար մարդկանց ներգրավմամբ և բացառելով մասնակցությունն այս իշխանության կազմակերպած ընտրություններին․ - «Մի քանի հարյուր հոգով եթե նույնիսկ հնարավորություն ունենաս առանց ժողովրդի այս ռեժիմից ձերբազատվելու, այդ քայլին մենք չենք դիմել, որովհետև եթե մենք ուզում ենք իրոք փոփոխություն լինի, ոչ թե պիտի լինի մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր մարդու ցանկությունը, այլ պիտի լինի ամբողջ ժողովրդի ցանկությունը»:

Չնայած տևական խորհրդակցություններին, ամբիոնից հնչող կոչերին՝ «Նոր Հայաստան»-ին չմիացան ընդդիմադիր առանցքային դերակատարներից Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը և Նիկոլ Փաշինյանը։

«Ամեն օրը, որ անցնում է, մեր ժողովուրդը գիտակցում է, որ ընդդիմության իսկական գործունեության վայրը ոչ թե Սերժի կողմից վերահսկվող արհեստական քաղաքական դաշտում գործելն է, այլ փողոցում այլընտրանքային դաշտ ձևավորելով է: Այն գործիչները, որ ուշանում են միանալու փողոցում պայքարը իրականացնող ուժին, ի վերջո ի վնաս իրենց են գործելու»:

Ամանորի գիշերը ևս Ժիրայր Սեֆիլյանը անցկացնելու է Ազատության հրապարակում:

XS
SM
MD
LG