Մատչելիության հղումներ

«Ես չեմ ուզում ծաղիկ դնել ՀՀԿ-ի գրասենյակի առջև»


Նիկոլ Փաշինյանը զրուցում է «Ազատության» հետ, 2-ը դեկտեմբերի, 2015թ․

Նիկոլ Փաշինյանը զրուցում է «Ազատության» հետ, 2-ը դեկտեմբերի, 2015թ․

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Ազատությանը»:

«Ազատություն». - Պարոն Փաշինյան, «Նոր Հայաստան»-ը արդեն սկսել է շուրջօրյա հանրահավաքները, և արդեն երեկ հարթակից Ձեզ ուղղված կոչ եղավ: Մասնավորապես՝ Ժիրայր Սեֆիլյանը, դիմելով Ձեզ, ասաց․ - «Նիկոլ Փաշինյան, սկսվել է, արի, սպասում ենք»: Ինչպե՞ս եք արձագանքելու այս կոչին, արդյո՞ք Ձեզ կտեսնենք հարթակում:

Նիկոլ Փաշինյան. - Մենք ասել ենք, որ մարդկանց չենք առաջնորդելու դեպի պարտություն: Այսինքն՝ մենք մարդկանց որևէ պրոցեսի հրավիրելուց առաջ պետք է ունենանք որոշակի հստակ պատկերացում, թե էդ պրոցեսը կոնկրետ ինչ քայլերով, ինչ ճանապարհային քարտեզով է հասնելու իր նպատակներին և որքանով է հավանական այդ նպատակի իրագործումը:

Երկրորդ շեշտադրումը հետևյալն է՝ մենք ասել ենք, որ իշխանափոխություն խոստանալու ենք միայն մեկ անգամ՝ դրա անմիջական իրագործումից որոշակի ժամանակ առաջ: Այսինքն՝ մենք մեզ համար անթույլատրելի ենք համարում ուղղակի խոստանալ իշխանափոխություն և չիրականացնել:

Երրորդ շեշտադրումը հետևյալն է՝ բացառված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն տեղի չունենա այն պատճառով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կամ եթե կուզեք՝ անձամբ ես, դրան չենք մասնակցում:

«Ազատություն». - Այժմ հարթակում հավաքված են մարդիկ, երեկվա հանրահավաքն էլ, կարելի է ասել՝ բազմամարդ էր: Ձեզ վստահություն չե՞ն ներշնչում հարթակից ներկայացվող սցենարները: Խոսքը, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարության մասին է, թե կասեցված հանրաքվեն վերածվելու է Սերժ Սարգսյանի հրաժարականին, ապա և այն դառնալու է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների պահանջ:

Նիկոլ Փաշինյան. - Գիտեք ինչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և ես անձամբ չենք ստացել իշխանափոխության որևէ ճանապարհային քարտեզ, որը լինի մեր սեղանին՝ որպես քննարկման առարկա: Գոնե լրատվության մակարդակում ես չեմ հանդիպել հրապարակված որևէ ճանապարհային քարտեզի: Լավ, ենթադրենք մենք այսօր գնացինք Ազատության հրապարակ, ի՞նչ ենք մենք անելու այդ օրը բոլորով, ի՞նչ կոնկրետ խնդիր ենք դնում և լուծելու այդ օրը, ի՞նչ խնդիր ենք լուծելու հաջորդ օրը, ի՞նչ խնդիր ենք լուծելու երրորդ օրը ․․․

«Ազատություն». - Գուցե կա՞ , գուցե գնաք քննարկե՞ք այնտեղ:

Նիկոլ Փաշինյան. - Տեսեք, եթե մեր գործընկերները քննարկելու առաջարկ ունեն, որը մենք պետք է քննարկենք, դա մենք պետք է ունենանք:

«Ազատություն». - Ասացին՝ «Նիկոլ Փաշինյան, եկեք այստեղ, ժողովուրդը սպասում է , իշխանափոխությունը սկսվել է արդեն»:

Նիկոլ Փաշինյան. - Թող կոպիտ չհնչի, բայց առաջին անգամը չէ, որ հարթակից իմ անունը հնչում է և ինձ հրավիրում են: Ձեր առաջարկն այն է, որ ․․․ ասենք՝ գնացի այնտեղ: Հետո ի՞նչ: Այսինքն, մարդկանց հրավիրում ենք հրապարակ, հետո նոր քննարկում, թե ո՞նց ենք անելու իշխանափոխություն․․․

«Ազատություն». - ինչպես ներկայացնում է Ժիրայր Սեֆիլյանը, անհնազանդության գործողություններով, փողոցում մնալով այնքան, մինչև որ իշխանությունը ինքնակամ կամ պարտադրված հրաժարական տա:

Նիկոլ Փաշինյան. - Ի՞նչ է նշանակում՝ ինքնակամ կամ պարտադրված հրաժարական: Մենք այդ խոսակցությունն ունեցել ենք, այդ թվում՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի մեր գործընկերների հետ: Իշխանափոխությունը մի բան չէ, որ, էսպես, կարող է պատահաբար երկնքից ընկնել: Այսինքն՝ եթե մենք ասում ենք, որ էս իշխանությունը բռնազավթել է, հանցագործ, կրիմինալ իշխանություն է, մենք պետք է հասկանանք, որ իշխանափոխություն անելու համար պետք է հարուցել մի պրոցես, որի արդյունքում պետք է տեղի ունենա իշխանափոխություն:

Հիմա մենք, նաև նախկինում, մեր գործընկերներին հարց ենք տվել՝ իշխանափոխությունը կոնկրետ իրադարձություն է, որն ունի տեղի ունենալու օր և ժամ: Ենթադրենք՝ դա դեկտեմբերի 3-ի երեկոյան ժամը 17:00-ն է, երբ Սերժ Սարգսյանն ասում է՝ «Օհ, ես հեռանում եմ իշխանությունից»: Մենք պետք է էնքան լուրջ գտնվենք, որ հասկանանք՝ դա ինքը իրեն չի կարող տեղի ունենալ: Հիմա, որպեսզի հասկանանք՝ կա՞ էդ հնարավորությունը թե ոչ, մեր գործընկերները պետք է նկարագրեն, թե էդ իշխանափոխությանը նախորդող 24 ժամվա ընթացքում, օրինակ, ի՞նչ իրադարձություններ պետք է տեղի ունենան, որպեսզի Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Երբ մենք մարդուն հրավիրում ենք հրապարակ, մենք պետք է իրեն շատ պարզ բացատրենք՝ մենք ի՞նչ ենք անելու՝ գնում ենք նախագահական նստավայրը գրավենք, կառավարությունը գրավենք․․․

«Ազատություն». - Երեկ, օրինակ, ծաղիկներ էին ցանկանում դնել Հանրապետական կուսակցության գրասենյակի առջև․․․

Նիկոլ Փաշինյան. - Ծաղիկներ դնելու համար պետք է կրիտիկական մասսա հավաքել՞, կանչում են, որ գնանք իրար հետ ծաղի՞կ դնենք Հանրապետական կուսակցության գրասենյակի առջև: Կներեք, ես չեմ ուզում ծաղիկ դնել: Կամ՝ եթե ուզենամ ծաղիկ դնել, հիմա կարող ենք երկուսով իջնել և ծաղիկ դնել, և ի տարբերություն երեկվա՝ դա մեզ կհաջողվի:

«Ազատություն». - Այսինքն՝ ձեզ վստահություն չե՞ն ներշնչում այսօր հարթակից «Նոր Հայաստան» միավորման անդամների կողմից արվող պնդումները:

Նիկոլ Փաշինյան. - Ես խնդրում եմ, որ մենք շեշտադրումները շատ ճիշտ անենք: Եթե մեր գործընկերները ցույց կտան, որ կա ուրիշ ճանապարհ, և էդ ճանապարհը ոչ թե ուղղակի հավաքվելն է, որ մի բան անենք՝ տեսնենք ինչ կլինի հետո, այլ կոնկրետ՝ անում ենք քայլ մեկ, անում ենք այս կոնկրետ չափելի գործողությունը․․․ այո, իհարկե պատրաստ ենք քննարկել:

Բայց կներեք, եթե ճանապարհային քարտեզի առաջին քայլը հետևյալն է՝ ծաղիկներ դնել Հանրապետական կուսակցության գրասենյակի դիմաց, ես չեմ ուզում այնտեղ ծաղիկներ դնել: Եթե որևէ մեկը համարում է, որ սա մեծ քաղաքական սխալ է, մեծ քաղաքական ձախողում է, թող էդպես համարի, ես էդ ձախողման պատասխանատվությունը կրում եմ:

XS
SM
MD
LG