Մատչելիության հղումներ

Սեֆիլյան. «Ընդդիմադիր բևեռը գետնի վրա կայանում է»


Ժիրայր Սեֆիլյանը Ազատության հրապարակում դեկտեմբերի 1-ի հանրահավաքի ժամանակ

Ժիրայր Սեֆիլյանը Ազատության հրապարակում դեկտեմբերի 1-ի հանրահավաքի ժամանակ

«Նոր Հայաստան»-ի առաջնորդն ասում է՝ իրենք ամեն ինչ անելու են, որ պայքարը միասին՝ «Ոչ»-ի միասնական շտաբի հետ շարունակեն։

«Ես համոզված եմ, որ օր-օրի մենք կայանում ենք, ընդդիմադիր բևեռը գետնի վրա կայանում է, նոր կորիզ ձևավորվում, որն այս ռեժիմի համար անհաղթահարելի է լինելու», - երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը՝ նշելով, որ ինքը դրական է տրամադրված և լավատես է։

Հարցին, թե որտե՞ղ է այդ ռեսուրսը, ովքե՞ր են միանալու այդ հանրահավաքներին, Սեֆիլյանը պատասխանեց. - «Ամբողջ ժողովուրդը։ Ոչ ոք թող չկասկածի. այս հետևողական աշխատանքի, համառ աշխատանքի արդյունքում պետք է լցվի այս [Ազատության] հրապարակը»։

Իշխող Հանրապետականի ներկայացուցիչ, խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ 2008 թվականի հետընտրական պայքարի դեպքում հարթակում ամուր քաղաքական գործիչներ էին։ «Մարտի 1-ին ավելի ամուր քաղաքական գործիչներ էին և գիտեին՝ որ մասում ինչպես սկսեին և ինչ արդյունքներ կամ ոչ արդյունքներ ձևավորեին: Այս ուժը ավելի շատ քաղաքացիական շարժում է, քան քաղաքական», - նշել է ԱԺ խոսնակը։

Հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Սահակյանի այս դիտարկմանը, Սեֆիլյանը պատասխանեց. - «Գալուստ Սահակյանն ինքն իրեն քաղաքական գործի՞չ է համարում: Չեմ պատրաստվում մեկնաբանել այդպիսի մարդկանց»։

«Նոր Հայաստան»-ի շուրջօրյա ակցիաներին զուգահեռ՝ Ազատության հրապարակում այսօր ժամը 17-ին նախատեսված է նաև «Ոչ»-ի միասնական շտաբի հանրահավաքը։ «Ոչ»-ի ճակատում են Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) և «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը։

Սեֆիլյանը դժվարացավ պատասխանել հարցին՝ այդ հանրահավքին ելույթ կունենա՞, թե՞ ոչ։ «Այս պահին դժվարանում եմ ասել, բայց մենք մասնակցելու ենք, ամեն ինչ անելու ենք, որ պայքարը միասին շարունակենք», - ասաց «Նոր Հայաստան»-ի առաջնորդը։

XS
SM
MD
LG