Մատչելիության հղումներ

Սեֆիլյան․ «Դա միայն մեր շարժման խնդիրը չէ, դա հայ ժողովրդի խնդիրն է»


«Նոր Հայաստան»-ի երթը Երևանում, 4-ը դեկտեմբերի, 2015թ․
«Նոր Հայաստան»-ի երթը Երևանում, 4-ը դեկտեմբերի, 2015թ․

«Նոր Հայաստան»-ը վճռական հանրահավաքի օր է հայտարարում․ դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեից հետո, շարժման առաջնորդներ Ժիրայր Սեֆիլյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեցին, որ պատրաստ են նաև արմատական քայլերի։

«Լինելու են քայլեր, որոնք պիտի մեզ հաջողություն ապահովեն։ Սակայն բոլորը պետք է հասկանան, որ մեր վճռականությունը միայն քիչ է, պիտի անպայման ժողովրդի աջակցությունը լինի», - հանրահավաքի ավարտին «Ազատության»-ը տված հարցազրույցում պարզաբանեց «Նոր Հայաստան»-ի շտաբի պետը՝ շարունակելով․ - «Մենք չենք խոսում հարյուր հազարավոր ժողովրդի ներկայության մասին, խոսում ենք ակտիվ հազարավոր ժողովրդի մասին։ Բոլորը պիտի գիտակցեն, որ այս խնդիրը միայն «Նոր Հայաստան»-ի քաղխորհրդի կամ մեր շարժման խնդիրը չէ, դա հայ ժողովրդի խնդիրն է։ Իսկ պատասխանատվությունը, բեռը, զոհողությունը՝ մենք պատրաստ ենք»։

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 6-ի «վճռորոշ» գործողություններին՝ Սեֆիլյանն ասաց՝ չի պատրաստվում փակագծերը բացել, բայց, ասաց՝ «այդ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կոչեցյալը պիտի զգա մեր ժողովրդի շունչը»։

«Մենք չենք խոսում հարյուր հազարավոր ժողովրդի ներկայության մասին, խոսում ենք ակտիվ հազարավոր ժողովրդի մասին։ Բոլորը պիտի գիտակցեն, որ այս խնդիրը միայն «Նոր Հայաստան»-ի քաղխորհրդի կամ մեր շարժման խնդիրը չէ, դա հայ ժողովրդի խնդիրն է։ Իսկ պատասխանատվությունը, բեռը, զոհողությունը՝ մենք պատրաստ ենք»։

Այսօր ավելի վաղ՝ հանրահավաքի ընթացքում ունեցած իր ելույթում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հիմնականում խոսեց նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախօրեին հրապարակված հարցազրույցից։

«Հիմա ինքը դիմում է միջազգային հանրությանը և ասում է՝ եթե ես չլինեմ հանկարծ, ուրեմն պատերազմ է։ Ինձ հետ գործ ունեցեք՝ կարող է և գողացել եմ իշխանությունը, բայց եթե ուզում եք կանխատեսելի, կայուն, հպատակ, ծունկի եկած, ստրկամիտ Հայաստան, եթե ուզում եք, որ ես Մոսկվա գնամ, պրո-ռուսական բաներ շշնջամ ռուսների մոտ, Ամերիկա գնամ՝ ամերիկամետ բաներ ասեմ, Եվրոպայի հետ երկիմաստ խաղ խաղամ, ինձ հետ գործ ունեցեք», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է ընտրությունների օրվան՝ «Ժառանգության» առաջնորդը կրկին հայտարարեց, որ այդ օրը կներկայանա ընտրատեղամաս և կպատռի իր քվեաթերթիկը։

Հանրահավաքից հետո «Նոր Հայաստան»-ի աջակիցները երթով հասան Կենտրոնական ընտրական հանձնաժողով և հայտարարեցին, որ եթե դեկտեմբերի 6-ին «Այո»-ն հաղթի, իրենք կրկին դուրս կգան փողոց և երեկոյան ժամը 8-ից կսկսեն իրենց վճռորոշ հանրահավաքը։

XS
SM
MD
LG