Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյանը բացառում է «Նոր Հայաստան»-ի մասնակցությունը հերթական ընտրություններին


Ժիրայր Սեֆիլյանը Ազատության հրապարակում

Ժիրայր Սեֆիլյանը Ազատության հրապարակում

«Ազատությունը» զրուցել է «Նոր Հայաստան» շարժման առաջնորդի հետ։

«Ազատություն».- Պարոն Սեֆիլյան, ուժի մե՞ջ է Ձեր այն հայտարարությունը, որ դեկտեմբերի 1-ի հնչեցրեցիք հրապարակում՝ «Նոր տարին առանց Սերժ Սարգսյանի»։

Սեֆիլյան.- Ուժի մեջ է անշուշտ այն իմաստով, որ նոր տարուն այդ նվերը լինելու է։ «Նոր տարի» հասկացողությունը բոլորիս համար պարզ է, խոսքը չի վերաբերում հունվարի 1-ին, նոր տարվան է վերաբերում։ Ես համոզված եմ, որ 2016-ին մեզ հաջողվելու է Սերժից ձերբազատվել։

«Ազատություն».- Այսինքն «Հարյուրամյակն առանց ռեժիմի» ձեր կարգախոսը այլևս ուժի մեջ չէ, պարոն Սեֆիլյան։

Սեֆիլյան.- Ուժի մեջ է, 100-ամյակը մինչև 16 թիվ, ապրիլ 24...

«Ազատություն».- Մամուլը և որոշ ընդդիմադիր գործիչներ Ձեզ քննադատում են վերջնաժամկետներ հնչեցնելու կապակցությամբ, որոնք փաստորեն մի քանի անգամ իրենց արդյունքը չեն տվել։

Սեֆիլյան.- Ես ամեն դեպքում երբեք չեմ հնչեցրել մի թվական, օր, որ այդ օրն է և վերջ։ Որպես պայքարելու հանգրվաններ՝ պարբերաբար վճռորոշ թվականներ մենք հայտարարել ենք, առաջիկայում էլ կարող ենք հայտարարել։ Թե երբ նպատակին կհասնենք, երբ մեր ժողովրդին կհաջողվի այս ռեժիմից ձերբազատվել, այդպիսի օրը հայտարարելը, կարծում եմ, միամտություն կլինի։ Դա պայքարի ընթացքում պիտի ձեռք բերել։

«Ազատություն».- Ձեզ քննադատում են նաև այն բանի համար, որ հիասթափության որոշակի ալիք նորից բարձրացավ՝ այն իմաստով, որ դուք, օրինակ, հայտարարել էիք, թե հանրաքվեն կասեցվելու է, մինչդեռ...

Սեֆիլյան.- Դուք այսօր հիասթափություն տեսնո՞ւմ եք։ Ես կարծում եմ, որ օր օրի շատանում ենք։ Չկա այդպիսի բան։ Որևէ մեկը թող չկարծի, որ որևէ մի պահ է լինելու որոշիչը, պայքարը տևական գործընթաց է։ Կարևորը՝ պայքարող կորիզը չվաճառվի, չծախվի, գործարքների մեջ չմտնի, իր անձի մասին չմտածի։ Եթե այդ հատկությունները պահպանում ենք, արդյունքը անխուսափելի է։ Ոչ ոք թող չկասկածի։ Եվ ես վստահ եմ, որ մեր շարքերը օր օրի մեծանալու են։

«Ազատություն».- Այսօր արդեն իշխանական շրջանակներից ասում են, որ ընդդիմությունը լավ կանի՝ այս ներուժը կենտրոնացնի 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների վրա։ Հայտնի է, որ դուք կտրականապես մերժում եք որևէ ընտրության մասնակցելը։ Պահպանո՞ւմ եք դեռ այդ տեսակետը։

Սեֆիլյան.- Այո՛, դիկտատորի օրոք որևէ ընտրության մասնակցելը անհեթեթություն է։ Ավելին՝ ովքեր մասնակցում են, լեգիտիմացնում են բռնատերին։

«Ազատություն».- Կարո՞ղ եք ասել, որ «Նոր Հայաստան»-ը որևէ ձևաչափով չի մասնակցելու ընտրություններին։

Սեֆիլյան.- Անշուշտ, չենք մասնակցելու, 2016 թվականին մեզ հաջողվելու է ձերբազատվել այս ռեժիմից, կլինի անցումային ժամանակաշրջան և նախապատրաստում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններին։

«Ազատություն».- Դուք է՞լ եք մարզեր գնալու եկող շաբաթ։

Սեֆիլյան.- Այո, հնարավորինս պիտի ուղեկցեմ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին։

XS
SM
MD
LG