Մատչելիության հղումներ

Առաջարկվել է նաիրիտցիների պարտքը վճարել գործարանի գույքը վաճառելու հաշվին


Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյան, արխիվ
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյան, արխիվ

Նաիրիտցիները Երվանդ Զախարյանի այս առաջարկը հերթական խաբեություն են համարում։

Գույք՝ պարտքի դիմաց։ Երեկ երեկոյան 18-24 ամիս աշխատավարձ չսատացած նարիտցիների հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն առաջարկել է վաճառել գործարանի ունեցվածքի մի մասը։ Այս մասին այսօր նախագահի նստավայրի դիմաց բողոքող «Նաիրիտ»-ի աշխատողներին հայտնեց գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը՝ հավելելով, որ առաջիկա օրերին կձևավորվի հանձնաժողով, որն էլ կզբաղվի գույքի օտարման աշխատանքներով։

«Այսինքն այն գույքը՝ դա՛ կլինի շենք, դա՛ կլինի մետաղ, թե՝ բարդ սարքավորում, պետք է վաճառվի», - ասաց Թադևոսյանը։

Ըստ արհմիության ղեկավարի, օտարման ենթակա են գործարանի հետագա հնարավոր վերագործարկմանը չխոչընդոտող գույքն ու սարքավորումները։

Իսկ հարցին, թե ինչպես է հնարավոր վաճառքի հանել անգամ մեկ սարքավորում, երբ ամբողջ գործարանի ունեցվաքը վաղուց արդեն գրավադրված է բանկերում, Թադևոսյանը պատասխանեց, թե դրանով կզբաղվի նախարար Երվանդ Զախարյանը։

«Բանից պարզվում է, որ մեր քացախաթթվի արտադրությունը գրավադրված է «Հայբիզնեսբանկ»-ում։ Կառավարությունը, ի դեմս նախարարի, արագացնելու է, որ «Հայբիզնեսբանկ»-ը թույլատրի գրավից հանել», - ասաց արհմիության ղեկավարը։

«Նաիրիտ»-ի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանի խոսքով, եթե անգամ իշխանություներին հաջողվի համոզել բանկին և գործարանի գրավադրված ունեցվածքը հանել վաճառքի, միևնույն է հնարավոր չի լինի մարել ամբողջ պարտքը։ Չնայած կարևորությանը և տեխնիկական առանձնահատկությանը, բոլոր արժեքավոր սարքավորումներն ու գույքը գնահատվելու են որպես մետաղի ջարդոն։

«Գույքի օտարման ցուցակը ներկայացվել է, դա կազմում է մոտավորապես, շատ-շատ մոտավորապես 5-7 միլիոն դոլարի գույք, դա արդեն «Նաիրիտ»-ի աշխատավարձի պարտքի կեսն է», - փոխանցեց Հարությունյանը։

Բողոքի ակցիայի մասնակիցները Երվանդ Զախարյանի առաջարկը հերթական խաբեություն համարեցին։ Փետրվարի 6-ից պաշտոնապես աշխատանքից ազատվող նաիրիտցիները այսօր մի քանի ժամ Բաղրամյան 26-ի դիմաց բղավում և պահանջում էին՝ Սերժ Սարգսյանին տեր կանգնել իրենց։

Բարկացած ու հուսահատ նաիրիտցիներն ասացին, որ իրենցից յուրաքանչյուրը պարտքեր ու բազմաթիվ չլուծված հարցեր ունի։

Նախագահի նստավայրից որևէ արձագանք չստանալով՝ նաիրտցիները շարժվեցին դեպի Ազգային Ժողով։ Խորհրդարանից ցուցարարներին մոտեցավ միայն ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը։ Դիմելով նաիրիտցիներին՝ պատգամավորը նշեց, որ իշխանությունն ամեն կերպ փորձելու է մոլորեցնել. - «Իրենք խնդիր լուծելու, ուղղակի, տարբերակներ չունեն։ Երկիրը ձեռքից գնում է, մենակ դուք չեք։ Էս մարդիկ փող շատ են սիրում, համակերպվեք դրա հետ»։

Պատգամավորին լսելուց հետո նաիրիտցիները կրկին Բաղրամյան 26 ուղևորվեցին։ Որոշում կայացվեց բողոքի ակցիաներն անցկացնել ամենօրյա ռեժիմով։

XS
SM
MD
LG