Մատչելիության հղումներ

logo-print

Նաիրիտցիների հարցում «հուսադրող լավ բան չկա»


Վարչապետի հետ հերթական հանդիպումից պարապուրդի մատնված քիմիական հսկայի աշխատակիցները հիասթափված դուրս եկան:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շաբաթ օրը խորհուրդ տվեց նաիրիտցիներին՝ չստացած աշխատավարձերը պահանջել «ո՛չ վարչապետից, ո՛չ էներգետիկայի և բնական պաշարների նախարարից»:

Աբրահամյանը կեսօրին մոտ ընդունեց արդեն տևական ժամանակ պարապուրդի մատնված քիմիական հսկայի աշխատակիցներին, ովքեր 18 ամիս է ինչ աշխատավարձ չեն ստացել և պահանջում են կառավարությունից վճարել մոտ 6 միլիարդ դրամի հասնող գումարը:

«Ես չաշխատող գործարանի տնօրենին 2 միլիոն 600 հազար դրամ աշխատավարձ՝ դեմ եմ, փոխտնօրենին՝ 2 միլիոն երեք․․․ և սենց շարունակվում է՝ ես դեմ եմ լինելու, նորից եմ ասում: Հիմա խնդիրն ինչում է՝ դուք ինձ պարտադրում եք, առաջարկում եք, հորդորում եք, ասում եք, որ «գիտեք ինչ, մեր պարտքերը փակեք»: Ես գտնում եմ, որ դա ճիշտ եք ասում, ունեք բարոյական էդ իրավունքը և ընդհանրապես իրավունք ունեք պահանջելու ձեր աշխատավարձը, բայց՝ ո՛չ վարչապետից, ո՛չ էներգետիկայի և բնական պաշարների նախարարից», - հայտարարեց վարչապետը՝ հավելելով․ - «Դուք ունեք տնօրենների խորհուրդ, որոնք որ պատասխանատու են, ունեք տնօրեն, որ աշխատավարձ եք տվել էդքան, բան․․․»:

Վստահեցնելով, որ «կառավարությունը ուզում է աջակցել», վարչապետը շարունակեց․ - «Հիմա դուք խնդիր եք դրել, որ մենք ձեզ մեկ ամսվա աշխատավարձ ևս լրացուցիչ վճարենք՝ լինի երեք ամսվա, այսինքն՝ նոյեմբեր, դեկտեմբեր և մեկ լրացուցիչ, ոնց որ դուք պայմանավորվել եք, և ասում եք՝ «նաև մեր պարտքերը փակեք աշխատավարձի՝ բոլորը, ժամանակի ընթացքում», ինչպես նոր դուք ձևակերպեցիք նաև: Հիմա դուք պետք է հասկանաք, որ էդ գումարները, նախ, բյուջեում չկա նախատեսված, գործարանը հիմա չի աշխատում»:

«Մենք խնդրել ենք Համաշխարհային բանկին, որպեսզի իրենք մասնագետներ հրավիրեն միջազգային և տան՝ «Նաիրիտ»-ի ապագան ոնց են տեսնում, մենք հնարավորություն կունենա՞նք, որպեսզի գործարկենք այդ գործարանը, թե՞ ոչ: Իրենք աշխատանքը սկսել են, փետրվար-մարտին կունենանք պատասխանը, կհավաքվենք, միասին կքննարկենք», - եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:

Լրագրողներին թույլատրվեց միայն հինգ րոպե ներկա գտնվել վարչապետի ու նաիրիտցիների հանդիպմանը:

Նշենք՝ «Նաիրիտ»-ի պարտքը միայն 6 միլիարդ դրամի հասնող աշխատավարձը չէ․ ինչպես նոյեմբերի վերջին հայտնեց էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, կան նաև 96 միլիարդ դրամի հասնող այլ պարտքեր, որոնցից 63 միլիարդը վարկային պարտավարություն է:

Լրատվամիջոցները բազմիցս են գրել Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք տեղի ունեցած վարկային խճճված պատմության մասին, որի հետևանքով «Նաիրիտ»-ը հսկայական պարտքեր կուտակեց ու, փաստորեն, սնանկացավ:

Մոտ մեկ ժամ տևած քննարկումից հետո նաիրիտցիները դուրս եկան կառավարության շենքից: «Լավ դիլխոր են», - նայելով նրանց դեմքին՝ բղավեց գործարանի բանվորներից մեկը․ շենքի առջև հավաքվել էին մի քանի հարյուր նաիրիտցիներ:

«Նաիրիտ»-ի արհմիության ղեկավար Հրաչյա Թադևոսյանը հայտարարեց․ - «Ուրեմն, ժողովուրդ, հուսադրող լավ բան չկա: Փետրվարի մեջ, նախարարի, վարչապետի առաջարկությունն է, որ փետրվարի մեջ պատասխան կունենան երևի Համաշխարհային բանկի հետ կապված, կարող է մինչև էս ամսվա 25-ը նույնիսկ «Նաիրիտ» գան ներկայացուցիչներ Համաշխարհային բանկի, եթե էս ամսվա մեջ չեկան՝ հունվարի մինչև 15-ը հաստատ գալու են՝ աշխատելու, աշխատեցնելու պահով: Եվ միևնույն ժամանակ, հիմա աշխատանքներ է տարվում, դատական պրոցեսներ է գնում Միջպետական բանկի հետ՝ մեր ակցիաները հետ բերելու, որ կառավարություն հետ բերեն: Գումարի պարտքի մարումը ընդհանրապես, իրենց կողմից ասվում է՝ «միայն ակցիաների հետ բերելու պահից հետո կարող ենք ձեր պարտքի մասին ասել, որ ձեր պարտքը երբ կմարվի»:

Թադևոսյանը հավելեց՝ վարչապետը խոստացել է վճարել ևս երկու ամսվա աշխատավարձ՝ դեկտեմբերի 15-ին ու հունվարի 15-ին: Իսկ թե դրանից հետո ինչ է լինելու նաիրիտցիների հետ, որոնց, հիշեցնենք, ուղարկվել են գալիք տարվա փետրվարի 6-ից աշխատանքից ազատվելու ծանուցագրեր, հայտնեց «Նաիրիտ»-ի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը, ով նույնպես ներկա էր քննարկմանը․ - «Էն փաստարկին, որ ախր մարդիկ վերածվելու են աղքատների, որովհետև, ըստ էության, մարդիկ այլևս աշխատանքի խնդիր էլ լուծել չեն կարողանալու, որովհետև էսօր երկրում աշխատատեղ, բոլորս գիտենք, շատ քիչ կա, վարչապետը պատասխանեց՝ ըստ օրենքի թող դիմեն, ստանան նպաստ»:

Նաիրիտցիները վրդովմունքով արձագանքեցին այդ հայտարարությանը:

XS
SM
MD
LG