Մատչելիության հղումներ

logo-print

Նաիրիտցիները չստացան խոստացված մեկ ամսվա աշխատավարձը


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոստացած մեկ ամսվա աշխատավարձը նաիրիտցիներն այսօր այդպես էլ չստացան։ Նրանց այդ մասին դեռ առավոտյան տեղեկացրեց գործարանի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Սաղաթելյանը։

«Այսօր չի լինի: Բայց երկու օրվա մեջ՝ երևի: Հույս ունենք, որ կլինի», - Կառավարության շենքի մոտ հավաքված նաիրիտցիներին ասաց նա:

Շաբաթ օրը Կառավարության շենքի մոտ բողոքող մի քանի հարյուր աշխատակիցներից 5-ին ընդունած վարչապետը, գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարութունյանի փոխանցմամբ, տեղեկացրել էր, որ երկուշաբթի կփոխանցվի մեկ ամսվա աշխատավարձ։ Իսկ ինչ վերաբերում է գործարանի ապագային, ապա Համաշխարհային բանկին խնդրել են աուդիտ իրականացնել։

Այսօր գործարանի բակում բողոքող նաիրիտցիները իրենց հետագա գործողությունները ծրագրելու համար ստեղծել են 20 հոգանոց խորհուրդ։ Ըստ Հարութունյանի, խորհրդի հիմնական գործառույթը բողոքի ակցիաների կազմակերպումն է լինելու․ - «Մենք գնացել ենք արդեն երրորդ, չորրորդ անգամ պետության դուռը՝ Կառավարություն ենք գնացել, նախագահական ենք գնացել: Պատասխանը ոչ մի կերպ չի փոխվել»:

ԱԺ ատգամավոր Միքայել Մելքոնյանի (ԲՀԿ) խոսքով, Հայաստանի քիմիական արդյունաբերության երբեմնի հսկայի վերագործարկման համար անհրաժեշտ է մշակել ծրագիր, ստեղծել բարենպաստ պայմաններ ներդրողների համար և կատարել մի շարք օրենսդրական փոփոխություններ․ - «Պետք է ամբողջ իրավիճակը ստեղծված վերլուծվի համակողմանի բոլոր ազդող գործոնները, պարտքերը վերակազմակերպվեն, տեխնոլոգիական գործընթացի աուդիտ կատարվի, որը կոչվում է տեխնիկական աուդիտ»։

Ըստ պատգամավորի, պահելով աշխատակիցներին, «Նաիրիտ»-ն ամսական մոտ մեկ միլիոն դոլարի պարտք է ավելացնում իր վրա, սակայն գործարանը պարտավոր է նվազագույն աշխատուժ ունենալ։

Գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ ոչ իշխանական քառյակն իր տարբերակներն էր առաջարկել դեռևս այս տարվա գարնանը՝ Կառավարությանն ուղված իր հայտնի12 կետանոց պահանջագրում։ Մելքումյանի խոսքով՝ այժմ սպասում են տեխնիկական աուդիտի արդյունքներին․ - «Ես մինչև այդ աուդիտի արդյունքներին և հետագա համալիր ուսումնասիրություններին ծանոթ չլինեմ, չեմ կարող ասել, բայց ես դեմ են մարդկանց փողոց նետելուն»։

ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի պնդմամբ՝ աուդիտները պարզապես մանիպուլացիա են․ իշխանությունները ամեն կերպ փորձում են հանրությանը շեղել բուն խնդրից։

Տնտեսագետի կարծիքով, ուսումնասիրությունը պետք է պատասխանի ընդամենը մեկ հարցի՝ ուր են կորել գողացված փողերը․ - «Արդեն կարելի է այդպես ձևակերպել, որովհետև իրականում երբ որ հիմա նայում ենք 400 միլիոն դոլարի պարտք․․․ Ինչպե՞ս է առաջացել այդ պարտքը: Էլի աուդիտի համար մի հատ գումար վճարել են, հիմա նորից աուդիտի համար էլի գումար կվճարեն: Հետո այդ աուդիտի արդյունքները կնստեն կքննարկեն»:

Նրա համոզմամբ՝ անհետացած գումարի փաստով վաղուց արդեն քրեական գործ պետք է հարուցվեր։

«Նաիրիտ» գործարանի մասնավորեցման, անհետացած գումարների, տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրելու համար Աժ-ում հանձնաժողով ստեղծելու առաջարկով ոչ իշխանական կուսակցությունները բազմիցս են հանդես եկել։ Իշխող Հանրապետականը, սակայն, մշտապես ընդդիմացել է այդ առաջարկներին։

Խաչատրյանի խոսքով, հանրապետականների մերժողական վարքագծի մեջ արտառոց բան չկա, քանի որ իշխանությունը քաջ գիտակցում է՝ մութ էջերը բացահայտելու ճանապարհին իրենք կկանգնեն դատարանի առաջ․ - «Իրենք ի վիճակի չեն հարց լուծելու, որովհետև եթե իրենք հարցը լուծեն, պետք է ամբողջ պատմությունը բացահայտեն: Իսկ եթե այդ ամբողջ պատմությունը բացահայտեն, այդ թելը տանում է դեպի ամենավերին մակարդակ, ամենավերին պաշտոնյաներին մոտ»:

Տնտեսագետը վստահ է՝ անկախ գործարանի տեխնիկական վիճակից, սպառողական շուկայի հնարավորություններից և զանազան աուդիտներից, ստեղծված իրավիճակում ներդրողներ գտնելը գրեթե անհնարին է, քանի որ իշխանությունը նման ցանկություն չունի։

XS
SM
MD
LG