Մատչելիության հղումներ

Մինչև տարեվերջ նաիրիտցիներին կվճարվի մեկ ամսվա աշխատավարձ


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Նաիրիտ»-ի աշխատակիցների պատվիրակությանը:

Իրենց աշխատավարձերը պահանջող «Նաիրիտ» գործարանի մոտ երկու հարյուր աշխատակիցներ այսօր կրկին եկել էին Հանրապետության հրապարակ: Նրանց 5 հոգանոց պատվիրակությունը մոտ մեկուկես ժամանոց հանդիպում ունեցավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Հանդիպման ավարտին նրանք ցուցարարներին փոխանցեցին, թե վարչապետը իրենց գործարանի խնդրի մանրամասներին չի տիրապետում․ - «Կային հարցեր, որ վարչապետին էլ երևի ճիշտ ինֆորմացիա չի հասնում»:

Խոստացված մեկ ամսվա աշխատավարձը մինչև տարեվերջ կտրամադրվի: Գոնե երեք ամսվա աշխատավարձը վճարելու խնդրանքին վարչապետը հուսադրող, բայց ոչ հստակ պատասխան է տվել:

«Հիմա Կառավարությունը այդ 15 միլիոն դոլարը չի կարողանում ասել՝ վաղը կա, կամ մյուս օրը, մի ամիս հետո կլինի, ես կփակեմ: Միևնույն ժամանակ, չեն հրաժարվում․ աշխատավարձի պարտքը պետք է մարվի», - ցուցարարներին փոխանցեց հանդիպման մասնակիցներից մեկը:

Վարչապետը կրկին բարձրաձայնել է, որ անհիմն է համարում որևէ արտադրանք չտվող գործարանում բարձր աշխատավարձերը: Նաիրիտցիները, մինչդեռ, նշում էին, որ բարձր աշխատավարձ ստանում է գործարանի ղեկավար կազմը, որը նշանակվում է Կառավարության համաձայնությամբ:

Գործարանի աշխատակիցները, ուստի, չեն հավատում, թե վարչապետն անտեղյակ է գործարանում տիրող իրավիճակից:

«Նոր իշխանություն չի ինքը, ինքը ընդամենը փոխարինել է Տիգրանին: Տիգրանի շարունակությունն է ինքը, ոչ թե իշխանափոխություն է տեղի ունեցել: Ինչպե՞ս կարող է տեղյակ չլինել», - տարակուսեց ցուցարարներից մեկը:

«Նաիրիտ»-ը նաև 30 մլն դրամ պարտք ունի էներգակիրների մասով: Վարչապետը խոստացել է 10 տարով սառեցնել այդ պարտքը, նաև Համաշխարհային բանկին խնդրել է գործարանում աուդիտ անցկացնել՝ պարզելու, թե ինչ է մնացել երբեմնի քիմիական արդյունաբերության հսկայից:

Այսօրվանից նաիրիտցիները դադարեցնում են բողոքի ցույցերը: Վարչապետի հետ ևս մեկ հանդիպում նախատեսված է շաբաթ օրը:

XS
SM
MD
LG