Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները այսօր էլ չեն ստանա խոստացված մեկ ամսվա աշխատավարձը


«Նաիրիտի» աշխատակիցներին ընդունել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, 13-ը դեկտեմբերի, 2014

«Նաիրիտի» աշխատակիցներին ընդունել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, 13-ը դեկտեմբերի, 2014

Նաիրիտցիներն այսօր էլ աշխատավարձ չեն ստանա, այս մասին «Ազատությանը» փոխանցեց գործարանի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը։

Գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ շաբաթ օրը հավաքվել էին կառավարության շենքի դիմաց: Նրանց 5 հոգանոց պատվիրակությանն ընդունել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը և էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը։

«Շաբաթ օրը վարչապետը մեզ ասաց, որ երկուշաբթի մենք կստանանք մեկ ամսվա աշխատավարձը, սակայն այսօր արդեն ֆիզիկապես դա հնարավոր չէ, ֆինանսական գործընթացը դրվել է շրջանառության մեջ, հուսանք, որ վաղը կստանանք»- ասաց Հարությունյանը։

Այսօր առավոտյան «Նաիրիտի» աշխատակիցները կրկին հավաքվել են գործարանի բակում։ Ըստ Անուշ Հարությունյանի՝ ժողովի ընթացքում որոշվել է ստեղծել կազմկոմիտե, որը պետք է կազմակերպի հետագա անելիքները, մշակի բողոքի ակցիաների ժամանակացույցը։

Աշխատակիցների հետ հանդիպել է նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Սաղաթելյանը։ Վերջինս փոխանցել է, որ ամբողջական աշխատավարձերը վճարելու ուղղություններ կան, սակայն ժամկետներ չի նշել։ Անուշ Հարությունյանի պնդմամբ՝ Սաղաթելյանը որևէ նոր բան չի ասել, և հենց այդ հանգամանք էլ անհանգստացնող է։

«Եթե ժամկետներ չկան, դու չգիտես թե ինչքան կարող է դա ձգվել, թեև ճանապարհներ ինքը նշում է, այդ ճանապարհները մենք էլ գիտեինք, մենք հասկանում ենք, որ մինչև մեր բարձրաձայնելն էլ այդ ճանապարհները կային, կառավարությունը դրա վրա ուշադրություն չէր դարձնում»,- ասաց Հարությունյանը:

Գործարանի խոսնակն ասում է՝ այդ ուղղությունները երկուսն են՝ «Նաիրիտ-2» պարտքը, որը կազմում է 4 մլրդ 150 միլիոն դրամ, և երկրորդը «Նաիրիտ ՓԲԸ»-ի պարտքն է՝ 800 մլն դրամ։

«Այս գումարն ընդհանուր կազմում է մոտ 5 մլրդ դրամ, սա այն գումարն է, որը պետությունը պարտք է «Նաիրիտ» գործարանին, իսկ մեր աշխատավարձերի պարտքը կազմում է 6 միլիարդից մի փոքր ավելի, այսինք մոտ 80 տոկոսի խնդիրը լուծված է։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասում է՝ ես հիմա այդ հարցը չեմ կարող լուծել, ինչը որ դուք հիմա ասում եք»,- նշեց Հարությունյանը:

Անկախ այն հանգամանքից՝ նրանից վաղը կվճարվի մեկ ամսվա աշխատավարձ, թե՝ ոչ, Հարությունյանը վստահեցնում է՝ իրենք շարունակելու են բողոքի ակցիաները և վճռականորեն պահանջելու են իրենց հասանելիք 18 ամսվա աշխատավարձը։ Առաջիկա օրերին ձևավորված կազմկոմիտեն կհրապարակի գործողությունների ծրագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG