Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Բարեփոխումներն արդյունավետորեն շարունակվելու են»


Հայաստան -- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի (կենտրոնում) խոսքը ՀՀԿ խորհրդի նիստում, Երևան, 13-ը ապրիլի, 2014թ․
Հայաստան -- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի (կենտրոնում) խոսքը ՀՀԿ խորհրդի նիստում, Երևան, 13-ը ապրիլի, 2014թ․
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրված Հովիկ Աբրահամյանի կառավարության առաջնահերթություններից են լինելու Մաքսային միությանը միանալու աշխատանքները ավարտին հասցնելը և պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը, ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:

«Վերջին օրերի ընթացքում պարոն Աբրահամյանի հետ մենք երկար ենք խոսել ներկայի ու մեր ապագա ծրագրերի մասին: Ես անկեղծորեն ներկայացրել եմ բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ մեր թիմակիցների մոտ՝ կապված ներթիմային միասնականության, այլ քաղաքական ուժերի հետ մեր հարաբերություն ների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ», - վարչապետի պաշտոնում ներկայացնելով ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը՝ ասել է Սերժ Սարգսյանը, - «Մեր շարքերում առկա հնարավոր մտահոգությունները պարոն Աբրահամյանը խոստացել է շատ արագ փարատել: Ես վստահ եմ, որ բոլորը շատ արագ հասկանալու են, որ Հայաստանի Հանրապետությունն իսկապես արդյունավետ վարչապետ ունի»:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հովիկ Աբրահամյանի հետ պայմանավորվել են մի շարք «աշխատանքային առաջնահերթությունների ու ոճի մասին»:

«Մաքսային միությանը միանալու աշխատանքները նոր թափով են շարունակվելու և ակտիվ գործողություններով բարեհաջող ավարտին է հասցվելու այս կարևորագույն աշխատանքը», - նշել է Սերժ Սարգսյանը ու հավելել․ - «Իրականացվող բարեփոխումներն արդյունավետորեն շարունակվելու են. նկատի ունեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը, նկատի ունեմ կրթական բարեփոխումների շարունակությունը, նկատի ունեմ հարկային և մաքսային համակարգերում կատարելագործման աշխատանքների հաստատակամորեն շարունակությունը. ես նկատի ունեմ շրջանառությունների փաստաթղթավորումը, պարտադիր պիտակավորումը, կանխիկ շրջանառության սահմանափակումը և հաշվիչ դրամարկղային մեքենաների ներդրման ավարտը բոլոր ոլորտներում, նկատի ունեմ, իհարկե, նաև տեսչական բարեփոխումների ավարտը»:
Հայաստան -- ՀՀԿ խորհրդի նիստ, Երևան, 13-ը ապրիլի, 2014թ․
Հայաստան -- ՀՀԿ խորհրդի նիստ, Երևան, 13-ը ապրիլի, 2014թ․
Նախագահը հավելել է, որ կադրային հարցերում վարչապետն ունենալու է «բարձր աստիճանի ազատություն»․ «Պահպանելով լավագույններին՝ անկախ հայացքներից, առաջադրելով նորերին՝ հնարավորինս զերծ մնալով «ծանոթ-բարեկամ» նշանակումներից»:

«Վերաամրագրել ենք կարևորագույն առաջնահերթություն բոլորի համար՝ պետական բյուջեն անձեռնմխելի է, կաշառքն՝ արգելված»,- ասել է Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, և նշել, նա անցնելու է «չափազանց կարևոր» դիվանագիտական աշխատանքի:
XS
SM
MD
LG